
Խաղաղ և ապահով կյանքով ապրում է Վանը: Օհանես աղայի ընտանիքում
ծնվում է երրորդ զավակը և հանգուցյալ վաճառական պապի անունով մկրտվում է Մուրադ, ում
կոչում են նաև Ոստանիկ: Օհանես աղան ունի խանութ Վանի շուկայում և ապահով ու բարեկեցիկ
կյանք է ստեղծել իր ընտանիքի համար: Սպիտակ էշի զանգուլակները զրնգացնելով՝ նա գնում
է աշխատանքի՝ հանդիպում իր նման խանութպանների, զրուցում նրանց հետ, սուրճ խմում և
կուտակում իր հարստությունը:
Նրա հետ ապրում է մայրը՝ Սրբուհի հանըմը, որը պահում է գերդաստանի
ավանդական նիստ ու կացը: Օհանես աղան շատ ջերմ ու սիրով է կնոջ՝ Սաթենիկի հետ: Քաղաքում
նա ստեղծել է իր դիրքը և պատիվ է վայելում: Թեև քաղաքում նրան շատերը ասում են «գազան»,
բայց նա իրականում ընդամենը հաշվենկատ մարդ է: Քաղաքական հարցերի մեջ դիվանագետ չէ,
կուսակցությունների պայքարի մեջ ճկուն չէ, բայց ունի ներքին բնազդներից բխող դիրքորոշումներ:
Ապահով կյանք, հաստատունություն,- սրանք են նրա երազանքները, սակայն դրանք դեմ են առնում
պատերազմի վտանգին:
Մուրադխանյանները չորս եղբայր են. Համբարձում աղան ապրում
է Պոլսում և զբաղվում առևտրով, Մխիթարն ապրում է Վանի Էրմանց գյուղում և զբաղվում է
երկրագործությամբ, իսկ Գևորգը ծխական դպրոցում ուսուցիչ է: Գևորգը անժառանգ է: Հարբեցող
է: Նրան հեռացնում են դպրոցից: Անվերջ վիճում է կնոջ՝ Վերժինի հետ:
Վանը ներքաշվում է քաղաքական պայքարի մեջ: Հայ հեղափոխականները
գաղտնի զինում են ժողովրդին: Այդ նպատակով ահաբեկությամբ դրամ են պահանջում հարուստներից:
Հերթը հասնում է նաև Օհանես աղային, որն իր հարուստ ընկերների հետ պիտի 500 ոսկի տա:
Նրանք պատրաստ են նվիրատվություն անել, սակայն դեմ են «քոլոզականների» ահաբեկչական
պահանջաձևին: Որպես վիպական հերոսներ ասպարեզ են մտնում ժամանակի քաղաքական գործիչները՝
Արամը, Իշխանը, Վռամյանը, Փառամազը, Արմենակ Եկարյանը, բուլղարացի Գրիգորը: Իրար հետ
վիճում են նաև նրանք: Իշխանը դեմ է ահաբեկչությանը և սպառնալիքներին: Ազգային նպատակների
համար թալանվում է Աղթամարի վանքը, սպանվում են վանահայրը և ուրիշ սպասավորներ: Դրան
մասնակից է լինում նաև քաղաքականություն մտած պարոն Գևորգին: Հերթական ահաբեկչության
թիրախ է դառնում Վանի հարուստներից Պետրոս բեյ-հաջի աղա Գափամաջյանը: Իսկ Օհանեսը վտանգից
խուսափելու համար հանդիպում է «կոմիտեի» անդամներին: Պոլսից լուր է գալիս, որ վախճանվել
է Օհանես աղայի եղբայրը: Օհանեսի և Մխիթարի տներն վերածվում են զինապահեստների: Ընթացքում
հեղինակը կերպավորում է ժողովրդական հերոսներին՝ Արաբոյին, Կայծակին և Առաքելին: Ներկայացվում
է թուրք գավառապետը և նրա ազատամիտ կինը՝ Նանան: Սրանք խոսում են հայերի և թուրքերի
բարեկամության մասին, սակայն իրականում կոծկում են իրենց նենգ մտադրությունները: Սակայն
հայերը գիտեն նրանց մտադրությունների մասին: Թուրքերը շարունակում են դեռ
1894-1896 թթ. գործած ոճրագործությունները: Օհանեսի ընկերոջը՝ խանութպան Սիմոն աղային
մորթում են, Իշխանին գնդակահարում, Վռամյանին խեղդում Վանա լճում: «Աշխարհի վերջն է»,-
մտածում է Օհանես աղան: Սկսվում է վանի պաշարումը: Կռվողները ելնում են դիքերը, իսկ
հարուստները իրենց ոսկիները կուժով հորում են հողի տակ: Արահավիրքը չի շրջանցում նաև
Օհանես աղայի գերդաստանը: Թուրքերը ցցահան են անում Մխիթարին և պղծում նրա ընտանիքը:
Գևորգը հերոսանում է՝ պայթեցնելով թշնամու պահեստները և ինքն էլ զոհվելով: Օհանեսի
դուստրը՝ Լիան դառնում է գթության քույր, իսկ ավագ որդի Սուրենը դիրքերում կռվում է
Արաբոյի զորքում: Օհանեսն այդ ընթացքում միայն տրտնջում է. «Ո՜ւր է իմ խանութը…»
Վանի կռիվները ստանում են համաժողովրդական պայքարի ընդգրկում:
Անգամ նկարիչ Թերլեմեզյանը վրձինը զենքի փոխած կռվում է թշնամու դեմ: 1915 թ. մայիսի
5-ին թուրքական զորքը ետ է շպրտվում: Վան են մտնում ռուսական զորքը և հայ կամավորների
բանակը: Նահանգապետ է նշանակվում Արամ Մանուկյանը: Ուրախությունը տևում է միայն 76
օր: Ռուսական շտաբի պետ Նիկոլաևի հրամանով սկսվում է հայերի տեղահանումը Վանից: Հերոսական
Վանը դառնում է դիվանագիտական խաղի զոհ: Օհանեսը հանում է թաղած ոսկին, այրում տունը
և ճանապարհ բռնում դեպի Երևան: Տապալվում է հայրենիքի ազատագրման մեծ երազանքը: Վանը
վերջնականապես հայաթափվում է: Օհանես աղան Երևանում, Աստաֆյան փողոցի վրա մրգի խանութ
է բացում և շարունակում է հաշվել իր ոսկիները:
Տես նաև Ծաղկած փշալարեր
Գուրգեն Մահարի | Այրվող այգեստաններ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 27, 2017
Rating:
