
Գործողությունները տեղի են ունենում գավառական քաղաքում վաղ
աշնանը: Պատմում է Գ-վ-ը, որը իրադարձությունների մասնակից է: Նախ պատմում է Ստեպան
Տրոֆիմովիչ Վերխովենսկու՝ քառասունականների իդեալիստի մասին և նրա բարդ պլատոնական
հարաբերությունների Վարվարա Պետրովնա Ստավրոգինայի հետ: Վերխովենսկու շուրջ խմբվում
է տեղի լիբերալ տրամադրված երիտասարդությունը: Նա խորաթափանց է, գիտի խոսել: Վեպի հերոսներից
շատերի դաստիարակն է: Նախկինում եղել է գեղեցիկ, իսկ հիմա չարաշահում է շամպայնը և
թղթախաղը:
Սպասվում է Նիկոլայ Ստավրոգինի այցը: Սա «ռոմանտիկական և
խորհրդավոր անձ» է, որի մասին տարբեր լուրեր են պտտվում: Ծառայել է պատվավոր գնդում,
մենամարտ է ունեցել, վտարվել է գնդից, տրվել է այլասերված կյանքի: Չորս տարի առաջ նա
եղել է հայրենի կալվածքում և վատ համբավ է ձեռք բերել: Քաշքշել է Գագանովի քթից, կծել
է գավառապետի ականջը, համբուրել է ուրիշի կնոջը… Այն ժամանակ ամեն բան վերագրվեց սպիտակ տենդին,
որից նա իբր բուժվեց և հեռացավ արտասահման:
Նրա մորը՝ Վարվարա Պետրովնային անհանգստացնում է որդու ուշադրությունը իր դաստիարակած Դարյա Շատովայի նկատմամբ: Ինքը մտադիր է ամուսնացնել որդուն Լիզա Տուշինայի
հետ: Որոշում է Դարյային ամուսնացնել Ստեպան Տրոֆիմովիչի հետ:
Տաճարում Վարվարա Պետրովնային է մոտենում Մարյա Տիմոֆեևնա
Լեբյադկինան՝ կաղ աղջիկը, և համբուրում է նրա ձեռքը: Տիկինն իր տուն է հրավիրում աղջկան.
նրանց հետ է գալիս նաև Լիզա Տուշինան: Բանն
այն է, որ վերջերս Վարվարա Պետրովնան անանուն նամակ է ստացել, որում ասվում
է, որ նրա ճակատագրում մեծ դեր է խաղալու կաղ մի կին: Կալվածքում է Ստեպան Տրոֆիմովիչը,
որը հենց այդ օրը պիտի առաջարկություն անի Դարյային և Մարյայի եղբայրը՝ կապիտան Լեբյադկինը,
որը խոսում է իր հատուկ իրավունքների մասին: Հանկարծ հայտնում են Նիկոլայ Ստավրոգինի
ժամանման մասին: Դա զարմանալի է, որովհետև նա պիտի գար միայն մեկ ամսից: Ներս են մտնում
Ստավրոգինը և Պյոտր Վերխովենսկին, Ստեպան Տրոֆիմովիչի որդին: Վարվարա Պետրովնան իսկույն
հարցնում է որդուն, իսկ չի հանդիսանում նա արդյոք Մարյայի ամուսինը: Ստավրոգինը համբուրում
է մոր ձեռքը և դուրս է գալիս Լեբյադկինայի հետ: Նրա բացակայությամբ կրտսեր Վերխովենսկին
պատմում է, որ Ստավրոգինը կաղ կնոջը այնպիսի գեղեցիկ պատմություն է հաղորդել, որ սա
երևակայել է նրան իր փեսացուն: Խստորեն հարցնում է Լեբյադկինին, ճիշտ է արդյոք դա,
և սա վախեցած հաստատում է: Երբ Ստավրոգինը սենյակ է վերադառնում, նրան է մոտենում Շատովը
և ապտակում է: Ստավրոգինը բռնում է նրան, սակայն ասես ինչ-որ բան հիշելով բաց է թողնում:
Լիզա Տուշինան, որը սառնասիրտ չէ Ստավրոգինի նկատմամբ, ուշագնաց է լինում:
Անցնում է 8 օր: Ստավրոգինը փակվում է և ոչ ոքի չի ընդունում:
Երբ նրա մեկուսացումն ավարտվում է, նրա մոտ է թափանցում Պյոտր Վերխովենսկին: Համոզում
է իր հետ մասնակցել գաղտնի ընկերության հավաքին: Ստավրոգինը այցելում է ինժեներ Կիրիլովին:
Կիրիլովը դավանում է իր հին գաղափարը: Պետք է ազատվել Աստծուց, այն է՝ մահվան վախի
ցավից: Ինքնասպանությունը միակ միջոցն է: Այդպես դառնում են մարդաստված:
Ստավրոգինը բարձրանում է նույն տան մեջ ապրող Շատովի մոտ
և ասում նրան, որ իսկապես ամուսնացած է Լեբյադկինայի հետ և այդ մասին պատրաստվում է
հայտնել հրապարակավ: Նաև զգուշացնում է Շատովին, որ նրան պատրաստվում են սպանել: Շատովը,
որի համար Ստավրոգինը մի ժամանակ մեծ հեղինակություն էր, կիսվում է աստվածաբեր ժողովրդի
իր գաղափարի մասին: Աստվածաբեր է համարում ռուս ժողովրդին: Այն հարցին, թե հավատում
է արդյոք Աստծուն, Շատովը պատասխանում է, որ կհավատա Աստծուն:
Նույն գիշերը Ստավրոգինը ուղևորվում է Լեբյադկինի մոտ և ճանապարհին
հանդիպում է փախստական Ֆեդկա Կալանավորին, որին ուղարկել է Պյոտր Վերխովենսկին: Դրամի
դիմաց սա պատրաստ է կատարել տիրոջ ամեն ցանկություն, սակայն Ստավրոգինը քշում է նրան:
Լեբյադկինին ասում է, որ հայտնելու է Մարյայի հետ իր ամուսնության մասին, որը տեղի
է ունեցել հարբած գրազի արդյունքում: Մարյա Լեբյադկինան Ստավրոգինին է պատմում չար
երազի մասին: Ստավրոգինը հարցնում է, պատրաստ է արդյոք գալ իր հետ Շվեյցարիա և ապրել
մեկուսի: Կաղ կինը սկսում է բղավել, որ Ստավրոգինը իր ընտրյալը չէ, որ նա սիրում էր
բազեի, իսկ սա ինքնակոչիկ է, որի գրպանում դանակ է: Ստավրոգինը հեռանում է և ճանապարհին
պատահած Ֆեդկային դրամ է տալիս:
Հաջորդ օրը տեղի է ունենում Ստավրոգինի և տեղի ազնվական Գագանովի
մենամարտը: Գագանովը 3 անգամ վրիպում է, իսկ Ստավրոգինը 3 անգամ օդ է կրակում:
Քաղաքում անհանգիստ է: Փակված ֆաբրիկայի բանվորները ցույցեր
են անում: Այրել են երկու սրբապատկեր և մոմ են վառել Ֆոխտի, Մոլեշոտի և Բյուխների երկերի
առաջ:
Վարվարա Պետրովնան, իմանալով, որ Ստեպան Տրոֆիմիչը որդուն
գրած նամակներում բողոքել է, որ իրեն ուզում են ամուսնացնել, նշանակում է նրան թոշակ
և հայտարարում հարաբերությունների խզման մասին:
Այդ ընթացքում կրտսեր Վերխովենսկին ծավալում է բուռն գործունեություն:
Նա հաճախ է լինում գավառապետի տանը և օգտվում է վերջինիս կնոջ հովանավորությունից:
Գավառապետին նա ասում է, որ բացահայտել է գաղտնի ընկերություն և տալիս է Կիրիլովի և
Շատովի անունները: Խնդրում է 6 օր գործը մինչև վերջ հասցնելու համար:
Գաղտնի հավաքի ժամանակ Պյոտր Վերխովենսկին հարցնում է ներկաներին,
կհայտնեի՞ն արդյոք իրավապահներին իմանալիք քաղաքական սպանության մասին: Շատովը սրիկա
է անվանում Վերխովենսկուն և հեռանում է: Վերջինս հենց դա էր ուզում: Շատովը կդառնա
զոհ և նրա արյունը կմիավորի գաղտնի ընկերության մյուս հինգ անդամներին: Նա դուրս է
գալիս Կիրիլովի և Ստավրոգինի հետ, որոնց պատմում է սեփական ծրագրերի մասին: Պետք է
սերմանել մեծ քաոս, որը թույլ կտա կատարել վերափոխություններ: Մարդիկ կզգան Աստծո կարիքը
և կհայտնվի նա՝ Ստավրոգինը, որին Վերխովենսկին կոչում է Իվան-արքա:
Տոն է: Ստեպան Տրոֆիմովիչը նիհիլիստների հարձակումներից պաշտպանում
է Ռաֆայելին և Շեքսպիրին: Սուլում են: Նա հեռանում է: Հայտնի է դառնում, որ Լիզա Տուշինան
նստել է Ստավրոգինի կառքը և նրա հետ հեռացել Սկվորեշնիկի կալվածքը: Լուր է հասնում
ֆաբրիկայի բանվորների կազմակերպած հրդեհի, ինչպես նաև կապիտան Լեբյադկինի, նրա քրոջ
և աղախնի սպանության մասին: Գավառապետը շտապում է հրդեհի վայրը, որտեղ նրա վրա գերան
է ընկնում, և նա մեռնում է:
Սկվորեշնիկիում Լիզան ասում է Ստավրոգինին, որ ուզում է թողնել
նրան: Հայտնվում է Պյոտր Վերխովենսկին: Պատմում է սպանությունների մասին: Ստավրոգինը
Լիզային ասում է, որ ինքը չի սպանել: Լիզան փախչում է: Ճանապարհին հանդիպում է տենդագին
Ստեպան Տրոֆիմովիչին, որն իր խոսքերով դուրս է եկել փնտրելու Ռուսաստանը: Երբ Լիզան
հասնում է հրդեհի վայր, նրա վրա սկսում են քարեր նետել, որպես Ստավրոգինի հանցակցի:
Պյոտր Վերխովենսկին շարունակում է իր գործունեությունը: Նա
գաղտնի ընկերության անդամներին համոզում է, որ մատնիչը Շատովն է և նրան հարկ է վերացնել:
Մեղքը իր վրա պիտի վերցնի Կիրիլովը, որը ուզում է ինքնասպան լինել և կարող է իր վրա
վերցնել ուրիշի արյունը: Կիրիլովի մոտ է Ֆեդկա Կալանավորը, որը օղի է խմում: Վերխովենսկին
սպառնում է նրան ատրճանակով և արգելում առանց իր ցուցման հայտնվել մարդկանց մեջ: Ֆեդկան
հարվածում է նրան և փախչում: Առավոտյան Ֆեդկային գտնում են մեռած՝ կոտրված գլխով:
Շատովին նույնպես ատրճանակից սպանում է Վերխովենսկին: Նրան
գցում են լիճը, իսկ Վերխովենսկին շտապում է Կիրիլովի մոտ: Սա գրում է նամակ, որ ինքն
է սպանել Շատովին և ինքնասպան է լինում: Վերխովենսկին հավաքում է իրերը և մեկնում է
նախ Պետերբուրգ, իսկ հետո արտասահման:
Ստեպան Տրոֆիմովիչը մահանում է մի գյուղական խրճիթում: Նա
համեմատում է Ռուսաստանը Նոր Կտակարանում նշվող մոլագարի հետ, որից Քրիստոսը հանում
է դևերին և սրանք մտնում են խոզերի մեջ: Վերխովենսկուց բացի գաղտնի ընկերության բոլոր
անդամները ձերբակալվում են: Դարյա Շատովան նամակ է ստանում Ստավրոգինից, որը գրում
է, որ իր միջից դուրս է հոսում միայն բացասում և չկա ուժ և մեծահոգություն: Նա կանչում
է Դարյային իր մոտ Շվեյցարիա, որտեղ տուն է գնել: Դարյան նամակը ցույց է տալիս Վարվարա
Պետրովնային, բայց հանկարծ նրանք իմանում են, որ Ստավրոգինը հայտնվել է Սկվորեշնիկիում:
Շտապում են այնտեղ և գտնում Շվեյցարիայի քաղաքացուն ինքնասպան եղած:
Ֆյոդոր Դոստոևսկի | Դևեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 17, 2015
Rating:
