
Աշխատանքից հետո աղքատ
դերձակը պատրաստվում է ընթրել: Սեղանին է դնում մի քանի սալորները, որոնց վրա իսկույն
հարձակվում են ճանճերը: Դերձակը մի հարվածով սատկացնում է յոթին: Համարելով սա իսկական
սխրանք, գոտի է կարում, որի վրա գրում է. «Մեկ հարվածով սպանում եմ յոթին»: Գնում է
մեծ աշխարհ, որպեսզի բոլորն իմանան իր փառքի մասին: Ճանապարհին հանդիպում է հսկայի,
որին իր բարեկամությունն է առաջարկում: Սակայն հսկան նախ փորձում է դերձակին: Հսկան
վերցնում է քարը և սեղմում է այն: Քարից ջուր է հոսում: Դերձակը սեղմում է գրպանից
հանած պանրի կտորը և հասնում է նույն արդյունքին: Հսկան քար է նետում երկինք: Քարը
կորչում է տեսադաշտից, սակայն որոշ ժամանակ հետո վերադառնում է: Դերձակը երկինք է նետում
գրպանում պահած թռչնակին, որը վեր է խոյանում և այլևս չի վերադառնում:
Հսկան բերում է դերձակին յուրայինների մոտ: Նրանք ապրում
են քարանձավում: Գիշերով հսկաները, որոշելով սպանել իրենց հյուրին, երկաթե մահակ են
շուռ տալիս դերձակի մահճակալի վրա: Սակայն դերձակը ողջ է մնում, որովհետև մահճակալը
անհարմար էր թվացել նրան և նա քնել էր ծղոտի վրա անկյունում: Առավոտյան տեսնելով ողջ
ու առողջ դերձակին՝ հսկաները փախչում են:
Դերձակը ծառայության է անցնում թագավորի մոտ: Սակայն թագավորի
պահապանները վախենալով, որ նա վեճի մեջ կարող է սպանել իրենցից յոթին, համոզում են
թագավորին ազատվել դերձակից: Թագավորը ուղարկում է դերձակին կռվելու երկու հսկաների
դեմ՝ խոստանալով հաղթանակի դեպքում նրան տալ թագավորության կեսը և իր դստեր ձեռքը:
Դերձակը գտնում է երկու հսկաներին ծառի տակ քնած: Բարձրանում
է ծառը և սկսում է քնած հսկաների վրա քարեր նետել: Հսկաներն արթնանում են, վիճում,
կռվում և սպանում են իրար: Դերձակը հարվածում է մեռածներին իր սրով, որպեսզի թագավորը
հավատա, որ ինքն է սպանել նրանց:
Սակայն թագավորը ևս երկու հանձնարարություն ունի դերձակի
համար: Նախ ուղարկում է անտառ՝ որսալու համար վայրի կինճին, իսկ հետո մենամարտելու
ահեղ միեղջյուրի հետ: Ճարպիկ դերձակը կարողանում է երկուսի համար թակարդ լարել և որսալ
նրանց:
Հարսանիքը հետաձգելու պատճառներ չգտնելով, թագավորը դերձակին
կնության է տալիս իր դստերը: Որոշ ժամանակ անց, կինը գիշերով լսում է դերձակի երազում
արտասանած խոսքերը և հասկանում է, որ սա հասարակ դերձակ է: Խնդրում է հորը, որ սա ուղարկի
ծառաներին և նրանք կապկպեն իր ամուսնուն: Սակայն ծեր զինակիրը զգուշացնում է դերձակին
պատրաստվող դավադրության մասին: Դերձակը քնած է ձևանում և իբրև թե երազում սկսում է
բղավել, որ հեշտությամբ կարող է դռան ետևում թաքնված մարդկանց հախից գալ: Լսելով դա՝
դավադիրները սարսափահար փախչում են, իսկ քաջ դերձակը թագավոր է մնում մինչև կյանքի
վերջ:
Տես նաև Մորխոտը, Բրեմենյան երաժիշտները, Հենզելն ու Գրետելը
Գրիմ եղբայրներ | Քաջ դերձակը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 28, 2015
Rating:
