
1909 թ. փետրվարի 20-ին իտալացի իրավաբան և բանաստեղծ Ֆիլիպո Տոմազո Մարինետտին ֆրանսիական «Լը Ֆիգարո» հանդեսում հրապարակում է «Ֆուտուրիզմի մանիֆեստը» (լատ.՝ futur - ապագա)՝ սկիզբ դնելով արվեստի ավանգարդ շարժմանը, որը պիտի միտված լիներ ապագային և խզեր իր կապերը
անցյալի հետ։ Մանիֆեստի
էությունը ամփոփվում է հետևյալ հիմնադրույթներում:
Պետք է հրաժարվել նմանակման բոլոր ձևերից: Փոխարենը պիտի փառաբանվեն ինքնատիպության բոլոր ձևերը։
Ֆուտուրիստները երգելու են վտանգի հանդեպ սերը, էներգիայի
և անվախության սովորությունը:
Արիությունը, խիզախությունը և ապստամբությունը կլինեն ֆուտուրիստների
պոեզիայի հիմնական գծերը:
Մինչ այժմ գրականությունը փառաբանում էր մտազբաղ անշարժությունը,
էքստասիսը և քունը: Ֆուտուրիստները երգելու են գործողությունը, տենդագին անքնությունը,
մրցարշավորդի վազքը, մահացու թռիչքը, բռունցքի հարվածը և ապտակը:
Ֆուտուրիստները հաստատում են, որ աշխարհի շքեղությունը կհարստանա
նոր գեղեցկությամբ՝ արագության գեղեցկությամբ: Մրցարշավի մեքենան, որի կապոտը ինչպես
հուր արտազեղող օձերը զարդարում են խողովակները, ավելի գեղեցիկ է Սամոտրակիայի Նիկեից:
Ֆուտուրիստները ուզում են երգել մեքենայի ղեկի առաջ նստած
մարդուն, որի ոգին տարածվում է աշխարհով մեկ:
Բանաստեղծը պիտի անմնացորդ ծախսի իրեն, որպեսզի լցնի նախնադարյան
էներգիաների ցնծագին կիրքը:
Գեղեցիկը կարող է լինել միայն պայքարի մեջ: Ագրեսիվ բնույթից
զուրկ ոչ մի ստեղծագործություն չի կարող լինել գլուխգործոց:
Պոեզիան հարկ է դիտել որպես կատաղի գրոհ, որն ուղղված է անհայտ
ուժերին՝ ճնշելու համար դրանք և ենթարկելու համար մարդուն:
Մարդը կանգնած է դարերի վերջին սահմանագծին: Հետևաբար անհնար
է ետ շրջվել, եթե ուզում են բացել անհնարի դուռը: Տարածությունը և ժամանակը մեռել են
երեկ: Մարդիկ ապրում են բացարձակի մեջ, որովհետև ստեղծել են բացարձակ արագություն:
Ֆուտուրիստները փառաբանելու են պատերազմը՝ աշխարհի միակ հիգիենան:
Երգելու են միլիտարիզմը, հայրենասիրությունը, ազատագրողների կործանարար գործողությունները,
գողեցիկ գաղափարները, որոնց համար ափսոս չէ մեռնել, և արհամարհանքը կնոջ նկատմամբ:
Ֆուտուրիստները կքանդեն գրադարանները, թանգարանները, բոլոր
տեսակի ուսումնական հաստատությունները և կպայքարեն, բարոյապաշտության, ֆեմինիզմի, ամեն
տեսակ վախկոտության դեմ:
Ֆուտուրիստները կփառաբանեն բազմագույն, բազմաձայն հեղափոխությունները
ժամանակակից քաղաքներում, կփառաբանեն էլեկտրական լուսիններով լուսավորված զինանոցների
և նավակայանների դողդոջն ու գիշերային ջերմը:
Ֆիլիպո Տոմազո Մարինետտի | Ֆուտուրիզմի մանիֆեստ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 19, 2015
Rating:
