
Ապուլեոսի «Կերպարանափոխությունները»
կապված է Լուկիանոսին վերագրված «Գայլ կամ ավանակ» վեպի հետ, որն իր հերթին Լիկիոս
Պատրոսցու չպահպանված վեպի համառոտումն է: Ապուլեոսի «Ոսկե ավանակը» բաղկացած է 2 մասից,
որոնք նա անվանել է գրքեր: Առաջին գիրքը բաղկացած է 5 գլխից, երկրորդը՝ 6: Վեպում ներառված
է նաև մի փոքրիկ սիրավեպ «Ամուր և Պսիքեա» վերնագրով: Ապուլեոսի և հունական վեպի տարբերությունն
այն է, որ Ապուլեոսի վեպում մեծ տեղ է բռնում կախարդությունը, սնոտիապաշտությունը:
Գլխավոր հերոսը Լուկիոսն է, մի երիտասարդ հույն, որը կախարդություն սովորելու նպատակով
գալիս է Թեսալիա և հյուրընկալվում է ծանոթի տանը: Ծանոթի կինը՝ Պամֆիլիան, կախարդ է:
Տիրուհու արվեստը յուրացրել է նաև աղախինը՝ Թետիսը: Սա անտարբեր չէ Լուկիոսի հանդեպ:
Տղայի հետաքրքրությունը բավարարելու համար նրան առաջնորդում է տիրուհու կախարդական
սենյակը և այստեղ սխալմամբ նրան դարձնում ավանակ: Լուկիոսը փոխվում է միայն ֆիզիկապես,
հոգով մնում է մարդ: Ավանակը երկար չի մնում այստեղ, գողերը նրան հափշտակում են և ծառայեցնում
իրենց կարիքների համար: Նա անվերջ փոխակերպվում է, ենթարկվում տարատեսակ զրկանքների,
անգթորեն ծեծվում, բայց տանում է դա անտրտունջ: Ականատես է լինում բազում անթույլատրելի
երևույթների, այլասերված բարքերի: Վերջապես ավանակը փախչում է ծովափ և Իսիս աստծվածուն
խնդրում վերականգնել իր նախկին կերպարանքը: Դիցուհին երազում երևում է նրան և խոստանում
կատարել խնդրանքը պայմանով, որ Լուկիոսը դառնա նրա սպասավորը: Հետևյալ օրը, երբ տեղի
է ունենում դիցուհու տոնահանդեսը, Լուկիոսը խժռում է դիցուհու պսակի վարդերը և իսկույն
մարդ է դառնում: Սյուժետային այս գծի ընթացքում բազմաթիվ այլ մանրապատումների հետ մեկտեղ
պատմվում է Ամուրի և Պսիքեայի պատմությունը: Երիտասարդ Տլեպտոլեմեոսը և Քարիսը սիրում
են իրար: Հարսանիքի օրը Քարիսին գողանում են ավազակները և թաքցնում՝ հանձնելով նրան
մի պառավի: Քարիսը տառապում է ծնողների և սիրեցյալի հանդեպ կարոտից: Պառավը քնքուշ
վերաբերմունքով հանգստացնում է նրան և վիշտն ամոքելու նպատակով պատմում է Ամուրի և
Փսիքեայի սիրավեպը, որ հեքիաթ է: Զրույցն սկսվում է հենց հեքիաթի ձևով: Մի երկրում
ապրում է թագավորը թագուհու հետ: Նրանք ունեն երեք աղջիկ, որոնցից մեկը՝ Փսիքեան, շատ
գեղեցիկ է: Նրա գեղեցկությանը նախանձում է Վեներա դիցուհին և ցանկանում է դժբախտացնել
Փսիքեային՝ մի տգեղ երիտասարդի հետ ամուսնացնելով: Վեներան ուղարկում է Ամուրին, որպեսզի
սա ներշնչի Փսիքեային սիրահարվելու տգեղ երիտասարդին: Փսիքեան չունի ոչ մի փեսացու:
Փեսացուներ որսալու նպատակով ծնողները կախարդի խորհրդով Փսիքեային ուղարկում են անապատ
և թողնում ժայռի վրա: Այստեղ կույսին պետք է երևա նրա փեսացուն: Զեփյուռը Փսիքեային
փախցնում է ժայռից և տանում անմարդաբնակ պալատ: Մենակության մեջ աղջիկը թախծում է կարոտից:
Նրա մենակությունը փարատվում է անտեսանելի փեսացուի ներկայությամբ, որը չքանում է վաղ
արշալույսին: Մի օր Փսիքեայի քույրերը գալիս են նրան տեսության. քրոջ ճոխությունը գրգռում
է քույրերի նախանձը: Նրանք խորհուրդ են տալիս Փսիքեայից իմանալ, թե ով է անտեսանելի
փեսացուն, իսկ փեսացուն շարունակ զգուշացնում էր Փսիքեային չիմանալ գաղտնիքը: Քույրերը
համոզում են Փսիքեային, որ հարկավոր է սպանել անհայտ այցելուին, որովհետև նա մարդ չէ,
այլ թևավոր ճիվաղ: Փսիքեան սարսափահար գիշերը, երբ մութի մեջ այցելում է փեսացուն,
վառում է ճրագը և երևակայական ճիվաղի փոխարեն տեսնում սիրո աստծուն՝ Ամուրին: Ամուրը
քնած է: Նրա ուսին ընկնում է ճրագի տաք կաթիլը, Ամուրը զարթնում է և թռչում. Փսիքեային
նա հայտնում է, որ փոխանակ նրան նետահարելու և սեր գրգռելու նրա մեջ, ինքը՝ Ամուրն
է սիրահարված Փսիքեային: Նա այլևս չի այցելում աղջկան, որը որոշում է վրեժ առնել քույրերից,
նրանց համոզում է, որ Ամուրը ցանկանում է ամուսնանալ նրանցից մեկի հետ և դրա համար
պետք է գնալ և բարձրանալ անապատի ժայռը: Նրանք հավատում են քրոջը և գնում ժայռի մոտ և
մեռնում այնտեղ: Վեներան իմանում է այս ամենի մասին և հրամայում է Մերկուրիուսին գտնել
Փսիքեային: Փսիքեան տխուր է, մենակ և որոնում է Ամուրին. նրան ոչ ոք չի օգնում, ոչ
Վեներան, ոչ Ցերեսը, ոչ Յունոն: Պսիքեան հանդիպում է Վեներային, որը հանդիմանում է
նրան և տալիս 3 ծանր պարտականություն: Փսիքեան պիտի մեկ օրվա ընթացքում ջոկի հատիկների
մի հսկա կույտ և դասավորի ըստ տեսակների: Մրջյունների օգնությամբ կատարում է հանձնարարությունը:
Այնուհետև վայրի ոչխարներից պիտի պոկոտի ոսկե մազափունջ: Նրան օգնում է գետեզրյա ոսկե
եղեգը: Երրորդ պարտականությունն էր դատարկ սափորը ջրով լցնելը մի ճահճից, որի վրա հսկողություն
էր անում վիշապը, և որը կապ ուներ ստորերկրյա Սթիքս գետի հետ: Փսիքեան այդ պարտականությունը
կատարում է. այս անգամ նրան օգնում է արծիվը: Վեներան չի բավարարվում դրանով: Նա ստիպում
է Փսիքեային իջնել Հադես և Պրոզերպինային խնդրել պարգևելու նրան իր գեղեցկության մի
բաժին և այն դնել մի տուփի մեջ: Փսիքեան այդ հանձնարարությունը համարում է մահ և որոշում
է աշտարակից նետվել և ինքասպանությամբ վերջ տալ իր կյանքին, սակայն աշտարակը նրան առաջնորդում
է անվտանգ ուղիով և խորհուրդ է տալիս չբանալ տուփը: Փսիքեան հետաքրքրությունից բացում
է տուփը և քնում: Ամուրը հասնում է օգնության, սրսկումով նրան արթնացնում է քնից և
ապա դիմում Յուպիտերի օգնությանը: Յուպիտերը թույլատրում է Ամուրին ամուսնանալ Փսիքեայի
հետ և նրան անմահություն պարգևում:
Գրքի 10-րդ գլխում պատմվում
է, թե ինչպես խորթ մայրը սիրահարվում է խորթ տղային, մերժում ստանում և վրեժ լուծում:
Այս բոլորը հիշեցնում են Եվրիպիդեսի «Հիպոլիտոսը պսակազարդ» ողբերգությունը: Պատմում
է նաև Տրոյական պատերազմի մասին:
Տես նաև Վերգիլիոս «Էնեական»
Ապուլեոս | Կերպարանափոխություններ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 01, 2016
Rating:
