
1877–78 թթ-ի ռուս-թուրքական
պատերազմի տարիներին նկատելի աշխուժանում է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը
լիահույս են, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից:
Վեպը սկսվում է Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ: Թվով 1000
հայ և ռուս զինվորների զորախումբը կանգնած է 20000 քրդական և թուրքական բանակի դեմ: Միջնաբերդում
չկա ջուր և պարեն: Հիվանդների ու վիրավորների թիվը հետզհետե աճում է, իսկ մոտակա աղբյուրից
ջուր բերելու փորձերի ընթացքում ամեն անգամ մոտ 20 զինվոր է զոհվում: Միջնաբերդում
ամրացած ուժերի ղեկավարը երդվում է չհանձնվել, քանի ողջ են: Զինվորների ոգին ըմկճվում
է, երբ ականատես են լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում են շրջակա հայկական բնակչությանը:
Վեպի հերոսը՝ Վարդանը, նույն ինքը՝ խենթը ոչ թե ցավով, այլ կատաղությամբ է հետևում
սպանդին: Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա արագորեն կմտնեին Երևան: Հարկ է
լինում օգնություն խնդրող նամակը դուրս բերել շրջափակող մահմեդականների օղակից և հասցնել
ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության:
Մահապարտի պարտականությունը համարձակվում է իր վրա վերցնել Վարդանը: Նա խենթ քուրդ
ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա
իր նամակն ապահով հասցնում Տեր-Ղուկասովին: Մեկ այլ խենթ է Միքայել Դուդուկջյանը, նույն
ինքը Սալմանը, պոլսեցի մի կիրթ երիտասարդ, ով անձնազոհաբար պայքար ու ազգային գիտակցություն
է քարոզում: Նա քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել
հայ մտածելակերպը: Շրջում է թռուցիկներ բաժանելով և բացատրելով, որ ազգերի կրթության
և ընդունակության համեմատ փոփոխվում են նրանց ինքնապաշտպանության զենքերը: Պայքարի
ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում:
Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին ընթերցողին է ծանոթացնում մի քանի
տարի դրանից առաջ կատարված դեպքերին: Պատերազմը դեռ չի սկսվել։ Ալաշկերտ գավառը ապրում
է իր սովորական առօրյայով։ Խաղաղ է նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։
Նրա հարկի տակ հաճախ հավաքվում են երկրի տարբեր կողմերից եկած հայ գործիչներ, որոնք
քննարկում են հայ ժողովրդի վիճակը և այդ կացությունից դուրս գալու ուղիները։ Խաղաղությունը,
սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ
կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ,
կեղեքում է յուրայիններին: Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Պարոն
Սալմանը՝ ի դեմս նրա երկու որդիների գտնելով համախոհներ: Ծերունի Խաչոն, արտահայտելով
հայ գյուղացիության ընդհանուր կարծիքը, այսպես է ասում. «Հիմա, որդի, հողը պատրաստ
չէ, ժողովուրդը պատրաստ չէ»: Սակայն հնչում է նաև հակառակ կարծիքը. «Երջանիկ է այն
ժողովուրդը, որ ատել գիտե: Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից»: Րաֆֆին
չափազանց դեմ է եկեղեցու կողմից քարոզված համբերությանը և հնազանդությանը: Սալմանի
բերանով նա ասում է. «Համբերությունը մահ է... գերեզմանի մեջ է միայն մարդ համբերող
դառնում: Մեր տանուտերերը, մեր վարդապետները մեզ համբերություն են քարոզում… Ախար նրանք
քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ: Եթե կա մի բան, որ կարող է
փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու
լիներ նա…»: Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը
գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Նրա աղջիկ
լինելը թաքցնում են՝ քրդերի չար նկրտումներից հեռու պահելու համար։ Լալայի աղջիկ լինելը
գիտեր և նրա վրա աչք ուներ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին։ Վերջինս էլ դառնում է տանուտեր
Խաչոյի բարեկեցիկ ընտանիքի քայքայման պատճառը։ Լալա-Ստեփանիկի աղջիկ լինելը գիտի նաև
Վարդանը և սիրում է նրան։ Սերը փոխադարձ է։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում
ձերբակալվում են Խաչոյի որդիները՝ Սալմանը, և Վարդանը: Լալան ստիպված փախուստի է դիմում,
որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքը: Քանի որ պատերազմն արդեն սկսվել է, և թուրքերի կոտորածներից
փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթի ճամփան է բռնել, Լալան նրանց հետ միասին
գաղթում է Արևելյան Հայաստան, Վաղարշապատ, ուր և ծանր հիվանդանում ու մահանում է: Վաղարշապատի
հայ հոգևորականության մասին խոսելիս Րաֆֆին արտահայտում իր հետևյալ միտքը «Մի ազգ,
որ հույսը դրել է միայն եկեղեցականների վրա, նրա կործանման սկիզբը մոտ է վախճանին»:
Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել է Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակը Տեր-Ղուկասովին
հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը:
Լալայի շիրիմը գրկած, ցավից ցնորված Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների
Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ:
Տես
նաև Դավիթ Բեկ, Սամվել, Կայծեր և
Խաչագողի հիշատակարանը
Րաֆֆի | Խենթը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 27, 2016
Rating:
