
Հյոլդեռլինի միակ վեպի՝ «Հիպերիոնի»
հերոսը հույն պատանի է, իր ժողովրդի անկախության համար մղվող պայքարի մասնակից: Փիլիսոփայություն
է սովորում Ադամաս փիլիսոփայի դպրոցում, այնպես որ նրա հոգում սերմանվում է ճշմարտության
և գեղեցիկի զգացումը: Նա համոզված է, որ օտար նվաճողների դեմ հաղթանակից հետո իր հայրենի
երկրում կստեղծվեն իդեալական կարգեր: Սակայն նրա գլխավորած ապստամբները զբաղվում են
կողոպուտով և ավազակությամբ: Հիասթափվելով իր երազանքներից, նա մահ է փնտրում: Սիրած
աղջկա՝ Դիոտիմայի (նախատիպը Պլատոնի «Խնջույքի» հերոսուհին է) կործանումը էլ ավելի
է խորացնում պատանու հիասթափությունը: Ի վերջո նրան վիճակվում է բնության հայեցողության
մեջ խորասուզված ճգնավորի կյանքը:
Հյոլդեռլինի հերոսին հատուկ
է կյանքի բարենորոգմանն ուղղված գործունեության ծարավը: Բայց դարն ավելի զորեղ է, քան
Հիպերիոնը: Նա տխուր արձանագրում է, որ ավելի լավ է ապրել մոլորակի, քան թե երկրի վրա:
Վեպի շարադրանքի կենտրոնը ներքին կյանքի դիպվածներն են: Հիպորիոնն ընդունակ է բարձրագույն
բերկրանքի և անսահման տառապանքի: Քնարական մղումների լայնահուն ընդգրկումը սնվում է
հեղինակի անտիկական իդեալների փորձից: Սակայն Հիպորիոնի վեհ մտադրությունը չի կարող
իրականանալ, ինչպես և չիրականացան հեղափոխության ցնցումներից ազդված դարի լավագույն
մարդկանց հույսերը:
Իր անուրջներում Հիպերիոնը
դիմում է անտիկ աշխարհին, որը նրան երևում է որպես մարդկային ազատության և մարդու ու
բնության միասնականության ժամանակաշրջան: Այժմեականությունը «անսփոփելի լացի պահ է»,
բայց հերոսը համոզված է, որ կհասնի ժամը, երբ բնությունը նորից կհիշի իր վաղեմի իշխանության
մասին: Սակայն ապագայի հետ կապված հույսերը զուգորդվում են ներկայի մերժման, աշխարհում
մարդու միայնության, տառապանքին դատապարտված լինելու զգացումների հետ:
Տես նաև Հայնրիխ Հայնե Գերմանիա. Ձմեռային հեքիաթ, Հայնրիխ Քլայստ Պենտեսիլեա և Նովալիս Հայնրիխ ֆոն Օֆթերդինգեն
Ֆրիդրիխ Հյոլդեռլին | Հիպերիոն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 28, 2016
Rating:
