
Հյումիրի երգը
Աստվածները որսից տուն են վերադառնում և որոշում են խրախճանք
կազմակերպել, սակայն չունեն մեծ կաթսա: Թյուր աստվածը խորհուրդ է տալիս Օդինի որդուն՝
Թորին, Արևելքում ապրող իմաստուն Հյումիրից
վերցնել նրա կաթսան:
Թյուրը և Թորը գնում են Հյումիրի մոտ: Սեղան են նստում նրա
հետ, միասին ձկնորսության են գնում: Թորը որսում է մեծ վիշապ, իսկ Հյումիրը՝ երկու
կետաձուկ: Հյումիրը ցանկանալով ստուգել Թորի ուժը, պատվիրում է նրան կոտրել իր գավաթը:
Թորը կարողանում է կոտրել այն՝ հարվածելով հենց Հյումիրի գլխին, քանզի միայն նրա գանգն է առավել ամուր գավաթից: Հյումիրը համաձայն է տալ կաթսան, բայց խնդրողները իրենք պիտի
տեղ հասցնեն կաթսան և ոչ ոքի օգնությանը չդիմեն: Թորը գլխին է դնում կաթսան և գնում
է: Ճանապարհին Թյուրը և Թորը տեսնում են, որ նրանց ետևից է շարժվում Հյումիրի զորքը:
Թորը բոլորին կոտորում է: Դրանից հետո աստվածները կարողանում են ուզածին չափ գարեջուր
պատրաստել և խմել:
Երգ Թրյումի մասին
Թորը զարթնում է քնից և տեսնում է, որ իր մահակ Մյոլինինիրը
կորել է: Ասում է այդ մասին Լոկիին: Լոկին վերցնում է Ֆրեյայի փետուրե հանդերձանքը
և աստվածների երկրից թռչում է հսկաների երկիրը: Պարզվում է Թրյում հսկան է վերցրել
մահակը: Ետ կվերադարձնի պայմանով, որ իրեն կնության տան Ֆրեյային: Սակայն Ֆրեյան կտրականապես
հրաժարվում է: Աստվածները թինգ են գումարում և որոշում են Թորին զուգել-զարդարել որպես
հարսնացուի:
Հարսանիքի ժամանակ Թրյումը մոտենում է Թորին, որպեսզի համբուրի,
սակայն բարձրացնելով քողը տեսնում է, որ հարսնացուի աչքերից կրակ է թափվում: Նրան ասում
են, որ հարսնացուն չի քնել 8 օր և հոգնել է: Հրամայում է բերել մահակը և դնել իր հարսնացուի
ծնկներին: Այդ ժամանակ Թորը վերցնում է իր մահակը և վերացնում է հսկաների ողջ ցեղը:
Երգ Վյոլունդի մասին
Նիդուդն ունի 2 որդի և մի դուստր, որի անունն է Բեդվիլդ:
Երկրում ապրում են նաև 3 երբայրներ՝ Սլագֆրիդը, Էգիլը և Վյոլունդը: Կնության են վերցնում
վալկիրիաների: Ապրում են 7 տարի երջանիկ: Հետո վալկիրիաները մեկնում են կռվի և չեն
վերադառնում: Եղբայրները մեկնում են նրանց ետևից: Միայն Վյոլունդն է մնում տանը: Նիդուդն
իմանում է, որ Վյոլունդը տանն է և զորք է ուղարկում: Կապկպում են քնած Վյոլունդին:
Նիդուդը վերցնում է նրա թուրը, իսկ զինվորներին հրամայում է կտրել Վյոլունդի ոտքերի
ջլերը և թողնել հեռավոր կղզում: Սակայն այստեղ են գալիս Նիդուդի 2 որդիները: Վյոլունդը
կարողանում է սպանել նրանց, կտրել գլուխները, գավաթներ սարքել և ուղարկել իրենց հորը:
Հետո պատվազրկում է իր մոտ եկած Բեդվիլդին և հեռանում է:
Հելգիի՝ Հուդինգի սպանողի մասին
Սիգմունդի որդու անունը Հելգի է: Նրա դաստիարակն է Հագալը:
Սիգմունդի թշնամին է Հունդինգը: Հունդինգի մարդիկ գալիս են Հագալի մոտ և փնտրում են
Հելգիին: Սա աղջիկ է ձևանում և սկսում է ցորեն աղալ: Քանի դեռ Հունդինգի զինվորները
փնտրում են իրեն, Հելգին կարողանում է թափանցել Հունդինգի նավը և սպանել նրան: Այդ
օրից նա կոչվում է Հունդինգի սպանող: Այնուհետև նա սպանում է նաև Հունդինգի որդիներին
և միանում է Հյոգնիի դստեր՝ Սիգրունի հետ: Նրանք ունենում են զավակներ, սակայն Սիգրունի
եղբայրը՝ Դագը, որի հորը Հելգին սպանել է, նիզակ է խնդրում Օդին աստծուց և դրանով
սպանում է Հելգիին: Հելգին գնում է Վալհալլա, որտեղ Օդինը նրան առաջարկում է կառավարել
իր հետ հավասար:
Գրիպիրի մարգարեությունը
Գրիպիրի՝ ամենաիմաստուն մարդու մոտ գալիս է Սիգուրդը և հարցնում
է իր ճակատագրի մասին: Գրիպիրն ասում է, որ Սիգուրդը լինելու է հզոր: Նախ կլուծի հոր
վրեժը և կհաղթի Հունդինգին: Այնուհետև կհաղթի նաև գաճաճ Ռեգինին: Ի դժբախտություն կհանդիպի
գեղեցիկ կույսին: Այդ կույսի անունն է Բրյունհիլդ: Սակայն նենգ Գրիմհիլդը կամուսնացնի
Սիգուրդին Գուդրունի՝ Գրիմհիլդի և Գունարի դստեր հետ: Սիգուրդին վիճակված է հարսնախոսության
գնալ և խնդրել Բրյունհիլդին Գունարի համար: Սիգուրդը և Գունարը կփոխվեն տեղերով, իսկ
հետո, երբ գա հարսանիքի օրը, և երբ Սիգուրդը կամուսնանա Գուդրունի, իսկ Գունարը՝ Բրյունհիլդի
հետ և նրանք նորից կվերադառնան յուրաքանչյուրն իր տեղը, նրանց հոգիները կմնան
նախկին տեղում: Սիգուրդը և Գուդրունը կապրեն երջանիկ, իսկ Բրյունհիլդին ամուսնությունը
կթվա դառը և նա վրեժ կծրագրի: Գունարի եղբայրները կսպանեն Սիգուրդին: Մեղավորը կլինի
նենգ Գրիմհիլդը:
Գրիպիրն ասում է, որ կյանքում Սիգուրդը չի լինի երջանիկ,
սակայն աշխարհում չի լինի նրան հավասար դյուցազն: Սիգուրդը շնորհակալ է նրան: Նա համոզված
է, որ եթե Գրիպիրը կարողանար, ապա ավելի բարի բախտ կգուշակեր իրեն:
Տես նաև Նիբելունգների երգը, Կալեվալա, Ռոլանդի երգը և Երգ իմ Սիդի մասին
Ավագ Էդդա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 23, 2015
Rating:
