
1812-ին լույս տեսավ Հայների
«Պատանեկան տառապանքներ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը հետագայում նրա
այլ բանաստեղծական շարքերի («Քնարական ինտերմեցո», «Վերադարձ», «Հյուսիսային ծով»)
հետ կազմեց հանրահայտ «Երգերի գիրքը» մեծածավալ քնարական երկը: Հայնեն այստեղ հանդես
է գալիս որպես ռոմանտիկական գրականության ավանդույթների շարունակող: Դա հատկապես ուժեղ
է հնչում «Պատանեկան տառապանքներ» առաջին շարքում: Երիտասարդ բանաստեղծն օգտագործում
է ժողովրդական երգերի, իսպանական ռոմանսների, բալլադների տարրեր: «Երգերի գրքի» գլխավոր
թեման սերն է: Պատանեկան տառապանքների պատճառը ուրախություն չբերող անպատասխան սերն
է: Բանաստեղծի սիրտը մաշվում է վշտից: Սերը ստանում է ճակատագրական բնույթ: Միայն զգացմունքի
վրա ուշադրության ծայրաստիճան սևեռումը ոչնչացնում է իրականության և երազների միջև
գոյություն ունեցող սահմանները: Բաժիններից մեկը կրում է «Երազներ» խորագիրը: Բանաստեղծը
երազում տեսնում է գերեզմաններ, դագաղներից դուրս եկող ննջեցյալներին: Նա երազում է մահվան
մասին, հուսալով նրանում գտնել հանգստություն: Պատանի բանաստեղծի ավանդական-ռոմանտիկական
աշխարհզգացողության մեջ մուտք են գործում նոր երանգներ: «Երազում տեսնում եմ պճնամոլին»
բանաստեղծության մեջ առաջ է գալիս պճնամոլ երիտասարդի կերպարը, որ բանաստեղծի սիրած
աղջկան տանում է ամուսնական տաճար: Աշխարհի հետ բանաստեղծի անմիաբանությունը ոչ միայն
ռոմանտիկական վեհ հոգու հնամենի յուրահատկություն է, նրա արմատները թաքնված են հասարակական
կառուցվածքի հիմքում:
Իր հաջորդ՝ «Քնարական ինտերմեցո»
և «Վերադարձ» շարքերում Հայնեն լիովին ձեռք է բերում սեփական անկրկնելի գրելաոճը: Նա
հանդես է գալիս որպես սիրային հակիրճ բանաստեղծության վարպետ, որն իր զգացմունքներն
արտահայտում է ոչ թե հուզումնալից արտասանության միջոցով, այլ կարծես տողամիջում: Հոգեկան
ապրումների խորությունը վերարտադրվում է արտաքին աշխարհի նախանշանների միջոցով, ինչպես,
օրինակ, «Հնչում են նբագախմբի փողերը» պարզ ու թախծոտ բանաստեղծության տողերում.
Նվագում են փող ու ջութակ
Եվ շեփորները էլի,
Ու հարսնեպար է շարունակ
Պարում իմ սիրելին:
(Թարգմ.՝ Վ. Նորենցի)
Զուսպ խոսքերը, զուգորդվելով
փողի ու թմբուկի որոտի հետ, քառյակն օժտում են թախծալի երանգով: Անպատասխան սերը դառնում
է աշխարհի հետ բախման, ներդաշնակության երազանքի և այն նվաճելու անհնարինությունն արտահայտելու
միջոց: Բանաստեղծի սերը աշխարհի վշտերի առանցքն է, այդ աշխարհը թշնամի է բանաստեղծին:
Ինձ տանջեցին
Դարձրին դալուկ ու խեղճ,
Ոմանք սիրով, ոմանք
Ատելությամբ իրենց:
Սա իրական ռոմանտիկական բախում
է: Ռոմանտիկ բանաստեղծի համար սերը ամենաբարձր կատարելությունն է: Բայց այդ բարձր իդեալը
չի համընկնում իրականությանը: Երազանքների և իրականության բախումը ծնում է հայնեական
հայտնի հեգնանքը: Հեգնանքը տապալում է ռոմանտիկական իդեալը, իրական կյանքի օգնությամբ
ճշտում այն, փլուզում բանաստեղծական վեհ աշխարհի կեղծ ներդաշնակությունը: Կասկածի տակ
է առնում սիրո առարկան, զգացմունքների անկրկնելիությունը, անգամ սիրահարի վիճակը:
Ով որ սիրում է առաջին անգամ
Թեկուզ անհաջող, նա աստված
է մի,
Բայց ով որ երկրորդ անգամ է
սիրում,
Անհաջող սիրով, մի տխմար է
նա:
(Թարգմ.՝ Գ. Սարյանի)
Սերը կորցնում է հոգիների ռոմանտիկական
միաբանության հատկությունը: Սիրո առարկան դադարում է իդեալական երազանքների մարմնացում
լինել: Սիրուհին կարող է վատ բնավորության տեր լինել, բայց նրա համբույրը ուրախություն
է պատճառում: «Երգերի գրքի» իրար հաջորդող շարքերում երևում է, թե ինչպես է սերը հետզհետե
դադարում քնարական հերոսի կյանքի կենտրոնը լինել և դառնում նրա բազմաթիվ երևույթներից
մեկը: Հաղթահարվում է ռոմանտիկական սուբյեկտիվությունը, և Հայնեի ստեղծագործության
մեջ մուտք է գործում ոչ միայն բանաստեղծի հոգու կենսագրությունը, այլև արտաքին կյանքի
և, առաջին հերթին, բնության պատկերը: Վերջին շարքը՝ «Հյուսիսային ծովը», պատկերում
է փոթորկող ծովը, բոցավառ մայրամուտը, գիշերային աստղերով ողողված երկինքը: Սակայն
բանաստեղծի նպատակը բնապատկերներ նկարագրելը չէ. նա ստեղծում է փիլիսոփայական քնարերգության
վեհ օրինակ, որտեղ բնությունը հարաբերակցում է մարդու հետ, և մարդկային կյանքը չափվում
է տիեզերական մասշտաբներով: «Ծովային տեսիլ» ոտանավորում բանաստեղծը ալեկոծվող ծովի
ալիքներում նշմարում է սիրած կնոջ կերպարանքը, նա իրեն պատրաստ է նետել ծովը, որպեսզի
փրկի իր սիրուհուն: Սակայն բանաստեղծության անսպասելի հեգնական վերջավորությունը ոչնչացնում
է նրա ռոմանտիկ պաթոսը.
Բայց ճիշտ պահին
Ոտս բռնեց նավապետը
Եվ ինձ քաշեց նավի եզրից
Եվ գոչեց սուր ծիծաղելով, դժկամած,
«Դոկտոր, ինչ է, սատանա՞ն է
մեջդ մտել»:
(Թարգմ.՝ Վ. Նորենցի)
Վեհ բնության հայեցողությունը հեռացնում է բանաստեղծին սուբյեկտիվ խորասուզումից, նրա առաջ դնում կյանքի առեղծվածը. «Ասացեք, թե մարդը ի՞նչ է նշանակում: Որտեղի՞ց է եկել և գնում է ո՞ւր: Եվ այնտեղ ոսկեղեն աստղերի վրա ո՞վ, այն ո՞վ է բնակվում»:
Վեհ բնության հայեցողությունը հեռացնում է բանաստեղծին սուբյեկտիվ խորասուզումից, նրա առաջ դնում կյանքի առեղծվածը. «Ասացեք, թե մարդը ի՞նչ է նշանակում: Որտեղի՞ց է եկել և գնում է ո՞ւր: Եվ այնտեղ ոսկեղեն աստղերի վրա ո՞վ, այն ո՞վ է բնակվում»:
Տես նաև Հայնրիխ Հայնե Գերմանիա. Ձմեռային հեքիաթ
Հայնրիխ Հայնե | Երգերի գիրք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 30, 2016
Rating:
