
Վեպի գործողությունները տեղի
են ունենում 1923 թվականին Լոնդոնում և տևում են մեկ օր: «Գիտակցության հոսքի» տեխնիկան
թույլ է տալիս գործողության ընթացքին զուգահեռ ներկայացնել նաև դրվագներ հերոսների
անցյալից:
50-ամյա Կլարիս Դելոուեյը՝
Ռիչարդ Դելոուեյի՝ պառլամենտի անդամի կինը, առավոտից պատրաստվում է երեկոյան իր տանը
կազմակերպվելիք ընդունելությանը, որտեղ պիտի հավաքվի անգլիական բարձրաշխարհիկ սերուցքը:
Գնում է ծաղկի խանութ: Ճանապարհին հանդիպում է Հյու Ուիթբրեդին, որին ճանաչում է մանկուց
և ով հիմա բարձր պաշտոն է զբաղեցնում թագավորական պալատում: Նրան ինչպես միշտ զարմացնում
է Հյուի էլեգանտ տեսքը: Հյուի կողքին նա իրեն միշտ դպրոցական աղջիկ է զգացել: Հիշում
է, որ երիտասարդ ժամանակ, երբ ապրում էր Բորտոնում, նրան էր սիրահարված Պիտեր Ուոլշը:
Պիտերը միշտ խանդում էր Կլարիսին Հյուի հանդեպ: Մտնում է ծաղկի խանութ և փունջ ընտրում:
Փողոցում լսվում է կրակոց հիշեցնող ձայն: Ուելսի արքայազնի ավտոմեքենան հարվածել է
մայթին: Տեսարանին ներկա է 30-ամյա դալուկ դեմքով Սեփտիմուս Ուորեն Սմիթը: Նա զբոսնում
էր իր կնոջ՝ Լուկրեցիայի հետ, որին 5 տարի առաջ բերել է Իտալիայից: Արքայազնի ավտոմեքենայի
հարվածից 5 րոպե առաջ նա ասել է կնոջը, որ ինքնասպան կլինի: Լուկրեցիան վախենում է,
որ մարդիկ կլսեն նրա խոսքերը և տանում է ամուսնուն: Այդպիսի նյարդային նոպաները Սեփտիմուսի
մոտ հաճախակի են: Նրան թվում է, թե տեսնում է մեռած մարդկանց, որոնք խոսում են նրա
հետ: Լուկրեցիան այլևս չի դիմանում այդ մղձավանջին: Մտովի բարկանում է բժիշկ Դոումի
վրա, որը պնդում է, թե իր ամուսնու հետ ամեն բան կարգին է: Խղճում է ինքն իրեն, կարոտում
Միլանը, քույրերին և իրենց հյուսած ծղոտե գլխարկները: Ամուսինը իրեն չի սիրում:
Տիկին Դելոուեյը ծաղկեփունջը
ձեռքին մտնում է տուն: Հեռախոսի կողքին դրված է գրություն, որից իմանում է, որ զանգահարել
է լեդի Բրութնը և փորձել պարզել, թե նախաճաշելու է արդյոք պարոն Դելոուեյը այսօր իր
հետ: Հիշում է իր երիտասարդությունը՝ Բորտոնը, որտեղ ապրում էր հոր հետ, ընկերուհուն՝
Սալի Սեթոնին, Պիտեր Ուոլշին: Սկսում է նորոգել իր իրիկնային զգեստը: Հնչում է դռան
զանգը: Եկել է Պիտեր Ուոլշը: 52 տարեկան տղամարդը հենց նոր է վերադարձել Հնդկաստանից:
Լոնդոն է վերադարձել բաժանության հարցերը կարգավորելու, որովհետև պատրաստվում է ամուսնանալ
երկրորդ անգամ: Պահպանել է ծալովի դանակով խաղալու սովորությունը: Հանկարծ Պիտերը սկսում
է լաց լինել: Կլարիսը հանգստացնում է նրան, համբուրում է ձեռքը: Մտածում է, որ եթե
ամուսնանար Պիտերի հետ, այդ ուրախությունը միշտ իր հետ կլիներ: Գալիս է դուստրը՝
17-ամյա Էլիզաբեթը: Կլարիսը հրավիրում է Պիտերին իր երեկույթին: Պիտերը քայլում է Լոնդոնի
փողոցներով և մտածում է, որ մարդիկ իր բացակայության ընթացքում փոխվել են: Զբոսայգում
նստարանին նա քնով է անցնում և երազում տեսնում է, որ Բորտոնում է, Դելոուեյը սկսում
է պտտվել Կլարիսի շուրջ և վերջինս հրաժարվում է ամուսնանալ իր հետ: Զարթնելով Պիտերը
տեսնում է Սեփտիմուսին և Լուկրեցիային: Նրանք գնում են բժիշկի: Սեփտիմուսը հիվանդացել
է պատերազմի ժամանակ, երբ կորցրեց իր ընկերոջը: Բժիշկ Բրեդշոուն խորհուրդ է տալիս տեղավորել
Սեփտիմուսին հոգեբուժարան: Լուկրեցիան հուսահատ է:
Նախաճաշի ժամանակ լեդի Բրուտնը
հաղորդում է պարոն Դելոուեյին, որ վերադարձել է Պիտեր Ուոլշը: Ռիչարդ Դելոուեյը տան
ճանապարհին ցանկանում է մի որևէ գեղեցիկ իր գնել Կլարիսին: Գնում է կարմիր և սպիտակ
վարդերի փունջ: Կլարիսը երջանիկ է: Նրա դուստրը իր սենյակում պարապում է իր ուսուցչուհու
հետ, որին Կլարիսը ատում է՝ իր դստերը «գողանալու» համար:
Լուկրեցիան նստած է տանը Սեփտիմուսի
հետ և գլխարկ է պատրաստում իր ծանոթներից մեկի համար: Լսվում է դռան զանգը: Բժիշկ Դոումն
է: Լուկրեցիան իջնում է նրա մոտ, որպեսզի չթողնի Սեփտիմուսի մոտ: Բժիշկը փորձում է
մի կողմ հրել աղջկան և առաջ անցնել: Սեփտիմուսը սարսափահար է: Նա դուրս է նետում իրեն
պատուհանից և մեռնում է:
Դելոուեյների մոտ սկսում են
հավաքվել հյուրերը: Սրահը լցվում է: Գալիս է անգամ վարչապետը: Սակայն Կլարիսը նկատում
է, որ հյուրեր ընդունելը նախկինի պես չի ուրախացնում իրեն: Երբ հայացքով հրաժեշտ է
տալիս վարչապետին, մտածում է, որ սա հիշեցնում է իրեն Էլիզաբեթի ուսուցչուհուն: Հյուրերի
թվում է նաև բժիշկ Բրեդշոուն: Պատմում է Սեփտիմուս Սմիթի ինքնասպանության մասին: Բժիշկի
մեջ ոչ բարի ինչ-որ բան կա: Գալիս են Պիտերը և Սալին՝ Կլարիսի մանկության ընկերուհին:
Պիտերը սպասում է, թե երբ Կլարիսը կմոտենա իրեն: Զգում է վախ և երանություն: Չի հասկանում,
թե ինչն է իրեն այդպես շփոթեցնում: Պատճառը Կլարիսն է: Եվ Պիտերը տեսնում է Կլարիսին:
Վիրջինիա Վուլֆ | Միսիս Դելոուեյ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 11, 2015
Rating:
