
Երջանկության և տխրության բանաստեղծ Սաադին բոլորել է իր կյանքի հարյուրերորդ տարին։
Առավոտ շատ վաղ զարթնում է, իջնում պարտեզը, նորից լսելու բլբուլների
երգը և տեսնելու գարնան հրաշքը։ Նայում է Շիրազի դաշտին: Նստում է ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա: Թեև
շատ է ծերացել Սաադին, սակայն նրա հոգին տեսնում է ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև զրույց էր անում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին - Զմրուխտ թռչունը, որն իր հավերժական
բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,-
հիշում է Սաադին իր հին խոսքերը։ Ականջը բլբուլների
երգերին և սպիտակ գլուխը կարմիր վարդերի մեջ սուզած՝ Սաադին տեսնում է
աշխարհն իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։ Նրա աչքերի առաջ անցնում
են Հինդու երկիրը, փղերը, Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների
մեջ սիգաճեմ աղջիկները, Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան բյուրեղը,
Դամասկոսի թավիշ աղջիկները… Մտածում է, որ իր կյանքը անցավ մի գիշերվա երազի պես: Ամեն օր նայել է աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամ է տեսել։ Եվ
տեսանողի հոգով նախազգում է Սաադին, որ սա իր ապրած վերջին գարունն է։ Ներս է մտնում Նազիաթը՝ Սաադիի սիրած շիրազուհին,
որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին։ Սաադին սիրում է նրան իր անթառամ սրտի երիտասարդ
ավյունով, և ոսկի բառերով քանդակել է նրա պատկերը անմահ «Գյուլստանի»
մեջ։ Նազիաթը
նրան վարդեր է բերել և առաջարկում է այդ ծաղիկների բույրը զգալով փորձել հիշել և պահել
այն՝ չմտածելով դրանց վաղանցիկության մասին: Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայում է իր հեքիաթ-աշխարհին, իր առջև լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգում տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրում ու դնում է լացող սրտի վրա՝ ասելով.
- Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։
Ավետիք Իսահակյան | Սաադիի վերջին գարունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 18, 2016
Rating:
