
Պետեֆիի ստեղծագործական կյանքը տևեց ընդամենը 8 տարի: Ժողովրդական
երգերի ոգով գրված իր բանաստեղծություններով նա շարունակում է հունգար մեծ քնարերգուներից
մեկի՝ Վ. Մ. Չակոնայի ավանդույթները: Պետեֆիի բանաստեղծություններում նշանակալի տեղ
են գրավում հայրենիքի, բնության, սիրո թեման: Ջերմությամբ է հիշում Պետեֆին «Դանուբի
ափի համեստ տնակը»: Իր երկերում նա հաճախ է դիմում Տիսա գետին:
Իդիլիական և քնարական բնույթի բանաստեղծություններից բացի,
Պետեֆին ունի բանաստեղծական մտորումներ, պոետական խրատներ: Այսպես, «Ի՞նչ ես կերել
դու, երկիր» բանաստեղծության մեջ Պետեֆին մտորում է գոյության ունեցող վշտի ու անտարբերության
շուրջ: Այդ աշխարհի հանդեպ իր զայրույթը նա արտահայտել է «Այնպիսի մի մրրիկ հանկարծ
սկսվեր…» բանաստեղծության մեջ:
Պետեֆին իր «Յանոշ դյուցազնը» պոեմի հերոս դարձրեց գյուղացի
երիտասարդ Յանոշին: Պոեմը գրված է նաիվ հերոսական էպոսի ոգով: Ժողովրդական կյանքի մոտիվները
միաձուլվում են ժողովրդական հեքիաթների ֆանտաստիկ տարրերին: Հունգար ժողովրդի անկրկնելի
բանահյուսությունը՝ ֆանտաստիկականը, արտասովորը, օրգանապես մուտք է գործում կերպարի
կառուցվածքի մեջ: Պետեֆին գրականություն ներմուծեց ժողովրդից ելած հերոսին՝ ընկեցիկին,
որ հաղթահարում է բազմաթիվ դժվարություններ (փրկվում է նավաբեկությունից, հաղթում է
ավազակներին, թուրք հսկաներին, հրեշին), բայց կյանքում երջանկություն չի գտնում: Նրան
հաջողվում է երջանկություն տեսնել միայն դիցանուշների աշխարհում: Յանոշը շատ սխրանքներ
է գործում, բայց Պետեֆիի համար ամենակարևորը հասարակ մարդու բարոյական հատկանիշն է:
Յանոշը հիշում է.
Երբ ես մեկնում էի, չաղերսեցի իմ սիրելիին,
Որ չընծայի սիրտը ուրիշին:
Նույնպիսի դյուրահավատությամբ հավատում էր նա ինձ:
Մենք գիտեինք՝ չենք խախտի հավատարմությունը միմյանց:
Յանոշը հրաժարվում է ամուսնանալ Ֆրանսիայի թագավորի աղջկա
հետ և հավատարիմ է մնում գեղջկուհի Իլուշկային: Թեև պոեմում հեղափոխության մասին չի
ակնարկվում, բայց Պետեֆին իր հերոսի հույսերը և ձգտումները կապում է ազատության, երջանկության,
արդարության երազանքների հետ: Պետեֆին ստեղծեց ապագայի իր սիմվոլիկ պատկերը: Պետեֆիի
պոեմը հունգարական գրականության դասական ստեղծագործություն է: Նա ազգային էպիկական
երկի սկիզբը դրեց: Ռոմանտիկական պոեմի իդեալական հերոսները, նրա քնարականությունը,
միանալով ֆանտաստիկականին և արտասովորին, գրավում են ընթերցողի ուշադրությանը:
1848-ին, երբ Ելաշիչի զորքը արշավում է Պեշտ, բանաստեղծը
գրում է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Առաքյալը»: Ժողովրդի ծոցից դուրս ելած, տոկուն
հեղափոխական Սիլվեստրն իր կյանքի իմաստը տեսնում է ժողովրդին ճորտությունից ազատագրելու
մեջ: Նա անցել է կյանքի դժվարին ուղի, պայքարել է հարուստների ու նրանց գործակիցների,
մարդկանց տգիտության ու նախապաշարմունքների դեմ: Միայն երկուսն են հասկանում նրան՝
ծանր պահին նրան օգնող ուսուցիչը և հետագայում իր կինը դարձած ունևոր մարդու աղջիկը:
Սիլվեստրը կատարում է ուսուցչի բոլոր հրահանգները: Ամբարած գիտելիքները հաճույքով է
ի սպաս դնում գյուղացիներին, որոնք նրան հրավիրում են իրենց գյուղ՝ որպես նոտար աշխատելու:
Գյուղացիները գնահատում էին նրան: Իր գրքի հեղափոխական բնույթի պատճառով նա կալանավորվում
է: Սակայն ոչ մի դժվարություն չի կարող կոտրել Սիլվեստրի կամքը, երերել նրա համոզումները:
Թագավորի դեմ մահափորձ կատարելու պատճառով նա դատապարտվում է մահվան, բայց ժողովուրդը
նրան չի մոռանում: Ազգային գրականության մեջ Սիլվեստրի կերպարը գիտակից մարտիկ-հեղափոխականի
առաջին կերպարն է:
Շանդոր Պետեֆի
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 17, 2016
Rating:
