
Կեսարը հռոմեական պատմության
մեջ հայտնի է ոչ միայն որպես ականավոր պետական գործիչ ու հմուտ ռազմագետ, այլև իր ժամանակի
հռչակավոր հռետորներից ու գրողներից մեկը: Կիկերոնը Բրուտոսին նվիրած իր գրքում թվելով
հետորներին, դժվարանում է նշել, թե նրանցից որին է Կեսարը զիջում իր առաջնությունը:
Կեսարի հռետորական տաղանդը նշել է նաև Տակիտոսը:
Կեսարը թողել է գրավոր հետևյալ
ժառանգությունը՝
«Անալոգիա Մարկոս տուլլիոս
Կիկերոնին»: Գիրքը, ինչպես վերնագիրն է ցույց տալիս, գիտական-բանասիրական բնույթի է:
Գրել է Գալիայում մղած պատերազմների ընթացքում, երբ անցնում էր Ալպերը: Դա լատինական
լեզվի ուսումնասիրություն է: Քննվում են քերականական հարցեր, որոնց շուրջ գրականության
մեջ կար երկու կուսակցություն՝ անալոգիստների և անոմալիստների: Առաջինները պաշտպանում
էին լեզվում միատեսակությունը, իսկ երկրորդները՝ անկանոնությունը: Կեսարը պաշտպանում
է անալոգիստներին:
«Աստղաբաշության մասին»: Որպես
պոնտիֆեքս մաքսիումուս (գլխավոր քուրմ) Կեսարը զբաղվում է տոմարագիտությամբ և ուղղում
օրացույցը: Նրա սահմանած տոմարն իր անունով կոչվել է հուլյան, որը գոյություն է ունեցել
մի քանի դար: Հուլյան տոմարով յուրաքանչյուր 3 տարուց հետո լինում է նահանջ տարի: Կեսարի
օրացույցը փոխում է Հռոմի Գրիգորիս պապը 1582 թ. և տոմարը կոչվում է Գրիգորյան:
«Հուշեր գալլիական պատերազմի
մասին»: Ամբողջությամբ պահպանված Կեսարի առաջին գիրքն է: Բաղկացած է 7 գլխից: Շարադրված
է երրորդ դեմքով: Պատմվում են Գալիայում, Բրիտանիայում և Գերմանիայում մղված պատերազմները:
Առաջին գրքում նկարագրում է հելվետների դեմ տարած հաղթանակները, երկրորդում՝ բելգերի
նվաճումը, երրորդում՝ ալպիական ժողովուրդների նվաճումը, չորրորդում՝ պատերազմները գերմանական
ցեղերի դեմ, առաջին դեսանտը Բրիտանիայում, հինգերորդում՝ երկրորդ դեսանտը Բրիտանիայում
և դրա նվաճումը, բրիտանական ցեղերի միացյալ ապստամբությունը Կեսարի դեմ և Կեսարի տված
ջարդը այդ ցեղերին, վեցերորդում՝ ապստամբության սպառնալիքը գալլերի կողմից, Հռենոսն
անցնելը երկրորդ անգամ, գալլերի բարքերի նկարագրությունը, յոթերորդում՝ Գալիայի վերջնական
նվաճումը: «Հուշերի» բովանդակությունը կազմում են 58-51 թթ. պատերազմները հյուսիսում:
Առանձնապես արժեքավոր են վայրենաբարո գալիական ցեղերի հասարակական կյանքի մասին տեղեկությունները:
«Հուշերի» բոլոր յոթ մասերը Կեսարը գրել է իր ձեռքով: Կա նաև ութերորդ գիրքը, որը Կեսարինը
չէ, այլ գրվել է լեգատներից մեկի՝ Հիրտուսի ձեռքով և կցվել «Հուշերին»: Ութերորդում
նկարագրված են 51-50 թվականի իրադարձությունները մինչև Կեսարի և սենատի ընդհարումները:
«Հուշեր քաղաքացիական կռվի
մասին»: Կեսարի պատմական երկրորդ աշխատությունն է: Բաղկացած է երեք մասից: Շարադված
են 49-48 թթ. տեղի ունեցած ներքին կռիվները մինչև ալեքսանդրյան պատերազմի սկիզբը: Առաջին
մասում պատմվում են սենատի խորհրդակցությունները պատերազմը սկսելու մասին, Պոմպեոսի
կողմնակիցներին Իտալիայից վտարելու, ինչպես և պոմպեականների դեմ Իսպանիայում տարած
հաղթանակների մասին և այլն: Երկրորդում՝ մի շարք ճակատամարտեր, Իտալիայի վերջնական
նվաճումը և Կեսարի դիկտատոր նշանակվելը, երրորդում՝ Պոմպեոսի պարտությունը, նրա փախուստը
և ալեքսանդրյան պատերազմի սկիզբը (48 թ.):
Հուլիոս Կեսար
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 04, 2016
Rating:
