
Պոլիբիոսի «Ընդհանուր պատմությունը» բաղկացած է 40 գրքերից
և ներկայացնում է Միջերկական տարածքի պատմությունը Ք. ա. 220-146 թթ.: Ամբողջությամբ
պահպանվել են աշխատության միայն առաջին 5 գրքերը: Մյուսները հայտնի են տասներորդ դարի
բյուզանդացի ուսյալների մանրամասն վերաշարադրանքներից:
Պոլիբիոսը, ձգտելով վերականգնել նկարագրվող անցքերի ամբողջական
պատկերը, շատ է շրջել և հավաքել է ականատեսների պատմությունները:
Պատմության սկիզբը Ք. ա. 220 թ. Իսպանիայի նվաճումն է կարթագենցի
զորավար Հաննիբալի կողմից: Պատմիչը մտադիր էր իր «Պատմությունը» հասցնել մինչև 168
թ., երբ տեղի ունեցավ Պիդնի ճակատամարտը: Հետագայում աշխատելով գրքի վրա, հեղինակը
որոշում է հասցնել իր պատմությունը մինչև Կարթագենի անկումը Ք. ա. 146 թ.: Պոլիբիոսը
նպատակ է ունեցել ներկայացնել, թե ինչպես ողջ հայտնի աշխարհը 53 տարվա ընթացքում ենթարկվեց
Հռոմի իշխանությանը: Աշխատությունը հասցեագրված է հույներին, որոնք պիտի իմանան, թե
ինչպես պետք է հարաբերվել հռոմեացիների հետ: «Պատմությունը» ընդհանուր է կոչվում, որովհետև
պատմիչի կյանքի օրոք ողջ Միջերկրական աշխարհը միավորված էր Հռոմեական հեգեմանիայի ներքո
և կազմում էր միասնություն:
Պոլիբիոսը քննադատում է իր նախորդներին՝ հատկապես Փիլարքոսին,
օգտագործած չափազանցությունների և անեկդոտների համար: Նա գնահատում է պատմությունը
բարոյախրատական տեսանկյունից և առաջինն է սահմանում ամբողջական պատմագրական կոնցեպցիա:
Պատմության շարժիչ ուժը ֆորտունան է: Աշխարհի տիրակալությունը պատկանում է ուժին և
բանականությանը: Բարոյական վեհությանը պատմիչը մեծ նշանակություն չի տալիս: Պատմության
բեմահարթակը ոչ թե բարոյական, այլ մեխանիկական սկզբուքների գործադրման վայր է:
Պոլիբիոսի «Ընդհանուր պատմության» առաջին երկու գրքերը ներածություն
են, որտեղ հեղինակը մանրամասնորեն պատմում է պունիկյան պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների
մասին Աֆրիկայում, Իտալիայում և Հունաստանում: Երրորդ գրքից մինչև երեսուներորդ գիրքը
նա շարադրում է իր երկի հիմնական թեման: Դա իր իմացած երկրների միավորումն է Հռոմեական
կայսրության դրոշի ներքո: Վերջին տասը գրքերում Պոլիբիոսը պատմում է այն դեպքերը, որոնց
մասնակիցն է եղել անձամբ: Չնայած օբյեկտիվության սեփական պահանջին, այստեղ զգալի է
նրա մեծ համակրանքը Սկիպիոն Աֆրիկացու նկատմամբ:
Պոլիբիոսը լայն տարածում է ստանում Վերածնության դարաշրջանում:
Նա իդեալական էր համարում հին հռոմեական պետական կարգը, որը միավորում էր միապետության,
դեմակրատիայի և օլիգարխիայի տարրեր: Շարունակելով Պլատոնի և Արիստոտելի ավանդույթը,
Պոլիբիոսը գտնում է, որ իշխող վարչակարգերը վեցն են: Միապետությունը, դեմոկրատիան և
արիստոկրատիան նա համարում է ճշմարիտ, իսկ օլիգարխիան, միապետությունը և օխլոկրատիան՝
արատավոր: Լուսավորության դարաշրջանում Պոլիբիոսին առանձնահատուկ նշանակություն է վերագրում Շառլ Լուի Մոնտեսքյոն:
Պոլիբիոս | Ընդհանուր պատմություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 20, 2015
Rating:
