
Տասներկուերորդ դարի երկրորդ
կեսին Մխիթար Հերացին ձեռք է բերում անվանի բժիշկի հռչակ: Յուրացնելով հույն Հիպոկրատի,
հռոմեացի Գալենի և արաբ Ավիցեննայի ուսմունքները և հետազոտելով զանազան բույսերի կազդուրիչ
հատկությունները, կիրառում է դրանք այլևայլ հիվանդությունների բուժման մեջ: Նույն դարի
վերջերին Մխիթար Հերացին ամփոփում է իր ուսումնասիրությունները «Ջերմանց մխիթարություն»
տրակտատում: Գիրքն այդպես է վերնագրված, որպեսզի մխիթարի բժշկին ուսմամբ, իսկ հիվանդին՝
առողջությամբ (ուշագրավ է բառի համընկնությունը բժիշկի անվան հետ):
Իր տրակտատում Հերացին անդրադառնում
է Դաշտային Կիլիկիայի խոնավ կլիմայական պայմաններում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների
դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման
հարցերին: Տենդային հիվանդությունները բաժանվում են երեք խմբի՝ «միօրյա», «բորբոսային»
և «հալումաշ անող»: Հատկապես ուշագրավ է տեսությունը «բորբոսային» տենդի մասին, ըստ
որի` նշված տենդը վարակիչ է, իսկ դրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ
գոյացող բորբոսն է, որը, կուտակվելով որևէ գործարանում, առաջ է բերում այս կամ այն
հիվանդությունը: Սա վարակական պրոցեսի ճշգրիտ նկարագրություն է, որը տրված է դեռ մանրէների
հայտնագործումից շատ առաջ: «Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրում
է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը
և կարմրուկը: Տենդային հիվանդությունների դասակարգումը հիմնվում է ոչ միայն ախտաբանական
ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ
հետազոտման վրա:
Հերացին մշակել է բուժման համալիր
համակարգ, որը հիմնվում է դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության
և ֆիզիկական զբաղվածության միջոցների վրա: Լուրջ ուշադրություն է հրավիրվում նաև հոգեբուժության
միջոցների վրա, օրինակ՝ ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը:
Հերացու «Ջերմանց մխիթարությունը»
դարեր շարունակ եղել է հայ բժիշկների «Աստվածաշունչը»: Հերացին մեծ աշխատանք է կատարել
նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը գործածվում է նաև
այսօր:
Տես նաև Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը»
Մխիթար Հերացի «Ջերմանց մխիթարություն» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 12, 2015
Rating:
