Էրազմ Ռոտերդամցի
Գովք հիմարության
(համառոտ)

1509
Հիմարությունն ասում է, որ
միայն ինքն է իսկապես կարողանում ուրախացնել մարդկանց և աստվածներին: Հիմար մահկանացուները,
այսքան դարեր ապրելով իր ստվերում և ամեն ինչում իրեն պարտական լինելով, չեն փառաբանում
իրեն, այնպես որ ինքը պիտի իր վրա վերցնի այդ գործը, բեմ դուրս գա և խոսի:
Լատիներեն նրան կոչում են Ստուլտիցիա,
իսկ հունարեն՝ Մորիա:
Նրա ծնողն է, թող ներեն Հոմերոսը
և Հեսիոդոսը, Պլուտոսը, որ համտեսել է արբեցնող նեկտարից: Ծնվել է Երջանիկների կղզիներում,
ուր չեն ցանում և չեն հնձում, որտեղ չկան հիվանդություններ և չկա ծերություն: Նրա շքախմբում
են շողոքորթությունը և մոռացությունը, ինչպես նաև խելահեղությունը, վայելքը և զվարճասիրությունը:
Իր այս ծառաների միջոցով հիմարությունն իշխում է անգամ կայսրերին:
Ամեն բան տեղի է ունենում կյանքում
հիմարության շնորհիվ: Այդ ո՞ր տղամարդը կուզեր կամովի մտնել ամուսնական լծի տակ, եթե
մինչ այդ չհիմարանար: Չէր լինի նաև զավակածնություն, քանզի չէր լինի սիրո համար անհրաժեշտ
հիմարացումը:
Ամենաերջանիկ տարիքը մարդու
կյանքում մանկությունն է, որը հիմարության նշանի տակ է և որպես այդպիսին առաջ է բերում
ծնողների սերը և հոգածությունը: Մանկությանը հետևում է պատանեկությունը, որը նույնպես
հիմարության տարիք է, իսկ ծերությունը, որ ամենածանր ու դժվար տարիքն է, նույնպես տանելի
է դառնում մարդու համար, որովհետև նա հիմարանում ու չի զգում այդ տառապանքի ողջ ողբերգությունը:
Նրանք, ովքեր տրվում են փիլիսոփայությանը, ժամանակից շուտ ծերացնում են իրենք իրենց,
որովհետև նրանց լքում է բնական երիտասարդությունը՝ հիմարությունը:
Կանայք, գինին, մյուս հաճույքները…
անհնար է հասկանալ որպես բերկրանք բերող բաներ,
եթե բացառվում է տղամարդու հիմարացումը:
Եվ ո՞ւմ են ավելի շատ սիրում
թագավորները՝ իրենց հիմար ծաղրածուների՞ն, թե՞ իմաստուն ու մռայլ խորհրդականներին:
Մի՞թե եկեղեցական այրերը հիմար
չեն՝ փրկություն խոստանալով ոմն մեղավորի, բավական է՝ նա յոթ տող անգիր անի սաղմոսագրքից:
Ժողովուրդները նույնպես չեն հրաժարվում հիմարության բարիքներից: Յուրաքանչյուր ժողովուրդ
իրեն մյուսներից մեծ է կարծում:
Նմանապես նաև գիտությունները
շահում են հիմարությունից, քանի որ այն շարժիչ ուժ է գիտական առաջընթացի համար:
Հիմարությունը պատռում է դիմակները
և ցույց է տալիս կյանքի կատակերգությունը: Նա, ով հիմարությամբ համակվելուց հետո նորից
դառնում է ողջախոհ, կարոտում է հիմարության վիճակը: Դրա պատճառը հավանաբար այն է, որ
հիմարությունն իրականում երանություն է:
Էրազմ Ռոտերդամցի «Գովք հիմարության» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 06, 2015
Rating:
