
«Էթիկան» գրված է Էվկլիդեսի «Սկզբունքների» ոճով: Այն բաղկացած
է սահմանումներից, աքսիոմներից, ապացույցներից և պարզաբանումներից: Խոսքը դեդուկտիվ-երկրաչափական
մեթոդի մասին է, որը կիրառում էր Դեկարտը և որն շատ բարձր էր գնահատում Հոբսը:
Սպինոզան նախ սահմանում է սուբստանցը, որը մետաֆիզիկայի կորիզն
է: Դեռ Արիստոտելն է նշում, որ գոյության մասին հարցը համարժեք է սուբստանցի մասին
հարցին: Գոյությունը կա՛մ սուբստանց է, կա՛մ սուբստանցի դրսևորում: Սպինոզան համաձայն
է սրան: Դեկարտը, ինչպես և անտիկ փիլիսոփաները գտնում է, որ սուբստանցները բազմաթիվ
են: Դրանք լինում են մտածողական և մարմնավոր: Սուբստանցը նա սահմանում էր որպես իր,
որն իր գոյության համար ունի միայն ինքն իր կարիքը: Սպինոզայի համոզմամբ այդպիսին կարող
է լինել միայն Աստված: Հետևաբար սուբստանցի դեկարտյան բազմակիությունը մերժվում է:
Գոյություն ունի միայն մեկ սուբստանց և դա Աստված է: Իր գոյության համար այն բացի ինքն
իրենից ուրիշ ոչինչի կարիք չունի: Այն ինքն իր պատճառն է (causa sui): Իսկ Դեկարտի
մտածողական և մարմնավոր չափումները Սպինոզան հասկանում է որպես սուբստանցի անթիվ ատրիբուտներից
երկուսը: Իրերը և մտքերը նա համարում է սուբստանցի մոդուսներ: Սպինոզայի Աստծո գոյության
ապացույցը ըստ էության գոյաբանական է: Աստծո մասին չի կարելի մտածել որպես ինքն իր
պատճառի և չընդունել դրա գոյությունը: Սա բիբլիական Աստված է, որը տեղավորված է մետաֆիզիկական
շրջանակի մեջ: Աստծո արարումը իմանենտ պրոցես է: Դա գոյության բացարձակ անհրաժեշտություն
է, որը համընկնում է ազատության հետ: Ֆրիդրիխ Նիցշեն կոչում էր այս անհրաժեշտությունը
ճակատագրին ասված «այո»:
Անվերջ Աստված դրսևորվում է բազմաթիվ ատրիբուտների և մոդուսների
մեջ: Ատրիբուտները անվերջ սուբստանցի դեպքում անթիվ են: Մեզ հայտնի են միայն երկուսը՝
մտածողությունը և մարմնավորությունը: Մոդուսը սուբստանցի վիճակն է, մի բան, որի միջոցով
սուբստանցը պատկերացվում է: Ատրիբուտներն անվերջ են, իսկ մոդուսները՝ վերջավոր: Թերևս,
կան նաև անվերջ մոդուսներ՝ անվերջ բանականությունը, անվերջ կամքը…
Ինչպե՞ս է անվերջ սուբստանցի պայմաններում գոյանում վերջավոր
մոդուսը: Այդ հարցը Սպինոզան չի լուծում: Աստված natura naturans է, իսկ աշխարհը՝
natura naturata: Առաջինը սերող է, իսկ երկրորդը սերված: Մտածողության և տարաձգության
ատրիբուտների միջև չկան հաղորդակցության կետեր: Նրանց միջև, քանի որ դրանք պատկանում
են նույն աստվածային սուբստանցին, գործում է զուգահեռականության կարգ: Ամեն գաղափար
գոյություն ունի նաև իրերի կարգում: Իրերը և գաղափարները միևնույն օբյեկտիվության երկու
տարբեր ասպեկտներն են:
Ճանաչողությունն ունի երեք աստիճան՝ կարծիքի (երևակայության),
ռացիոնալ և ինտուիտիվ յուրացման: Երրորդը թույլ է տալիս հասկանալ, որ բոլոր իրերը արտաբխում
են Աստծուց: Ամեն համարժեք ճանաչողություն ենթադրում է Աստծո ճանաչողություն: Դա նշանակում
է սեփական ինքնության ճանաչողություն որպես գոյության, որը Աստծո գոյության մեջ է:
Մարդու հոգին անվերջ բանականության մասն է և պիտի անհրաժեշտ մաքրության և հստակության
հասցնի սեփական գաղափարները: Համարժեք ճանաչողության մեջ պատահականություն չկա: Ամեն
բան անհրաժեշտ է: Հոգում չկա բացարձակ և ազատ կամք: Կամենում են ինչ-որ պատճառով, որը
որոշարկված է մեկ ուրիշ պատճառով և այդպես անվերջ:
Մարդկային կրքերը, արատները և խելահեղությունները Սպինոզան
վերլուծում է երկրաչափական մեթոդի օգնությամբ: Սրանք առաջ են գալիս ոչ թե պակասավորությունից
և անկարողությունից, այլ հակումից: Մտածողության ոլորտում այս հակումը կոչվում է կամք,
իսկ մարմնավոր ոլորտում՝ տենչանք: Որպես բնական աշխարհի երևույթներ կրքերը անսանձ են:
Մարդը գիտակցում է միայն իր գործողությունները, բայց ոչ դրանց պատճառները: Այսպես,
շատ սրիկաների սրիկայությունների պատճառներն իմանալուց հետո մենք ավելի քիչ կատեինք
նրանց:
Բնության մեջ չկա չարիք և բարիք, ինչպես և նպատակներ: Կատարյալը
և անկատարը սոսկ մարդկային վերջավոր մտածողության կատեգորիաներ են: Կատարելությունը
և իրականությունը նույնն են:
Դեռ Սոկրատեսն է ասել, որ արատավորությունը տգիտություն է,
իսկ առաքինությունը՝ իմացություն:
Շատ դժվար է խանգարել իմաստունի հանգիստը: Իմաստուն դառնալու
ճանապարհը դժվար է, սակայն հաղթահարելի: Ամենայն ճշմարիտ բան դժվարահասու է:
Բենեդիկտ Սպինոզա | Էթիկա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 16, 2015
Rating:
