
19-րդ դարի կեսեր: ԱՄՆ, Սանկտ
Պետերբուրգ հավակնոտ անունով փոքրիկ քաղաքը, որտեղ չկան ֆաբրիկաներ, իսկ փոքրիկ տների
բակերում կչկչում են հավերը: Այստեղ երեխաները սիրում են փախչել դասերից և գնալ գետը
լողալու, այստեղ կարելի է հանդիպել ֆրանտի պես հագնված տղայի, որի հախից Թոմ Սոյերը
չի կարող չգալ:
Բանն այն է, որ Թոմն այսօր
փախել է դպրոցից և գնացել է գետը: Նա մտել է ջուրը՝ չնայած մորաքույր Փոլլիի խնամքով
կարած օձիքին: Եվ այժմ նրան սպասում է պատիժ: Հանգստյան օրը, երբ բոլոր երեխաները
գնում են գետը լողալու, նա ստիպված է ներկել ցանկապատը: Սակայն Թոմին հաջողվում է ներշնչել
տղաներին, որ ցանկապատ ներկելը ամենահաճելի զբաղմունքն է, և նրանք իրենք են խնդրում
զիջել իրեն վրձինը: Նա մինչև իսկ վճար է վերցնում դրա դիմաց: Օրվա երկրորդ կեսին ոչ
միայն ցանկապատն է ամբողջությամբ ներկված, այլև ձեռք բերած իրերի քանակը՝ պատկառելի:
Հիմա նա ունի 12 ալեբաստրե գնդակ, կոճից պատրաստված թնդանոթներ, շան վզնոց, դանակի
բռնակ և այլն:
Մի օր քաղաքի եկեղեցի է մտնում
բարձրահասակ մի պարոն: Նա հարևան Կոստանդնուպոլիս քաղաքից է: Դա շրջանային դատավոր
Թեչերն է, որի հետ քաղաք է գալիս մի կապուտաչյա հրեշտակ՝ նրա դուստր Բեքին: Աղջիկը
դառնում է Թոմի համադասարանցին: Նրանք սիրահարվում են, բացատրվում, վիճում, հետո հաշտվում,
երբ Թոմը հերոսաբար իր վրա է վերցնում ուսուցչի գիրքը պատահաբար պատռած Բեքիի մեղքը
և նրա փոխարեն ստանում քանոնի հարվածները: Սակայն վեճի և հաշտության արանքում Թոմը
հասցնում է հավաքել «արյունարբու ծովահենների» իր կլիկը, որի անդամներն են դառնում
նրա դասընկեր Ջո Հարպերը և ծնողազուրկ թափառական Հեքլբերի Ֆինը:
Տղաները ժամանակ են անցկացնում
անտառոտ կղզու վրա Միսիսիպի գետի ջրերում: Ազատ լողում են, ծխում, ուտում են ձուկ և
կրիայի ձվերից պատրաստված ձվածեղ: Սակայն նրանց սկսում է ձգել տունը: Թոմին այցելում
է իրենց իսկ թաղման օրը ցնծագին վերադարձ կատարելու գաղափարը…
Այս մանկական կատակլիզմների
ֆոնի վրա զարգանում են նաև իսկական ողբերգություններ: Թոմը և Հեքը որոշել են դիմել
գորտնուկներից ազատվելու ամենավստահելի միջոցին… Դրա համար անհրաժեշտ է վերցնել սատկած
կատվի դին և կեսգիշերին նետել այն որևէ նոր մահացած մեղսավորի գերեզմանի մոտ եկած սատանաներին:
Սակայն սատանաների փոխարեն հայտնվում են երիտասարդ բժիշկ Ռոբինսոնը, տեղի հարբեցող
Մեֆ Պոտտերը և Հնդկացի Ջոն: Բժիշկը իր հետ է բերել այդ երկու կասկածելի անձանց, որպեսզի
գերեզմանից հանեն նոր թաղած մի ծերուկի դիակը: Դիակը անհրաժեշտ է բժշկին անատոմիական
ուսումնասիրությունների համար: Պարզվում է, սակայն, որ Հնդկացի Ջոն չի մոռացել մի քանի
տարի առաջ բժիշկ Ռոբինսոնի հոր՝ իրեն հասցված վիրավորանքը, և նա մտադիր է վրեժ լուծել
որդուց: Ծեծկռտուքի արդյուքում բժիշկը հարվածում է հնդկացուն պաշտպանող Պոտտերին, որը
կորցնում է գիտակցությունը, իսկ ինքը դանակի մահացու հարված է ստանում հնդկացուց: Ջոն
դանակը դնում է անգիտակից Պոտտերի ձեռքի մեջ և հեռանում է: Հետո ուշքի եկած ընկերոջը
համոզում է, որ ինքն է սպանել բժիշկին: Պոտտերը աղաչում է չմատնել իրեն և հեռանում
է:
Առավոտյան կասկածելի վարքով
Պոտտերին ձերբակալում են: Հնդկացի Ջոն, հակառակ տված խոստմանը, պատմում է «ողջ եղելությունը»:
Պոտտերը հայտնվում է բանտում: Թոմին և Հեքին տանջում է խիղճը, քանի որ նրանք սպանության
ականատեսներն են և չեն կարող օգնել Պոտտերին. վախենում են Հնդկացի Ջոյի վրեժից: Եվ,
այդուհանդերձ, դատի օրը՝ ամենաճակատագրական պահին, դատարանում որպես վկա է հայտնվում
Թոմ Սոյերը և պատմում է գիշերով գերեզմանում տեսածը: Հնդկացի Ջոն, որը դահլիճում էր,
դուրս է նետում իրեն պատուհանից և փախչում է:
Սկսվում են փայլուն օրեր, երբ
Թոմին պաշտում և երկրպագում է ողջ քաղաքը, և սարսափելի գիշերներ, երբ նա անգամ երազում
տեսնում է Հնդկացի Ջոյին: Դա չի խանգարում նրան Հեքի հետ նոր արկած հորինել: Սկսում
են գանձեր որոնել: Փորում են անտառում լքված տունը: Հանկարծ տեսնելով մոտեցող մարդկանց՝
թաքնվում են տան երկրորդ հարկում: Երկու կասկածելի մարդկանցից մեկը իրականում Հնդկացի
Ջոն է: Եկել են հողի մեջ հորելու իրենց թալանած դրամը: Փորում են հողը և գտնում են
ոսկով լեցուն սնդուկ: Սակայն Ջոն հիշելով, որ բահի վրա թարմ հողի հետքեր կան (այդ բահը
երկրորդ հարկ բարձրանալիս անփութորեն թողել են տղաները), հրաժարվում է թողնել սնդուկը
փոսի մեջ, և ավազակները տանում են այն իրենց հետ: Թոմը և Հեքը պայմանավորվում են հերթով
հետևել «խուլ իսպանացի» ձևացող Հնդկացի Ջոյին՝ սնդուկին տիրանալու համար:
Հետևելով «իսպանացուն»՝ Հեքը
կանխում է սարսափելի ոճիրը: Գիշերով Հնդկացի Ջոն իր ընկերոջ հետ մոտենում է այրի Դուգլասի
տանը՝ մտադիր լինելով նրանից լուծել վաղեմի վրեժը: Դուգլասի հանգուցյալ ամուսինը ժամանակին
պատժի էր ենթարկել Հնդկացի Ջոյին: Հեքը օգնության է կանչում վալիացուն և նրա որդիներին
և սրանք, թեպետ չեն կարողանում որսալ հնդկացուն, սակայն փրկում են Դուգլասին:
Այս ընթացքում Թոմը Բեքիի և
դպրոցի մյուս երեխաների հետ մասնակցում է պիկնիկի: Թոմը ընկերուհու հետ մտնում է լեռնային
քարանձավը և խորանում այնքան, որ շուտով կորցնում է ետդարձի ճանապարհը և մոլորվում
լաբիրինթոսում: Նրանց մոմերը հատնում են: Բեքին ճնշված է: Թոմը տեղ է գտնում ստորգետնյա
աղբյուրի մոտ, Բեքիի թևից կապում օդային վիշապի պարանը և փորձում մթության մեջ գտնել
ելքի ճանապարհը: Այստեղ բախվում է մոմը ձեռքին Հնդկացի Ջոյին, որը նրան տեսնելով փախչում
է: Ի վերջո, սակայն, Թոմը գտնում է մեկ ուրիշ ելք, որը գտնվում է գլխավոր մուտքից
5 մղոն հեռավորությա վրա:
Դատավոր Թեչերը հրամայում է
փակել գլխավոր մուտքը և ինքն էլ չիմանալով մահվան է դատապարտում Հնդկացի Ջոյին:
Թոմը գլխի է ընկնում, որ քարանձավում
է գտնվում Հնդկացի Ջոյի սնդուկը: Հեքի հետ նրանք Թոմի փրկության մուտքով թափանցում
են քարանձավ, գտնում են սնդուկը: Դառնում են 12 000 դոլլարի տեր: Հեքը կարող է
հրաժեշտ տալ չքավորի կյանքին:
Պարզվում է նաև, որ այրի Դուգլասը
մտադիր է որդեգրել իր փրկչին և դաստիարակություն տալ նրան: Հեքը ծանր է տանում քաղաքակիրթ
կենցաղի ճնշող մթնոլորտը: Նրան հագցնում են, սանրում, ստիպում ճիշտ սեղան նստել, պատառաքաղ
բռնել, չծխել, աղոթել… Ի վերջո նա փախչում է այրուց: Թոմը գտնում է Հեքին հին տակառի
մեջ, ցնցոտիներ հագած: Մեծ դժվարությամբ համոզում է ընկերոջը վերադառնալ Դուգլասի մոտ:
Փաստարկում է այսպես. բոլոր ավազակները սովորաբար կոմսեր և դքսեր են: Չքավորներ նրանց մեջ չկան: Եվ այդպիսի մարդու ներկայությունը իրենց ավազակախմբում, որը Թոմը դեռ պատրաստվում
է հավաքել, մեծ վնաս կհասցնի այդ ավազակախմբի հեղինակությանը:
Տես նաև Դանիել Դեֆո Ռոբինզոն Կրուզո, Ռոբերտ Լուիս Սթիվենսոն Գանձերի կղզի և Ժյուլ Վեռն Տասնհինգամյա նավապետը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Մարկ Տվեն | Թոմ Սոյերի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 31, 2015
Rating:
