
Թափառական աշուղը կոչ է անում
ականջ դնել իր երգին: Մարդը անցավոր հյուր է կյանքում իր ծննդյան փուչ օրից: Անցողիկ
են սերը, խնդությունը, գեղեցկությունը: Միայն մարդու գործն է անմահ: Որպես իր իմաստուն
խոսքերի պատկերավոր ապացույց աշուղը երգում է հետևյալ պատմությունը:
Նադիր Շահը զորք է հավաքում
և պաշարում է Թըմկա բերդը: Ձայն է տալիս Թըմկա տիրոջը՝ Թաթուլին, և ասում, որ բերել
է նրա մահը: Թաթուլն առնում է իր քաջերին, նստում է ձին և իջնում է արյան դաշտը: Քառասուն
օր ու գիշեր կանգուն է Թըմկա բերդը: Թուրանցին կգա, թե իրանցին, միշտ հաղթանակով է
Թաթուլը: Միշտ վերադառնում է իր բերդը, որտեղ նրան սպասում է երիտասարդ կինը:
Այդ կնոջ սիրո մեջ է Թաթուլի
անպարտելիության գաղտնիքը, քանզի, ինչպես աշուղն է ասում, ով այդ տեսակ կին ունենար,
առանց զենքի էլ դուրս կգար շահերի դեմ: Շահին հայտնում են այն մասին, որ Ջավախքի դուստրն
է Թաթուլի հոգին, նրա ժպիտն է քաջին ուժ տալիս, որ սա առյուծի նման իջնում է կռվի դաշտ:
Աշուղը հիշեցնում է դեռ Ֆիրդուսու շուրթերից հնչած իմաստուն խոսքը. «Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին, Թե չըլինին կինն ու գինին»: Շահը Թըմկա տիրուհու
մոտ է ուղարկում իր երգչին և պատվիրում է երգել իր փառքը, հարստությունը… Թըմկա տիրուհին
լսելով երգը տակնուվրա է լինում դավաճանության ամոթի մասին և Շահի հարստության մասին
մտքերից:
Կռվից վերադարձած Թաթուլի և
նրա զորքի համար Թըմկա տիրուհին ճոխ խնջույք է կազմակերպում: Խավար գիշերով գինին հոսում
է արյան նման: Ինքը անում է իր Թաթուլի սրի գովքը և կոչ է անում հյուրերին ուրախ խմել:
Քնով են անցնում: Թաթուլը երազում տեսնում է, որ եկել է վիշապ օձը և փաթաթվում է իր
բերդին: Իբրև թե նա քնած է՝ կնոջ գլուխն իր կրծքին, իսկ երբ բացում է աչքերը, տեսնում
է իր կրծքին վիշապ օձի գլուխը:
Գիշերով դավանենգ թշնամին բացում
է բերդի դարբասները և ներս խուժում: Թաթուլի քնած զորքը այդպես էլ քնած է մնում՝ ցավին
և դավին անտարբեր: Հաղթական Շահը երեկոյան նստած է խնջույքի սեղանի առաջ: Մտքով անցնում
է աշխարհի բանը: Հաստատուն ոչինչ չկա աշխարհում: Ոչնչի և ոչ ոքի չի կարելի հավատալ.
ո´չ սեփական փառքին, ո´չ հարստությանը, ոչ էլ կնոջ տված բաժակին: Թըմկա տիրուհուն բերել
է տալիս իր մոտ և հարցնում է նրան, մի՞թե քաջ և սիրուն չէր Թաթուլը: Սևաչյա կինը պատասխանում
է, որ քաջ ու սիրուն էր, Շահից էլ առավել և բացի այդ կնոջ միջոցով խաբեությամբ բերդեր
չէր առնում: Կատաղած Շահը սրահ է կանչում դահճին և հրամայում ցած նետել Թըմկա տիրուհուն
ժայռից:
Աշուղն ավարտում է իր երգը.
Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց ենք կենում...
միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։
Հովհաննես Թումանյան | Թմկաբերդի առումը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 14, 2015
Rating:
