
«Հարություն» տաղում արդեն մարդուն տեսնում ենք բնության,
իրական աշխարհի մեջ: Այստեղ պատկերվում է Մասիսից իջնող մի զարդարուն սայլ, որը վարում
է մի ճորտ սայլապան: Այդ սայլը թեև դարձյալ այլաբանական իմաստ ունի, բայց նույնպես
պատկերված է առարկայական ու տեսանելի: Սայլի վրա կա ոսկի աթոռ՝ վրան ծիրանի բեհեզ,
բազմել է աթոռին արքայորդին (Քրիստոսը): Նրա կողքերին հրեշտակներ են, առջևում՝ գեղեցիկ
մանուկներ, ովքեր երգում են՝ գրկած սաղմոսարան ու քնար, ձեռքերին խաչեր: Սայլին բարձած
է խոտի հարյուր խուրձ՝ վրան մանուշակ: Եզները սև են ու սպիտակ, ծաղկահայտ ու արագաշարժ,
խաչանման եղջյուրներով և մարգարտափայլ մազերով: Լծասարքերն արծաթից են, ոսկուց և աբրեշումից,
խարազանքը՝ փնջված ծաղիկ: Իսկ ջահել սայլապանը խոշոր է, ճարպիկ, մեջքը բարակ, հաստաբազուկ,
լայնաթիկունք, խարտիշագեղմ ահեղագոչ…
Այս գեղեցիկ պատկերն էլ դրված է շարժման մեջ: Ծանրաբեռնված
սայլը, որն իր ողջ պարունակությամբ խորհրդանշում է քրիստոնեական հավատը, նախ անշարժ
է մնում, չեն պտտվում անիվները: Ո՛չ թանկարծեք լծասարքերը, ո՛չ տոկուն ու գեղեցիկ եզները
չեն կարողանում տեղաշարժել սայլը, որն սկսում է շարժվել միայն այն ժամանակ, երբ գործի
է անցնում ճորտ սայլապանը: Բանաստեղծի մեկնաբանությամբ՝ դա Քրիստոսին մկրտած Հովհաննես
Մկրտիչն է, որը քրիստոնեական հավատի առաջին տարածողն է: Սակայն եթե վերանանք այս այլաբանությունից,
ապա մեր առջև կտեսնենք սովորական, կենդանի, բնական մարդուն՝ որպես բնության շարժիչ
ու տեր: Բանաստեղծն այդ սայլը տեղադրել է հայրենի բնության մեջ՝ Մասիս լեռան լանջին:
Սայլը բեռնավորված է հայոց դաշտերը ծածկող կորնգան և խոլրձան խոտաբույսերով, փունջ
մանուշակով: Իսկ հաստաբազուկ, լայնաթիկունք և խարտիշագեղ պատանին էլ ասես իջել է հայ
հին առասպելներից, վիպերգերից կամ էպոսից:
Գրիգոր Նարեկացին իր տաղերով վիթխարի առաջընթաց քայլ է կատարել՝
հայ բանաստեղծությունը մոտեցնելով իրական կյանքին, թեկուզ այլաբանորեն, բայց վառ գույներով
պատկերելով բնության ու մարդկային գեղեցկությունը, սիրո զգացումը:
Տես նաև Մատյան ողբերգության, Մեղեդի ծննդյան և Տաղ Վարդավառին
Գրիգոր Նարեկացի | Հարություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 09, 2017
Rating:
