
25-ամյա տնային ուսուցիչ Ալեքսեյ Իվանովիչը տարեց գեներալ
Զագորյանսկու ընտանիքի՝ վերջինիս խորթ դստեր՝ Պոլինայի և երկու մանկահասակ որդիների
հետ ապրում է գերմանական Ռուլետենբուրգ քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում: Դեռևս Ռուսաստանում
գեներալը գրավադրել է իր կալվածքը ոմն մարկիզ դը Գրիյոյի և կես տարի է, ինչ լուրեր
է սպասում Մոսկվայից իր հիվանդ ազգականուհու Անտոնիդա Վասիլևնայի մահվան մասին: Այդ
ժամանակ դը Գրիյոն կդառնա գեներալի ունեցվածքի տերը, իսկ վերջինս մեծ ժառանգություն
կստանա և կամուսնանա գեղեցիկ ֆրանսուհու՝ մադումազել Բլանշի հետ:
Ալեքսեյ Իվանովիչի հետ բոլորը վարվում են ասես ծառայի հետ,
ինչը ճնշում է նրան: Ընկերություն է անում անգլիացի Ասթլեյի հետ՝ հարուստ ազնվականի:
Երկուսն էլ սիրահարված են Պոլինային: Երկու ամիս առաջ այդ հպարտ և գեղեցիկ կինը իրեն
ընկեր է դարձրել Ալեքսեյ Իվանովիչին: Նրանց միջև հաստատվել են «տիրուհու» և «ծառայի»
հարաբերություններ: Ալեքսեյ Իվանովիչը կրթություն ստացած ազնվական է, սակայն չունի
նյութական միջոցներ: Կախյալ վիճակը նրա մեջ առաջացնում է ոչ միայն սեր, այլև ատելություն
Պոլինայի նկատմամբ: Երիտասարդ ուսուցիչը համոզված է, որ միայն փողը կվերադարձնի նրան
շրջապատի մարդկանց հարգանքը: Փող ձեռք բերելու միակ եղանակը խաղադրույքն է: Պոլինան
ևս փողի կարիք ունի, սակայն Ալեքսեյ Իվանովիչը չգիտի, թե ինչ նպատակների համար: Պոլինան
չի հավատում հերոսի սիրուն, որովհետև նկատում է նրա մեջ մեծ ինքնասիրություն: Այդուհանդերձ,
Ալեքսեյ Իվանովիչը կատարում է իր տիրուհու անհեթեթ քմահաճույքը և վիրավորում է պրուսացի
բարոնին և նրա տիկնոջը:
Երեկոյան տեղի է ունենում սկանդալ: Բարոնը պահանջում է գեներալից
ազատել «ծառային»: Գեներալը բարկանում է Ալեքսեյ Իվանովիչի վրա, որն իր հերթին զայրանում
է, որ գեներալը պատասխանատվություն է վերցնում իր արարքների համար այն դեպքում, երբ
ինքը «իրավաբանորեն կոմպետենտ անձ է»: Նրան ազատում են: Սակայն գեներալը վախենում է
նախկին ուսուցչի և բարոնի բացատրությունից: Ալեքսեյ Իվանովիչի մոտ է ուղարկում դը Գրիյոյին՝
խնդրելով թողնել դա: Ֆրանսիացին տալիս է Ալեքսեյ Իվանովիչին Պոլինայի նամակը, որում
սա պահանջում է հանդարտվել… «Ծառան» հպատակվում է, սակայն նրան զարմացնում է Պոլինայի վրա
դը Գրիյոյի ունեցած ազդեցությունը: Ասթլեյը բացատրում է հանգամանքները: 2 տարի առաջ
մադումազել Բլանշը եղել է Ռուլետենբուրգում: Սիրեկանի կողմից լքված և առանց գրոշի նա
անհույս փորձել է բախտը պտտախաղի վրա: Հետո որոշել է գայթակղել պրուսացի բարոնին, իսկ
բարոնի կինը պահանջել է արտաքսել նրան քաղաքից: Հիմա ձգտելով ամուսնանալ գեներալի հետ՝ Բլանշը փորձում
է խուսափել բարոնի և նրա կնոջ ուշադրությունից:
Վերադառնալով հոթել՝ Ալեքսեյ Իվանովիչը տեսնում է մուտքի
մոտ տատիկին, որի մահվանը բոլորը սպասում են: Հաշմանդամների սայլակով այդ 75-ամյա կինը
իսկույն հրաժարվում է փող տալ գեներալին և դեռ կշտամբում է բարոնի հետ պատմության համար՝
համոզված լինելով, որ գեներալը պիտի պաշտպաներ հայրենակցին՝ Ալեքսեյ Իվանովիչին: Պահանջում
է, որ Ալեքսեյ Իվանովիչը իրեն խաղատուն տանի, խաղադրույքներ է կատարում և նշանակալի
գումար է շահում:
Գեներալը և ֆրանսիացիները վախենում են, որ սա կպարտվի իրենց
ապագա ժառանգությունը: Նույն երեկոյան, չնայած բոլոր համոզումներին, պառավը նորից խաղատանն
է, որտեղ այս անգամ պարտվում է իր ողջ առձեռն գումարը և անգամ որոշ արժեթղթեր: Որոշում
է մեկնել Ռուսաստան: Հետո մտափոխվում է և նորից վերադառնում է խաղատուն: Ալեքսեյ Իվանովիչը
հրաժարվում է ուղեկցել նրան: Պառավը պարտվում է գրեթե ողջ իր ունեցվածքը: Դը Գրիյոն
հեռանում է քաղաքից: Բլանշը թողնում է գեներալին: Պառավը մեկնում է Ռուսաստան Ասթլեյի
պարտք տված գումարով: Մոսկվայում անշարժ գույք ունի: Իր մոտ է կանչում Պոլինային և
երեխաներին:
Երեկոյան վերադառնալով իր խուցը՝ Ալեքսեյ Իվանովիչը գտնում
է այնտեղ Պոլինային: Վերջինս ցույց է տալիս նրան դը Գրիյոյի նամակը: Առանց տատիկի ժառանգության
մարկիզը հրաժարվում է ամուսնանալ Պոլինայի հետ:
Գրիյոն վերադարձրել է գեներալին գրավը՝ 50 000 ֆրանկ, «Պոլինայի սեփական
փողը»: Հպարտ կինը երազում է նետել այդ գումարը ֆրանսիացու դեմքին: Գումարը պիտի հայթայթի
Ալեքսեյ Իվանովիչը:
Հերոսը նետում է իրեն խաղատուն: Նրա բախտը բերում է և նա
շահում է 250 000 ֆրանկ: Դա տալիս է նրան հաջողության, վայելքի, ուժի աննկարագրելի
զգացում: Խաղը միջոցից վերածվում է ինքնանպատակի: Անգամ Պոլինայի ներկայությամբ հերոսը
չի կարողանում կտրել հայացքը թղթադրամների փաթեթներից: Պոլինան վիրավորված է դրանից:
Հրաժարվում է անվճար ընդունել 50 000 ֆրանկը: Գիշերն անցկացնում է Ալեքսեյ Իվանովիչի
հետ, իսկ առավոտյան ատելությամբ նետում է 50 000 ֆրանկը նրա երեսին և փախչում
է:
Ասթլեյը, հոգալով Պոլինայի մասին, մեղադրում է Ալեքսեյ Իվանովիչին
այն բանի համար, որ սա ընդունակ չէ իսկական սիրո: Հերոսն ասում է, որ խաղասեղանի առաջ
ունեցել է աննկարագրելի ապրումներ, որոնք երկրորդ պլան են մղել սերը:
Նույն օրը Բլանշը գայթակղում է հարստացած Ալեքսեյ Իվանովիչին
և իր հետ տանում է Փարիզ: Տիրանալով նրա փողին՝ տիտղոսի համար ամուսնանում է Փարիզ
եկած գեներալի հետ: 3 շաբաթ անց Ալեքսեյ Իվանովիչը առանց ափսոսանքի հեռանում է Բլանշից
և մեկնում է Համբուրգ պտտախաղի:
Մեկ և կես տարի նա քարշ է գալիս Գերմանիայի «խաղային» քաղաքներով:
Աշխատում է որպես ծառա: Չմարված պարտքերի համար հայտնվում է բանտում: Համբուրգում հանդիպում
է Ասթլեյի հետ: Նրան ուղարկել է Պոլինան, որն ապրում է Շվեյցարիայում անգլիացու ազգականների
հետ: Պոլինան իրականում սիրում է Ալեքսեյ Իվանովիչին: Ասթլեյը համարում է վաղեմի ընկերոջը
կործանված մարդ: Իր ռուսական բնավորության պատճառով նա չի կարողանում դիմակայել ուժեղ
կրքերին: «Պտտախաղը գերազանցապես ռուսական խաղ է»:
«Նա իրավացի չէ»,- մտածում է Ալեքսեյ Իվանովիչը: Պետք է վերածնվել
և կամքի ուժ ցուցաբերել: Բայց կհաջողվի՞:
Ֆյոդոր Դոստոևսկի | Խաղամոլը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 27, 2015
Rating:
