
«Զգացմունքների դաստիարակություն»
վեպում, որի երկրորդ տարբերակը ստեղծվել է 1869-ին, Ֆլոբերը նորից վերադառնում է ժամանակակից
Ֆրանսիայի իրականությանը: Վեպի «Երիտասարդ մարդու պատմությունը» ենթավերնագիրը վկայում
է այն մասին, որ Ֆլոբերը շարունակում է դարի առաջին կեսի գրողների Բալզակի և Ստենդալի
ավանդույթները՝ երիտասարդ հերոսների օգնությամբ քննել հասարակական միջավայրի ազդեցությունը
անձի բնավորության ձևավորման վրա: Ֆրեդերիկ Մորոն, ինչպես և Էմմա Բովարին, պատկանում
է ռոմանտիկական ոգով դաստիարակված սերնդին: Այդ է պատճառը, որ մեկնելով Փարիզ, նա երազում
է հոգևոր բարձր կյանքի մասին. «Դրամ ստեղծելու պլանների, ապագա կտավների սյուժեների,
ապագա սիրային կապերի մասին: Նա գտնում էր, որ իր կատարելության արժանի երջանկությունը
հապաղում է: Նա կարդում էր մելամաղձոտ բանաստեղծություններ»: Նա վեպ է գրում, որի հերոսը
ինքը՝ Մորոն է և իր սիրուհին, վարձում է դաշնամուր՝ վալսեր հորինելու համար: Հենց այդ
երազանքներով լի կյանքն է նրա անկարողության և անհետևողական վարմունքի պատճառ դառնում:
Ինչպես հասարակական, այնպես էլ սիրո բնագավառում նա պասիվ մարդ է: Ռոմանտիկական զգացմունքները
խանգարում են նրան ճիշտ ընկալել իրականությունը և կյանքում գտնել իր տեղը: Ուստի նա
ևս, Էմմա Բովարիի նման, դիմում է այնպիսի գործողությունների, որ չեն համապատասխանում
նրա բնավորությանը: Ի վիճակի չլինելով ներգործել կյանքի վրա, նա տրվում է կյանքի հոսանքին:
Վեպում հերոսի ապառոմանտիկականացման ընթացքը պատկերված է որպես իրական հանգամանքների
արդյունք: Ֆլոբերը Ֆրեդերիկի «դաստիարակներ» ասելով ենթադրում է ոչ թե նրանց, ովքեր
իրոք պատկանում էին ռոմանտիկական ուղղությանը: Գրողը հեգնանքով նկատում է՝ «Նա հավատում
էր, որ գոյություն ունեն դիվանագետներ, որոնք շարժվում են կուրտիզանուհիների խորհրդով,
հավատում էր բանսարկության միջոցով շահավետ ամուսնություններին, տաժանակիրների հանճարեղությանը
և ուժեղ ձեռքին հնազանդ պատահականությանը»: Այս ամենը ակհայտ հեգնանք է՝ ուղղված ոչ
թե ռոմանտիկ գրողներին, այլ Բալզակին, որ իր վառ անհատների աշխարհով, ինչպես տաժանակիր
Վոտրենն էր, Ֆլոբերին թվում էր անիրական: Դա Ֆրանսիայի անցյալն էր, մի դարաշրջան, երբ
երկրի իշխանությանը տիրած բուրժուազիան դեռ ընդունակ չէր ծնել խոշոր անհատներ: Այստեղ
չկան հերոսներ, իդեալներ, կրքեր, մեծ գործեր: Նման պայմաններում ձևավորվող անձնավորությունը
մանրախնդիր է: Ֆրեդերիկ Մորոն զուրկ է մինչև իսկ իրական փառասիրությունից, որ ընդունակ
կլիներ մղել նրան մեծ գործերի իրականացման: Չնայած այն բանին, որ նա վեպի ավարտին դեռ
երիտասարդ է, նրա կյանքը ըստ էության արդեն ավարտվել է: Նա ոչ միայն չի հասնում իր
նպատակին, այլ ուղղակի զուրկ է նրանից: Ձանձրալի և չնչին են նրա լավագույն հիշողությունները:
Գյուստավ Ֆլոբեր | Զգացմունքների դաստիարակություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 31, 2016
Rating:
