
Հեղինակը հերոս է դարձրել միջնադարյան
բանաստեղծի կիսաառասպելական կերպարը: Պատկերված իրականությունը զուրկ է իրական պատմական
նշաններից: Հայնրիխը համակված է երազում տեսած Երկնագույն ծաղկով, որը ռոմանտիկական
անուրջի հանգանակն է: Նրան կարելի է հասնել անձի ներաշխարհում պոեզիայի, սիրո և իմացության
միջոցով:
Աուգսբուրգ ճանապարհորդելիս
Հայնրիխը հանդիպում է զանազան մարդկանց, ունկնդրում նրանց, ստանում է զանազան տպավորություններ:
Վաճառականներից նա իմանում է պոեզիայի մոգական, աշխարհը վերափոխող ուժի մասին: Խաչակիրը
պատմում է նրան պատերազմների, արևելցի գերուհին՝ հեռավոր երկրների էկզոտիկայի մասին,
հանքափորը՝ Հայնրիխի առաջ բացում է ընդերկրյա աշխարհի գաղտնիքները, ճգնավորը՝ մարդկային
պատմությունը: Աուգսբուրգում Հայնրիխը հանդիպում է Կլինգզորին և նրա դուստր Մաթիլդին,
հանձին որի ճանաչում է Երկնագույն ծաղկի խորքում առկայծող դեմքը:
Սրանով ավարտվում է վեպի առաջին
մասը: Այստեղ պատկերվում է հերոսի կողմից աշխարհի հայեցողական ընկալման ընթացքը: Երկրորդ,
անավարտ մասում Հայնրիխին վիճակված է դառնալ բանաստեղծ: Վեպում զգալի տեղ են բռնում
զրույցները, որոնք ավելի, քան ֆաբուլային գործողության զարգացման ընթացքը, բացահայտում
են հեղինակի գաղափարները: Նովալիսի համար կարևորը ոչ թե աշխարհի նյութական, այլ հոգևոր
էությունն է: Նա չի ձգտում պատկերել իրականությունը, այլ լոկ սիմվոլիկ նշում է նրա
ուրվագիծը: Վեպի առաջին մասն ավարտվում է Կլինգզորի հեքիաթով, որ բովանդակում է սիրո
և պոեզիայի օգնությամբ աշխարհը վերակենդանացնելու գաղափարը: Բանաստեղծի կոչումը, ըստ
Նովալիսի, ուժ է, որ նպաստում է ոչ միայն աշխարհի իմացությանը, այլև վերափոխմանը:
Ոգու բանաստեղծական զարգացման
ընդհանրացված պատկերը պահանջում էր գեղարվեստական մարմնավորման հատուկ միջոցներ: Վեպի
պոետիկան ամբողջովին սիմվոլիկ է: Սիմվոլներում միախառնվում են անցյալն ու ներկան, իրականությունն
ու անուրջները: Վերացական հասկացություններն օժտված են պոետական արտահայտչականությամբ:
Բավական է հիշել Երկնագույն ծաղկի տեսիլքը: Այդ պատկերի մեջ ամփոփված խորհրդանիշի
բազմիմաստությունը չի խանգարում նրա գեղարվեստական մատուցման յուրահատուկ կոնկրետությանը:
Մենք տեսնում ենք ժայռերի խորունկ կապույտը վտակի ափին և ջրի վրա խոնարհված ծաղկի լայն,
փայլուն թերթիկները, կյանքի տրոփյունը նրա մեջ:
Տես նաև Աշակերտները Սաիսում
Նովալիս | Հայնրիխ ֆոն Օֆթերդինգեն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 27, 2016
Rating:
