
Արևելքի մի հրաշագեղ աշխարհում
արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում:
Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է
որդիներին և ասում.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել:
Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա,
ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ
շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը
իր բոլոր անկյուններով, ծայրեծայր
լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք,
գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրում են
հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են
ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո
գալիս-կանգնում են հոր առաջ:
-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:
Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝
պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը,
թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի
բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:
Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.
Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին,
գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին
խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:
- Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը,
իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ
տեսա, բայց լույսից անհրաժեշտ
ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ
տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի
բանը:
Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:
Ավետիք Իսահակյան | Ամենապիտանի բանը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 03, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 03, 2016
Rating:
