
Գրասեղանին դրված էր մաքուր, միատեսակ թղթերի կիտուկը: Օրերից
մի օր այդ թղթերից մեկի վրա երևացին զանազան ծուռումուռ գծեր, խզբզված գրեր ու կետեր…
Երևի ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը և, թաթախելով թանաքամանի մեջ, թերթիկը լցրել բառերով
ու նախշազարդերով:
- Ո՞ր մեղքիս համար ինձ ենթարկեցիր այսպիսի չլսված ու չտեսնված
անարգանքի,- տխուր ու սրտաբեկ հարցրեց թերթիկը սեղանին դրված թանաքամանին: - Քո անջնջելի
թանաքը պղծեց իմ մաքրությունը և հավիտյանս հավիտենից անպետքական դարձրեց ինձ: Այսպիսի
տեսքով ես էլ ո՞ւմ եմ պետք:
- Մի վշտանա,- սիրալիր պատասխանեց թանաքամանը: - Քեզ բնավ
էլ չեն կամեցել ո՛չ նսեմացնել և ո՛չ էլ փչացնել, այլ պարզապես անհրաժեշտ գրառումներ
են արել, ու հիմա դու արդեն հասարակ թղթի կտոր չես, այլ՝ փաստաթուղթ: Այսուհետև դու
կպահպանես մարդու միտքը, և դա է քո իսկական կոչումն ու մեծագույն արժանիքը:
Պարզվեց, որ բարի թանաքամանն իրավացի էր: Մի առիթով գրասեղանի
վրա ինչ-որ բան փնտրելիս մարդու աչքն ընկավ թափված, արդեն դեղնած ու խունացած թերթիկներին:
Նա հավաքեց դրանք ու, այն է, ուզում էր գցել վառվող բուխարիկը, երբ մեկ էլ նկատեց հենց
այն «խզբզված» թերթիկը: Մի կողմ նետելով մնացած անպետք, փոշոտված թղթերը՝ մարդը խնամքով
վերցրեց այն ու դրեց գրասեղանի դարակը՝ ի պահպանություն մարդկային բանականության ուղերձի:
Առյուծն ու գառը
Մի անգամ սոված առյուծի վանդակը գցեցին մի գառ: Գառնուկն
այնքան միամիտ ու բարեհոգի էր, որ գազանների արքայի տեսքից բոլորովին չընկրկեց: Նրան,
ըստ երևույթին, դնելով իր մոր տեղը, հիմարիկը մոտեցավ ահեղ գազանին, սրտալի մայեց ու
անսահման գորովով լի պարզ, պլշած աչքերը հեզությամբ ու զմայլանքով հառեց նրան:
Առյուծը զինաթափ եղավ նման դյուրահավատության առջև և չկամեցավ
գառանը հոշոտել: Դժգոհ մռլտալով՝ նա այս անգամ այդպես էլ քուն մտավ:
Բվեճներն ու նապաստակը
Ճյուղին թառած երկու բվեճ հետևում էին նապաստակին, որն աշնանային
խոզանի մեջ լեղապատառ դեսուդեն էր նետվում՝ ասես ետևից մի ամբողջ շնաոհմակ էր ընկել:
- Խեղճ շլդիկ,- ասաց բվեճներից մեկը: - Անգամ սեփական բնում
թաքնվելու քաջություն չունի:
- Ինչո՞ւ,- հետաքրքրվեց մյուսը:
- Որովհետև վախկոտ է:
- Զարմանալի է, սեփական տանն ինչի՞ց պիտի վախենա:
- Դրանց ցեղն է էդպես,- պատասխանեց առաջին բվեճը: - Նրանք
ապրում են մշտական սարսափի մեջ, իսկ վախի աչքերը մեծ են: Առանձնապես տարվա այս ժամանակներին,
երբ սկսվում է տերևաթափը, նապաստակները, գույնզգույն տերևների անձրևից վախեցած, վազում
են այսահարի պես: Նրանց ահ է պատճառում բնության մեջ տեղի ունեցող ամեն մի փոփոխություն:
- Դուրս է գալիս, ուրեմն, որ նապաստակները վախկոտ են:
- Իհարկե: Ահա, թեկուզ այս շլդիկը: Սա ամայի դաշտով այնքան
է դեսուդեն վազվզելու, մինչև որ ընկնի թակարդը, կամ վարպետ որսորդի նշանառության տակ:
Ճիշտ է ասված՝ ով վախկոտ է, վախից էլ կմեռնի:
Միաեղջյուրը
Հարմարավետ տեղավորվելով ստվերախիտ այգում՝ որսորդները տրվեցին
որսի ժամանակ պատահող անհավանական արկածների վերհուշին: Ահա և խոսք բացվեց խորհրդավոր
միաեղջյուրի մասին:
- Դա ոչ թե կենդանի է, այլ իսկական ուրվական,- բացականչեց
նրանցից մեկը:
Եվ իրոք, ամբողջ շրջանի խոսք ու զրույցի առարկան ճակատին
երկար եղջյուր ունեցող ձիուկն էր դարձել: Շատերն էին Աստծո անունով երդվում, թե տեսել
են նրան, բայց ոչ ոքի դեռ չէր հաջողվել ձեռք գցել այդ արտասովոր կենդանուն:
- Իսկ կարո՞ղ է պատահել, որ դա դժոխային չար ոգի լինի,- առարկեց
մյուսը: - Դժվարը նրան որսալն է, որ իսկական խելք ու շնորհքի գործ է:
Քիչ հեռվում ասեղնագործական քարգահի առջև նստած էր գեղեցկատես
մի աղջիկ: Որսորդներին լսելով՝ նա քթի տակ մեկուսի ժպտում էր: Ում-ում, բայց իրեն լավ
հայտնի էր խորհրդավոր անծանոթի վարք ու բարքը, քանի որ նրա հետ ինքը բարեկամություն
էր անում, բայց շրջանում ոչ ոք տեղյակ չէր: Բանն այն է, որ ամեն չարից ու փորձանքից
խուսափելով՝ անորսալի միաեղջյուրիկը ձգտում էր դեպի բարեսեր ու գեղեցիկ աղջիկները:
Երբ որսորդները ցրվեցին ու այգին դատարկվեց՝ թփերի միջից
զգուշորեն դուրս եկավ միաեղջյուրը: Հուշիկ քայլերով խոտերի վրայով՝ նա մոտեցավ իր մտերմուհուն,
պառկեց նրա առաջ և, դունչը նրա ծնկին դնելով, գորովանքով աչքերն հառեց աղջկան: Նրա
հայացքը լի էր քնքշանքով ու հիացմունքով:
Միաեղջյուրը վաղուց էր բարեկամացել այդ գործունակ աղջկա հետ
և ընտելացել միասին լռիկ ժամեր անցկացնելուն՝ սքանչանալով նրա ճկուն մատների ճարտարությամբ:
Աղջկա համար նույնպես թանկ էր այդ բարեկամությունը, և նա սրբորեն էր պահպանում կուսական
սրտի նվիրական գաղտնիքը:
Բայց մի՞թե հնարավոր է գաղտնիքը երկար պահել, երբ մարդկային
ասեկոսեն, ծովի ալիքի նման, ամեն ինչ ջրի երես է հանում:
… Ու գաղտագողի հետևելով, թե ոնց է միաեղջյուրը թաքուն այցելում
իր ընկերուհուն, որսորդները շուրջկալ սարքեցին ու բռնեցին կուսական հմայքների փոքրիկ
երկրպագուին:
Իժն ու սոխակը
Մինչ սոխակի ճտերը միմյանց սեղմված անխռով քնած էին, նրանց
հոգածու ծնողները թռան գնացին կեր հայթայթելու: Թաքստոցից դա տեսնելով՝ իժը սողաց դեպի
բույնը՝ ներքուստ կանխաճաշակելով դյուրին ձեռք գցած ավարը: Բայց սոխակն արդեն տուն
էր շտապում՝ որդը կտցին: Ճիշտ ժամանակին նկատելով չարագործին, որ արդեն հասվեհաս էր
բնին՝ նա սրտապատառ ծղրտաց.
- Կա՛ց: Գթա իմ անմեղ ձագուկներին: Փոխարենը ես քեզ համար
մի երգ կերգեմ, որից ավելի ախորժալուրը լսած չկաս…
Եվ նա գեղգեղաց քաղցրակարկաչ, դայլայլեց ու սուլեց հազարերանգ:
Անտառով մեկ տարածվեցին նրա քնքուշ ու կախարդիչ դայլայլի ելևէջները՝ լի անզուգական
հմայքով ու լուսավոր տխրությամբ: Իժն իրեն կորցրեց և շփոթահար գամվեց տեղում: Ու որպեսզի
սոխակի գեղգեղանքների կախարդիչ հմայքը (որից նրա ատամի թույնն իսկ կարող էր ցամաքել)
չներգործի վրան՝ իժը պոչով փակեց լսելիքը և հապճեպ քաշվեց գնաց եկած ճամփով:
Թարգմանությունը ռուսերենից՝ Թևոս Պետրոսյանը
Լեոնարդո դա Վինչի | Հեքիաթներ և առակներ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 28, 2017
Rating:
