
Հայ ժողովրդի կողմից ռուսական կողմնորոշում ընդունելու՝ պատմության
շրջադարձային պահին Չարենցը պատկերում է այդ կողմնորոշման գաղափարախոսի և «Վերք Հայաստանի»
վեպի հեղինակի՝ Խաչատուր Աբովյանի ողբերգական կերպարը: Մեծ լուսավորիչն ու հայրենասերը
պատկերված է վերջին գիշերվա տվայտանքների մեջ: Անդարձ հեռացումից առաջ նա հայացք է
նետում իր վաստակին, իր ապրած մարդկային կյանքին և փորձում գտնել նվիրումի իմաստը:
Ճի՞շտ է եղել արդյոք ինքը, թե՞ սխալ: «Գիշերը չէր քնել, քրքրել էր թղթերը»,- հոգեբանական
ինքնադատաստանի այս ճանապարհով Չարենցն Աբովյանին սուզում է իր ներաշխարհը: Օրագրեր,
գրքեր, նամակներ, և այդ ամենը՝ որպես ապրած կյանքի վկայություն, դրվում են նրա առաջ:
Տեսիլքի պես գալիս անցնում են երիտասարդության տարիների սիրո ու ոգևորության պահերը:
Նա մտաբերում է սիրած աղջկան.
Ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար,
Աստվածածնի նման պսակավոր:
Իսկ նրանից մնացել է ընդամենը մի ոսկերիզ թերթիկ՝ որպես հրաժեշտի
նամակ: Նույն խռովահույզ գիշերվա մեջ Աբովյանը շարունակում է թերթել տետրակները, հիշում
է հորը, մորը, Երևանի բերդը: Նրա քննախույզ հայացքն ի վերջո կանգնում է գլխավոր գործի
վրա, որը հայրենասերի ողբն էր հայրենիքի փրկության իր հույսը: Էջ առ էջ նա թերթում
է «Վերք Հայաստանին» և անորոշ, բայց տագնապալի կասկածը խոցում է նրան: Վեպում նա արդյոք
ճի՞շտ է պատկերել ժողովրդի փրկության ուղին, թե՞ ոչ: Կասկածները կեղեքում են ու ջլատում,
և կես գիշերին հանկարծ ցայտունորեն ձևակերպում է այս խոհը.
Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար,- և այդ գիրքը:
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած –
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս…
Ռուսական կողմնորոշումը հայ ժողովրդին բերեց պատմաքաղաքական
մեծ տեղաշարժեր, բայց նաև՝ նոր գաղութացում, ազգային ինքնության կորստի նոր պարտադրանք:
Այդ կորստի զոհերից մեկը պիտի դառնար ինքը Աբովյանը, իսկ իրեն պիտի հաջորդեին Մ. Նալբանդյանը,
Վ. Տերյանը, Ա. Բակունցը, նաև ինքը՝ Եղիշե Չարենցը, և մի ամբողջ մշակութային սերունդ:
Չարենցի մեկնաբանությամբ՝ հոգևոր մաքառումի կասկածները մշտապես
ուղեկցել են Աբովյանին, նրան դրդել վերանայելու իր քրտաջան որոնումների ուղին, և այդպես
այնքան՝ մինչև գտնվի ճանապարհը: Կասկածանքներին, ահա, դարձյալ ընդգրկված տառերով, հաջորդում
են այս տողերը.
Իսկ եթե չի՛ ստում այն կասկածը
Եվ ստո՛ւմ է այս գիրքը…
Ինքնակեղեքվող տառապանքի մեջ անդարձ հեռացումից առաջ Աբովյանը,
այնուամենայնիվ, փրկության հույս է որոնում, որովհետև հարցականի տակ էր դրվում ոչ միայն
իր ճակատագիրը, այլև՝ ողջ ժողովրդի:
Տես նաև Ամբոխները խելագարված, Դանթեական առասպել, Մահվան տեսիլ, Սոմա, Խմբապետ Շավարշը, Ազգային երազ, Երեքի դեկլարացիա և Երկիր Նաիրի
Եղիշե Չարենց | Դեպի լյառը Մասիս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 21, 2017
Rating:
