
Գրքի ստեղծման համար հիմք է
ծառայել Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավա՞րտ» (1989) էսսեն, որը նկատելի աղմուկ
է բարձրացնում մամուլում և գիտական միջավայրում։ Էսխատոլոգիական տոնայնությամբ գրված
«Պատմության ավարտը և վերջին մարդը» աշխատության մեջ Ֆուկույաման խորացնում և ընդարձակում
է էսսեի պրոբլեմատիկ շրջանակը՝ պնդելով, որ արևմտյան տեսակի լիբերալ դեմոկրատիայի տարածումն
աշխարհում վկայում է մարդկության քաղաքակրթական համալիրի զարգացման վերջնակետի և կառավարության
վերջնական ձևի կազմավորման մասին։ Թեպետև, Ֆուկույամայի համար պատմության ավարտը ամեն
պրոցեսուալության բացարձակ մերժում չէ, այն կրում է իդեոլոգիական դիմակայությունների,
գլոբալ հեղափոխությունների և պատերազմների ժամանակաշրջանի ավարտի նշաններ, և որպես
արդյունք՝ մշակույթի հիմնական ձևերի, այն է՝ արվեստի և փիլիսոփայության դարաշրջանի
ավարտի նշաններ։
Ֆրենսիս Ֆուկույաման ուղղակիորեն
հղում է իրեն պատմության փիլիսոփայության այն ավանդույթին, որը գալիս է գերմանացի փիլիսոփաներ
Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելից և Կառլ Մարքսից։ Այդ իմաստով, իհարկե, ինչպես ինքը հեղինակն
է բազմիցս նշում, պատմության ավարտի հասկացությունը նրա պարագայում միայն փոխառություն
է:
Գիրքը բացվում է ժամանակակից
աշխարհում համաշխարհային պատերազմներով, ցեղասպանություններով և տոտալիտարիստական համակարգերի
գոյությամբ պայմանավորված հոռետեսական տրամադրությունների հետազոտությամբ: Դրանք խաթարեցին
զարգացման նկատմամբ դրական հավատը: Այդ ամենի ֆոնի վրա ակնհայտ է լիբերալ դեմոկրատիայի
գոյաբանական մենաշնորհը աշխարհում: Այն ավելի զորեղ է, քան իր հնարավոր քննադատները
և հետևաբար մնում է առանց այլընտրանքի: Սրա հիմքում գաղափարների ճգնաժամն է: Եվ եթե
անգամ տեղի են ունենում հեղափոխություններ, ապա իշխանությունը հանձնվում է ոչ թե պարտության
և հաղթանակի պայմաններում, այլ որովհետև կուսակցություններից մեկը ինքնակամ որոշել
է հանձնել այն:
Գրքի երկրորդ և երրորդ գլուխներում
Ֆուկույաման ցույց է տալիս, որ լիբերալ դեմոկրատիայի պայմաններում որևէ պետության կամ
մշակութային միավորի տեխնիկական և նյութական բարգավաճման ցանկությունն ու ձգտումը ստիպում
է նրան ընդունել մոդեռնիզացիայի խաղի կանոնները, իսկ արդյունքում՝ արևմտյան տիպի արդյունաբերականացումը:
Հակառակ Մարքսի տեսության, տնտեսական զարգացման տրամաբանությունը հանգեցնում է կապիտալիզմի
հաղթանակի:
Ճանաչվելու մարդու տենչը Ֆուկույաման
նույնացնում է Պլատոնի հոգևոր գոյության գաղափարի և Ռուսոյի ինքնասիրության հասկացության
հետ: Գրքի հինգերորդ մասում հեղինակը հարցնում է. արդյո՞ք լիբերալ դեմոկրատիան ամբողջությամբ
բավարարում է ինքնահաստատման մարդու տենչը: Լիբերալ դեմոկրատիան քայքայում է կրոնական
և այլ պաշտամունքի և գերակայության ավանդական ինստիտուտները: Հավասարության և կոմֆորտի
իդեալների վրա կառուցված հասարակությունը չի կարող ստեղծել ազատ տարածություն աճի և
գերակայության ձգտումների համար: Ֆուկույաման օգտագործում է Ֆրիդրիխ Նիցշեի «վերջին
մարդու» հասկացությունը, որը ոչնչի չի հավատում և ոչինչ չի ճանաչում բացի սեփական կոմֆորտից:
Սեփական ուժերով լիբերալ դեմոկրատիան չի կարող ելքեր առաջարկել ստեղծված փակուղուց:
«Նրանք, ովքեր դժգոհ կմնան ստեղծված իրադրությունից, միշտ կարող են իրենց վրա վերցնել
պատմության ընթացքը վերսկսելու գործը»:
Տես նաև Ֆրիդրիխ Նիցշե Ողբերգության ծնունդը,
Թոմաս Մոր Ուտոպիա և Օսվալդ Շպենգլեր Եվրոպայի մայրամուտը
Ֆրենսիս Ֆուկույամա | Պատմության ավարտը և վերջին մարդը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 13, 2015
Rating:
