
Այսօր ստացա Ձեր նամակը, նամակ, որն իմ կատալոգի առաջաբանն
է: Այդ առաջաբանը Ձեզնից խնդրելու գաղափարը իմ մտքում ծագեց, երբ Ձեզ տեսա իմ արվեստանոցում
կիթառ նվագելիս և երգելիս: Ձեր կապույտ հյուսիսային աչքը ուշադիր զննում էր պատերից
կախված նկարները: Ես մի տեսակ նախազգացում ունեցա, կարծես ապստամբություն էր սպասվում,
իսկական բախում Ձեր քաղաքակրթության և իմ բարբարոսության միջև, քաղաքակրթություն, որից
Դուք տառապում եք և բարբարոսություն, որն ինձ երիտասարդացնում է:
Իմ ընտրած Եվայի առջև, որին նկարել եմ մի ուրիշ աշխարհի ձևերով
ու ներդաշնակություններով, Ձեր հիշողության մեջ թերևս հառնում է ցավագին մի անցյալ:
Եվան, ըստ Ձեր քաղաքակիրթ ըմբռնման, ձեզ և մեզ համարյա բոլորիս դարձնում է կնատյաց:
Հնօրյա Եվան, որ իմ արվեստանոցում Ձեզ վախեցնում է, մի գեղեցիկ օր կարող է Ձեզ ժպտալ
ոչ այնքան դառնորեն:
(…) Իմ նկարած Եվան (միայն նա) կարող է տրամաբանորեն մերկ
մնալ մեր հայացքի առջև: Ձերը, այդ բնական վիճակում, չէր կարողանա քայլ իսկ գցել առանց
անամոթ համարվելու, և մնալով գեղեցկուհի (թերևս), կդառնար չարի և ցավի մարմնավորում:
Որպեսզի ավելի հասկանալի դարձնեմ միտքս, կհամեմատեմ ոչ թե
այդ երկու կնոջն ուղղակիորեն, այլ մաորի կամ թուրանի լեզուն, որով խոսում է իմ Եվան,
և այն լեզուն, որով խոսում է Ձեր՝ ընտրյալների ընտրյալ կինը, թեքական լեզու, եվրոպական
լեզու:
Օվկիանոսային լեզուների մեջ, որոնք բաղկացած են էական սկզբնական
տարրերից և որոնք պահպանվել են իրենց նախնական վիճակով, մեկուսացված կամ պարզապես իրար
զոդված՝ առանց հղկման մտահոգության, ամեն ինչ մերկ է ու նախաստեղծ: Մինչդեռ թեքական
լեզուներում արմատները, որոնցից նրանք սկիզբ են առնում, ինչպես բոլոր լեզուներում,
անհետանում են առօրյա գործառնության մեջ, գործառնություն, որ ջնջում է նրանց ռելիեֆը
և ուրվագծերը: Դա կատարելագործված խճանկար է, ուր այլևս չես տեսնում քիչ թե շատ կոպիտ
միացած քարերի ծայրակցվածքը, այլ միայն զմայլվում ես քարե հոյակապ գեղանկարչությամբ:
Միայն փորձառու աչքը կարող է տարբերել կառուցվածքի միջոցները:
Ներեցեք այս երկար բանասիրական շեղումի համար, ըստ իս, դա
անհրաժեշտ է վայրենու նկարը բացատրելու համար, որ պիտի օգտագործեմ, որպեսզի ներկայացնեմ
թուրանական մի երկիր և ժողովուրդ: (…)
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սոֆի Ավագյան
Պոլ Գոգեն | Նամակ Ավգուստ Ստրինդբերգին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 09, 2017
Rating:
