
20-րդ դարի սկիզբ: Շվեյցարիա: Գործողությունները ծավալվում
են Դավոսի հարևանությամբ գտնվող բուժարանում, որտեղ հավաքվել են թոքախտով տառապող մարդիկ:
Վեպի վերնագիրը զուգորդվում է լեռան հետ, որտեղ ըստ լեգենդի մինեզինգեր Տանհոյզերը
յոթ տարի գերության մեջ է եղել դիցուհի Վեներայի մոտ:
Վեպի հերոս Հանս Կաստորպը՝ երիտասարդ գերմանացին, «Բերգհոֆ»
բուժարան է գալիս Համբուրգից՝ տեսակցելու իր զարմիկին՝ Յոաքիմ Ցիմսենին, որը բուժում
է անցնում Դավոսում: Մտադիր է մնալ այստեղ 3 շաբաթից ոչ ավել, սակայն ժամկետի ավարտին
զգում է թուլություն: Նրա ջերմությունը բարձր է: Հետազոտումը ցույց է տալիս, որ նա
հիվանդ է թոքախտով: Բերենս անունով գլխավոր բժիշկի խորհրդով մնում է բուժարանում:
Ժամանակը լեռներում անցնում է ոչ այնպես, ինչպես հարթավայրում,
այնպես որ դժվար է որոշել, թե որքան են տևում վեպի գործողությունները: Հեղինակը վեպի
վերջում հայտնում է, որ Կաստորպը Դավոսում մնում է 7 տարի:
Կաստորպի նոր ծանոթների թվում առանձնանում է Լոդովիկո Զետտեմբրինին:
Սա մասոն է, հումանիստ, առաջընթացի մոլի ջատագով: Որպես իսկական իտալացի նա ատում է
Ավստրո-Հունգարիան: Նրա պարադոքսալ գաղափարները մեծ ազդեցություն են ունենում Կաստորպի
վրա և նա ընդունում է Զետտեմբրինիին որպես ուսուցչի:
Մեծ դեր է խաղում Կաստորպի կյանքում նաև սերը ռուս Կլավդիա
Շոշայի նկատմամբ: Միայն ամիսներ հետո է Կաստորպը հանդգնում խոսել այդ կնոջ հետ:
Բուժարանում գտնվելու օրերին Հանս Կաստորպը տարվում է բազում
փիլիսոփայական և բնագիտական գաղափարներով: Նա այցելում է հոգեվերլուծության դասերի,
ուսումնասիրում է բժշկական գրականություն, նրան հուզում են կյանքի և մահվան հարցերը,
լսում է ժամանակակից երաժշտություն: Չի մտածում հարթավայրի իր նախկին կյանքի մասին:
Յոաքիմն ընդհակառակը, ուզում է վերադառնալ իր զիվորական կարիերային:
Որոշ ժամանակով նա վերադառնում է իր ծառայությանը և ստանում է սպայի կոչում: Սակայն
հիվանդության սրացումը ստիպում է նրան վերադառնալ Դավոս:
Կաստորպի ծանոթների շրջանակը համալրում է նոր սուբյեկտ: Դա
ճիզվիտ Նաֆտան է, որը պարոն Զետտեմբրինիի մշտական ընդդիմախոսն է: Նա իդեալականացնում
է եվրոպական միջնադարը: Կաստորպը, լսելով Զետտեմբրինիի և Նաֆտայի դատողությունները,
չի կարողանում որոշակիորեն բռնել նրանցից մեկի կողմը: Իհարկե, սրտով նա ինչ-որ իմաստով
համակրում է Զետտեմբրինիին:
Որոշ ժամանակ բուժարան է վերադառնում տիկին Շոշան: Նրան ուղեկցում
է հարուստ հոլանդացի Պեպեկորնը: Ողջ անձնակազմը ընկնում է այս ուժեղ անձնավորության
ազդեցության տակ: Բայց Պեպեկորնի կյանքը ողբերգականորեն ընդհատվում է: Զբոսանքից և
Կաստորպի հետ գինի խմելուց հետո Պեպեկորնը գիշերը թույն է խմում և մեռնում: Տիկին Շոշան
լքում է բուժարանը: Վերջնականապես:
Բուժարանում է հայտնվում դանիացի Էլլի Բրանդը: Այս կինն ունի
գերբնական ունակություններ, կանչում է հոգիներ, կարդում է ուրիշների մտքերը: Սպիրիտուալիստական
սեանսներից հետո մարդիկ դառնում են ավելի նյարդային: Կոնֆլիկտները դառնում են ավելի
հաճախակի: Զետտեմբրինին ամեն ինչում մեղադրում է Նաֆտային և նրա կործանարար մտքերը:
Նաֆտան կանչում է նրան մենամարտի: Զետտեմբրինին հրաժարվում է կրակել, իսկ Նաֆտան կրակում
է սեփական քունքին:
Սկսվում է Առաջին աշխարհամարտը: Բուժարանի բնակիչները ցրվում
են տներով: Հանս Կաստորպը ևս հեռանում է հարթավայր: Զետտեմբրինին խորհուրդ է տալիս
նրան կռվել արյունակիցների կողքին, չնայած որ ինքը Զետտեմբրինին հակառակ ճամբարում
է:
Վերջին հատվածում Կաստորպը պատկերված է վազող, սողացող, ընկնող…
նա բազում ուրիշ իր նմանների հետ է և հայտնվել է պատերազմական մսաղացի բովում: Հեղինակը
ոչինչ չի ասում նրա ճակատագրի մասին, քանի որ Կաստորպի կյանքը հետաքրքրում էր նրան
լոկ որպես սեփական մտքերը շարադրելու ֆոն: Վերջին պարբերության մեջ հեղինակը նկատում
է, որ կենդանի մնալու Հանս Կաստորպի շանսերը մեծ չեն:
Տես նաև Թոմաս Ման Բուդենբրոկներ, Հերման Հեսսե Տափաստանի գայլը, Էրիխ Մարիա Ռեմարկ
Հաղթական կամար և Ֆրանց Կաֆկա Դղյակը
Թոմաս Ման | Կախարդական լեռը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 28, 2015
Rating:
