
Լոնդոն: 16-րդ դար: Նույն օրը ծնվում են երկու տղաներ՝ Թոմը՝
Ջոն Քենթիի որդին, և Էդուարդը՝ թագավոր Հենրիկ Ութերորդի որդին: Երկուսի կյանքը բնականաբար
էականորեն տարբեր է: Թոմը աղքատության մեջ է, ենթարկվում է հոր ծեծերին, սովին: Երազում
է հեքիաթային աշխարհների, փափկասուն արքայազների կյանքի մասին: Մի օր հայտնվում է արքունի
պալատի մոտ և ճաղերի միջով հետևում է արքայազնին: Ժամապահը կոպտորեն հեռացնում է նրան,
սակայն արքայազնը պաշտպանում է Թոմին և անգամ տանում է իր ապարանքը: Հարց ու փորձ է
անում նրա կյանքից և նրան այնքան է ձգում աղքատների ու չքավորների կյանքը, որ առաջարկում
է փոխանակել հագուստը (նրանք զարմանալիորեն նման են իրար): Ահա արդեն փոխվել են դերերով:
Արքայազնը Թոմի ցնցոտիներով բախվում է Ջոն Քենթիին: Իսկ պալատում իրարանցում է: Արքայազնը
թռցրել է խելքը: Չի ճանաչում թագավորին՝ իր հորը: Կորցրել է պետական կնիքը: Այդ ընթացքում
Քենթիի մահակի մահացու հարվածից արքայազնին փրկում է մի վանական: Մայրը, տեսնելով խենթացած
որդուն, արտասվում է, բայց հետո հասկանում է, որ սա իր որդին չէ: Վանականը, որին հարվածել
էր Քենթին, մեռնում է, և ավազակն իր ընտանիքով փախչում է: Արքայազնին հաջողվում է խառնաշփոթի
մեջ անհետանալ: Փողոցում իրեն արքայազն է կոչում և ընկնում է ամբոխի ձեռքը, որից նրան
ազատում է Մայլս Հենդոնը` ազնվական ռազմիկը:
Մահանում է թագավոր Հենրիկը, և գահին է նստում Թոմը:
Մայլս Հենդոնը առաջարկում է արքայազնին այցելել Հենդոն-հոլ:
Նա խնդրում է ապագա թագավորից միայն մի բան. թույլ տալ իրեն և իր հետնորդներին նստել
թագավորի ներկայությամբ: Սակայն Քենթին խաբեությամբ առևանգում է արքայազնին Մայլսից
և արքայազնը հայտնվում է ավազակների ձեռքում: Փախչում է և հայտնվում է խենթ ճգնավորի խրճիթում,
որը քիչ է մնում սպանի նրան այն բանի համար, որ իր հայրը սկիզբ է դրել Անգլիայում բողոքականությանը:
Այս անգամ էլ Էդուարդին փրկում է Քենթին: Քանի դեռ կարծեցյալ թագավորը դատ է վարում՝
զարմացնելով բարձր ֆեոդալներին իր ժողովրդական խորաթափանցությամբ, Էդուարդը գողերից
և ավազակներից բացի հանդիպում է նաև ազնիվ մարդկանց, որոնք տուժել են անգլիական օրենքներից:
Սակայն Հենդոն-հոլում նրան չեն ցուցաբերում պատշաճ ընդունելություն, քանի որ Հյու անունով
ինքնակոչիկը տիրացել է Մայլս Հենդոնի դղյակին: Մայլսը և արքայազնը հայտնվում են բանտում,
որտեղ թագավորը տեսնում է դաժան անգլիական օրենքները: Ազատվելով՝ գնում են Լոնդոն:
Այստեղ տոնական երթ է, որի ժամանակ Թոմ Քենթիի մայրը, տեսնելով թագավորին, նրա տիպական
շարժումից ճանաչում է իր որդուն: Այն պահին, երբ արքեպիսկոպոսը պատրաստվում է թագադրել
նրան, հայտնվում է իսկական թագավորը: Թոմի օգնությամբ նա ապացուցում է իր թագավորական
ծագումը՝ հիշելով, թե որտեղ է դրել պետական կնիքը: Մայլս Քենթը ստանում է Անգլիայի
պերի կոչում և կոմսի տիտղոս:
Թոմը մեծ պատիվ է վայելում ողջ կյանքի ընթացքում որպես մարդ,
ով նստել է գահին, իսկ թագավոր Էդուարդը աչքի է ընկնում գթասրտությամբ:
Տես նաև Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները, Հեքլբերի Ֆինի արկածները և Ֆենիմոր Կուպեր Վերջին Մոհիկանը
Մարկ Տվեն | Արքայազնը և աղքատը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 04, 2015
Rating:
