
Ռոմանտիզմի դարաշրջանում ստեղծված
առավել փայլուն գործերից է բանաստեղծական մի քանի շարքեր միավորող «Արևմտաարևելյան
դիվան» (1814-1815) ժողովածուն՝ Գյոթեի պոեզիայի գագաթներից մեկը, որտեղ, հավանաբար,
ավելի, քան այլ տեղ, զգացվում է ռոմանտիկական գեղարվեստական միտումների և նվաճումների
ազդեցությունը:
Գյոթեի դարձը դեպի Արևելք նախապատրաստված
էր ռոմանտիկական դպրոցի ողջ գործունեությամբ: Արևելքում Գյոթեն փորձում է գտնել այն
բարոյական հիմքը, որի վրա կարող է հաստատվել կենսունակ հասարակությունը և կենսուրախ
մարդը:
Հյուսիսը, Հարավը, Արևմուտքը
փլուզվել են,
Տապալվել են ջահերը, կործանվել
թագավորությունները:
Դեպի Արևելք հեռավոր կմեկնի
Օդ շնչելու հնամենի,
Գինու, սիրո, երգի երկրում
Նոր կյանքի համար կվերածնվի:
«Արևմտաարևելյան դիվանը» գերմանացի
բանաստեղծի զրույցն է 14-րդ դարի պարսիկ բանաստեղծ Հաֆեզի հետ: Ժամանակի տեղափոխումը
գեղարվեստական միջոց է, որն արտահայտում է միասնական, համայնապարփակ մարդկության աշխարհի
զարգացման շարունակության մասին Գյոթեի գաղափարը: Այս երկխոսությունից բխող աշխարհի
և մարդու մասին դատողությունները ստեղծում են մարդկային բանականությամբ և զգացմունքներով
շնչավորված հավիտենականության պատկեր:
Ռոմանտիզմի դարաշրջանը երանգավորված
էր աշխարհն իր երևույթների բազմազանության և հակասության մեջ ճանաչելու ձգտումով: Անտիկ
աշխարհի ստեղծած ներդաշնակ, բարեգեղ համակարգը թվում էր թերի: Ռոմանտիկները բացահայտեցին
գեղեցիկի և տգեղի, չարի և բարու գոյակցումը կյանքում: Եթե Վայմարյան կլասիցիզմի շրջանակներում
Գյոթեն ընդունում էր միայն գեղեցիկի օրենքները և այն արվեստում արտահայտելու անհրաժեշտությունը,
ապա ռոմանտիկական շրջանում նա փորձում է հասկանալ և ընդգրկել կեցության հակասական օրենքները
և տալ աշխարհի համապարփակ պատկերը: Կեցության բազմակողմանիության ռոմանտիկական պատկերացումը
նրա մոտ հարստանում է նատուրալիստի աշխարհզգացողությամբ: Ռոմանտիզմի մեջ կյանքի և մահվան
միասնության գաղափարը ձևավորվել է որպես ամբողջական պրոցես, որի բովում կազմավորվում
է հավիտենականությունը շաղկապող հոգևոր սկզբունքը: Ռոմանտիկների՝ աշխարհի այդպիսի դիալեկտիկական
ըմբռնումը մոտ է Գյոթեին:
«Արևմտաարևելյան դիվանի» սիրային
բանաստեղծություններին հատուկ է հուզականությունը և գույների պայծառությունը: Սիրահարներ
Հաթեմի և Զուլեյկայի զվարճալի և, միևնույն ժամանակ, խանդավառ երկխոսությունը իր հուզականությամբ
հիշեցնում է կրքոտությամբ հագեցած երիտասարդ Գյոթեի քնարերգությունը: Ինչպես «Մայիսյան
երգում», այստեղ ևս հնչում է խոստովանության երջանկությունը և կյանքի բերկրանքը:
Գյոթեի ուշ շրջանի գխավոր բանաստեղծական
ժողովածուն՝ «Արևմտաարևելյան դիվանը», չի սպառում այդ տասնամյակների նրա քնարերգական
պոեզիան: Նա շարունակում է ստեղծել բալլադներ, բանաստեղծություններ, փիլիսոփայական
քնարերգություն:
Վոլֆգանգ Գյոթե | Արևմտաարևելյան դիվան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 29, 2016
Rating:
