
Եպրաքսե հանըմը տրամվայում հանդիպում է մի երիտասարդի, ում
ձեռքի ծրարը փաթաթված էր հայերեն թերթով և, հասկանալով, որ երիտասարդը հայ է, անմիջապես
ջերմ ու սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում նրա նկատմամբ: Երիտասարդը խնդրում է հայ
մամիկին՝ մի գրություն հանձնել իր ապրած հյուրանոցի
տիրոջը: Երբ Եպրաքսե հանըմը գրության բովանդակությունից ակամա իրազեկ է դառնում երիտասարդի
ինքնասպանության մտադրության մասին՝ ցնցվում է մինչև հոգու խորքը՝ խորապես ցավելով
երիտասարդի ճակատագրի համար:
Պատմվածքում Շահնուրը շարունակում է «Նահանջը առանց երգի»
վեպի գլխավոր թեման, բացահայտում նահանջի նոր դրսևորումներ, մարդկային նոր խեղված ճակատագրեր:
Կոտորածից հետո փրկված հայերի մի մասը ապաստանել է Ֆրանսիայում: Պետք է հարմարվեն նոր
պայմանների, ապրեն նոր կենցաղով, խոսեն նոր լեզվով: Պատմվածքի երիտասարդ հերոսը՝ Նորայր
Կարապետյանը, իր տեղը չի գտնում նոր երկրում, չի մերվում նոր միջավայրին: Այսինքն՝
սոցիալական անապահով վիճակը չէ, որ նրան մղում է ինքնասպանության: Հյուրանոցատիրոջն
ուղղված նամակում նա հայտնում է. «Ոչ ոքի սու մը պարտք չունիմ»: Նույնիսկ սենյակում
նա դեռ բավականաչափ իրեր էլ ուներ, որ կտակում է անծանոթ կնոջը՝ Եպրաքսե հանըմին, այսինքն՝
իր հայրենակցին, որ օտար երկրում հարազատի պես է ընկալվում: Նորայրը հայտնում է, որ
իր արարքի պատճառները անձնական են: Մի բան պարզ է, որ ինքնասպանությամբ Նորայրը հաստատում
է, որ հեռանում է իրեն խորթ միջավայրիրց: Գրողը շեշտը չի դնում պատճառի վրա, այլ՝ հետևանքի:
Նորայրը պարտվող է, նրա պարտությունն արտահայտվում է ֆիզիկական կործանման ձևով, նա
չի հանձնվում հոգեպես, այլ կործանվում է ֆիզիկապես, ինչպես «Նահանջ առանց երգի» վեպում
Լոխումը:
Հայերի տեղահանության ողբերգական հետևանքներն իր վրա կրում
է նաև Եպրաքսե հանըմը: Նրան հուզողը ոչ այնքան նյութական խնդիրներն են, որքան հոգեբանորեն
հարմարվելու հանգամանքը: Իր երկու որդիներն աշխատում են, «պարզ բանվորներ են», ապրում
են բարձր, աշտարակի պես շենքի «ոչ թե գագաթը, այլ գագաթին գագաթը», այսինքն՝ ձեղնահարկում,
որտեղ սենյակները ծուռ են ուղտի մեջքի պես: Սակայն Եպրաքսե հանըմին նեղողն ավելի շատ
կենցաղավարության կերպն է, որը տարբեր է նրա իմացածից: Փարիզն ունի իր օրենքները, որոնք
չեն համապատասխանում հայ կնոջ մաքրության չափանիշներին: Իսկ նա չի կարող անտեսել այդ
օրենքները՝ կրկին չարտաքսվելու համար: Թուրքական գորգը տանում է քաղաքից դուրս այնտեղ
թափ տալու համար: Երբ Նորայրի ինքնասպանության լուրից ցնցված և իրեն կորցրած կինը շտապեցնում
է հյորանոցատիրոջը, որպեսզի նա քայլեր ձեռնարկի, վերջինս ասում է. «Չչափազանցնենք,
վերջապես օտար մը ըսել եք…»: Ֆրանսիացու համար անհասկանալի է, որ տարագրության մեջ
հանդիպած երկու հայ կարող են հարազատ զգալ իրար: Իսկ Եպրաքսե հանըմը փորձում է համոզել,
որ իրենք օտար չեն, և արդեն զգաստ դատում է. «Տղա մը պակաս է եղեր… որո՞ւն հոգն է…
հաշիվ բռնողն ո՞վ… ո՞վ պիտի գա հոս մարդ պիտի փնտրե… չմեռնիս, յոխսամ… Այսչափ մարդ
ջարդեցին, այսչափ մարդ զարկին, այսչափ անմեղի արյուն մտան… ո՞վ որի… »:
Եպրաքսե հանըմի խռովահույզ երևակայությունը մահվան տարբեր
տեսարաններ է հորինում, օտար երիտասարդի փոխարեն պատկերացնում է փոքր որդուն… և կրկին
հուզվում է մայրական սիրտը: Հոգեկան ծանր ու լարված վիճակում, երիտասարդի ճակատագրի
մասին լուրի սպասելիս, ճակատագրի հեգնանքով Եպրաքսե հանըմի մտքով անցնում է սենյակի
պատուհանից թափ տալ գորգը, որը և սահում-ընկնում է ցած: Կինը սկսում է նախատել ինքն
իրեն: Սակայն այս կոմիկական իրավիճակին հաջորդում է դրամատիկականը: Սեփական արարքից
ամաչած՝ Եպրաքսե հանըմը չի վերցնում իր գորգը, բայց և խաղաղ սրտով չի կարող թողնել
իր ունեցվածքն ու հեռանալ:
Տես նաև Նահանջ առանց երգի
Շահան Շահնուր | Պճեղ մը անուշ սիրտ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 24, 2017
Rating:
