
Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում է քաղաք: Արևը սաստիկ այրում է, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ է անում: Այնպես է պատահում, որ հենց կիզիչ կեսօրին հանդիպում է մի աղբյուրի, որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում է ծառերի զով ստվերի տակ: Ահմեդը ուղտերը քաշում է աղբյուրի գուռների վրա, լավ ջրում, ինքն էլ մի կուշտ խմում, հետո փռվում ստվերի հովին: Ո՛չ արթուն է, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել է նրա հոգնած անդամների վրա: Երբ կեսօրը կոտրվում է, Ահմեդը ուշքի է գալիս, նայում-տեսնում ուղտերի մեկը չկա: Շտապով ոտքի է հանում ուղտերը, գնում գյուղ: Մի պառավ կին է հանդիպում նրան գյուղի ծայրին: -Նանի՛,
- ասում է Ահմեդը,-
ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել:
- Ես քո ուղտի դա՞րդն եմ,-
զայրացած ասում է պառավը.-
իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, չեմ գտնի. արի առաջ աքլորս ման գանք, հետո քո ուղտը:
Ահմեդը մտնում է գյուղը, ուղտերը պահ տալիս գյուղի տանուտերին ու ինքը գնում կորուստը փնտրելու: Գյուղից դուրս է գալիս մի մարդ, պարկով ցորենը դնում է գետնին: Պարկի մի կողքը պատռվել է, ցորենը թափվել է ճամփի վրա: Խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում: -Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, չե՞ս տեսել:
-Ես գլուխս եմ մոլորել,-
նեղսրտած ասաց մարդը,-
երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
Ում որ դիմեց, նույն պատասխանն է ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք: Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ է դառնում. մի ծառի տակ նստում, տխուր-տխուր միտք է անում, հետո քնում. քունն ու երազ տեսնելը մեկ է լինում. տեսնում, որ իր մայրն է գալիս, Ահմեդի գլուխը շոյում ու ասում.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի: Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնում և վազում է պառավի մոտ. -Նանի, աքլորդ գտա՞ր,-
հարցրեց Ահմեդը: - Չէ՛, որդի, չէ՛:
- Արի, միասին փնտրենք,-
ասում է Ահմեդը: Եվ երկուսով ընկնում են գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում են կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչում է. - Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազում է աքլորի ետևից… հանկարծ մեկ էլ աչքի առջևը - իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ է անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկա. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը - գալիս է գյուղ:
Տես նաև Լիլիթ, Գարիբալդիականը, Աբու Լալա Մահարի և
Համբերանքի չիբուխը
Ավետիք Իսահակյան | Ահմեդի ուղտը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 04, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 04, 2016
Rating:
