
Աննա Ֆրանկը տասներեք տարեկանում
սկսում է գրել իր օրագիրը ապաստարանում, ուր նա իր ընտանիքի անդամների հետ թաքնվում
է Ամստերդամի ֆաշիստական օկուպացիոն ադմինիստրացիայի ռեպրեսիաներից, որոնք ուղղված
էին քաղաքի հրեական բնակչության դեմ: Գրառումները կատարվել են երկու տարվա ընթացքում
(հունիսի 12, 1942 – օգոստոսի 1, 1944):
Օրագիրը, որը գրված է նամականու ձևով և հասցեագրված է երևակայական
Քիթթին, նկարագրում է թաքուստում պատսպարված 8 մարդկանց ամենօրյա կենցաղը, հույսերը,
ապրումները և սովորությունները… Այդ մարդիկ են՝
Օտտո Ֆրանկը՝ ընտանիքի գլուխը, «Օպեկտա» ֆիրմայի տնօրենը,
որի շենքում գտնվում էր ապաստարանը,
Էդիթ Ֆրանկը՝ Ֆրանկի կինը, Մարգոյի և Աննայի մայրը,
Մարգո Ֆրանկը՝ Ֆրանկի և Էդիթի դուստրը,
Աննա Ֆրանկը՝ Օտտոյի և Էդիթի դուստրը,
Հերման վան Պելսը՝ վան Պելսերի ընտանիքի գլուխը, Ֆրանկների
բարեկամը,
Ավգուստա վան Պելսը՝ Հերմանի կինը,
Պետեր վան Պելսը՝ Հերմանի և Ավգուստայի որդին
և ատամնաբույժ Ֆրից Պֆեֆերը:
Ֆրանկների ընտանիքը նախապատրաստվում է այն բանին, որ հնարավոր
է, նրանք ստիպված լինեն թաքնվել նացիստներից: Նրանք պատրաստում են կացարան, որտեղ տեղափոխում
են անհրաժեշտ իրեր, սնունդ և դրամ, որից հետո նախագծում են իրենց տեղափոխությունը,
եթե հանկարծ գերմանական օկուպացիոն ադմինիստրացիան փորձի ձերբակալել նրանց: 1942 թ.
ամռանը Մարգո Ֆրանկը ծանուցագիր է ստանում: Նրան կանչում են գեստապո: Այդ ժամանակ Ֆրանկների
ընտանիքը տեղափոխվում է իրենց պատրաստած ապաստարանը: Մեկ ամիս անց նրանց է միանում
նաև վան Պելսերի ընտանիքը:
Աննա Ֆրանկը՝ ամենակրտսեր կալանավորուհին, գրում է օրագիր,
որտեղ մանրամասնորեն նկարագրում է թաքնվողների կենցաղը, օրվա ընթացակարգը, սնվելը,
փոխհարաբերությունները ներսում և դրսի աշխարհի հետ: Շարադրում է նաև իր մտքերը պատերազմի,
սեռական և շատ ուրիշ հարցերի մասին: 1944 թ. նա սկսում է փոխել գործող անձանց անունները՝
հավանաբար հույս ունենալով հրատարակել իր գրառումները: Օրագիրը թույլ է տալիս պատկերացում կազմել օկուպացված Հոլանդիայում տիրող իրավիճակի բազմաթիվ դրվագների վերաբերյալ: Հետապնդվում
են ոչ միայն հրեաները, այլև նրանց օգնող քրիստոնյաները, տիրում է սով, մարմնավաճառություն,
հիվանդություններ, ինֆլյացիա…
Աննայի գրառումները գնալով ավելի երկար ու խորն են դառնում:
Բավականաչափ ուշագրավ են դատողությունները մեծահասակների և փոքրահասակների փոխհարաբերությունների,
արժեքների և լավագույնի հանդեպ մարդկային հավատի մասին:
1944 թ., երբ արդեն քիչ էր մնացել, որ գերմանացիները լքեն
Ամստերդամը, անհայտ անձը, որին հայտնի էր ապաստարան-թաքստոցի մասին, մատնում է թաքնվողների տեղը,
և երկու ընտանիքներին կալանավորում են: Գրառումներն այստեղ ընդհատվում են: Կալանվածներին
ուղարկում են տարբեր համակենտրոնացման ճամբարներ: Ճամբարներից ողջ է վերադառնում միայն
Օտտո Ֆրանկը
Տես նաև Ալեքսանդր Սոլժենիցին Արխիպելագ Գուլագ, Գուրգեն
Մահարի Ծաղկած փշալարեր և Ֆրանց Վերֆել Մուսա լեռան քառասուն օրը
Աննա Ֆրանկի Օրագիրը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 24, 2015
Rating:
