
Վեպը պատմում է որսորդական ակումբի անդամների զվարճալի արկածները:
Ժամանակակից աշխարհի չարիքը շրջապատել է պիկվիկյաններին: Վեպի գլխավոր սյուժեին ընդմիջարկված
նովելներում պատմվում է անգութ աշխարհի մասին, որտեղ կործանվում են լավագույն երազանքները,
անկեղծ սերը և բարեկամությունը, ստորացվում է իսկական մարդկությունը (մահամերձ դերասանը,
երիտասարդ կալանավորը, խելագար միլիոնատիրոջը բռնի ամուսնացած աղջիկը և այլն):
Պիկվիկը և նրա ընկերները փոքր-քիչ տարօրինակ մարդիկ են, որոնք չեն գիտակցում իրենց
շրջապատող աշխարհում տիրող չարիքը: Նրանք զբաղված են չնչին գործերով: Պիկվիկն ուսումնասիրում
է գեղազարդ փշաձկնիկի գոյության վիճակը քաղաքային լճակներում, ծոցատետրում տեղեկություններ
է գրի առնում քնձռոտ ձիու մասին, որի պատճառով կառապանը նրան դնում է ոստիկանության
լրտեսի տեղ: Արկածախնդիր Ջինգլը լկտի ու չարախինդ ծաղրի է ենթարկում Պիկվիկին, Թափմենին,
Ուինկլին: Սակայն, վեպի տարօրինակ բնավորության տեր ու սահմանափակ հերոսը անսպասելիորեն
հանդես է գալիս այլ լույսի տակ՝ որպես ճշմարտության մարտիկ, որը խոսքով ու գործով մշտապես
պատրաստ է օգնել նրանց, ովքեր իր աջակցության կարիքն ունեն: Պիկվիկի և փաստաբաններ
Դոդսոնի և Ֆոգի, որոնք ձգտում էին նրանից բռնագանձել խոշոր գումար՝ 700 ֆունտ (իբրև
տանտիրուհու հետ ամուսնանալու Պիկվիկի տված խոստումը խախտելու տուգանք), միջև տեղի
ունեցած բախման ընթացքում Պիկվիկն իրեն դրսևորում է որպես ճշմարտության ջատագով, որպես
իսկական քաղաքացի, որը Մարշալսի բանտի խուցը նախընտրում է բանսարկու փաստաբանների առաջ
նահանջելուց: Նրա ճշմարտասիրությունը, կեղծիքի ու չարիքի հանդեպ նրա անսահման ատելությունը
նվաճում է Պիկվիկի կողմնակիցների և նրան նվիրված ու զինակից Սեմ Ուելերի համակրանքը:
Պիկվիկի բարությունը հաճախ հակադրվում է հասարակության բարեկանոն նորմերին: Պիկվիկին,
որն իր դյուրահավատության պատճառով հաճախ ընկնում է հիմար վիճակների մեջ, անվանում
են անգլիական Դոն Կիխոտ, իսկ նրա հավատարիմ սպասավոր ժուժկալ Սեմ Ուելերին՝ Սանչո Պանսա:
Սեմը քաղաքային ցածր խավի բնորոշ ներկայացուցիչն է: Նրա հնարամտությունը, ժամանակակից
աշխարհի իրական հարաբերությունների խոր գիտակցումը օգնում են նրան պիկվիկյաններին
ազատվել փորձանքներից: Նա գիտի բազմաթիվ ժողովրդական բալլադներ ու զրույցներ:
Իր ժանրային հատկանիշներով «Պիկվիկյան ակումբի հետմահու գրառումները»
մոտ են Ֆիլդինգի, Սմոլետի, Սթեռնի նախասիրած «մեծ ճանապարհի» վեպերին, որ թույլ է տալիս
ազատորեն շարադրանք ներմուծել պատահական գործող անձանց և ֆաբուլայի հետ որևէ կապ չունեցող
միջադեպեր: «Պիկվիկյան ակումբը» վեպ հակաուտոպիա է, վեպ-իդիլիա, որ դժվար է բնորոշել
ռեալիստական արվեստի օրենքներով:
Չարլզ Դիքենս | Պիկվիկյան ակումբի հետմահու գրառումները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 09, 2016
Rating:
