
Այս պոեմում Չարենցը հանրագումարի է բերում հայ ժողովրդի
անցած ամբողջ ճանապարհը: Ինչպես «Վահագնում», այստեղ ևս Չարենցը քննության է ենթարկում
առասպելների և լեգենդների վերածված պատմությունը: Անցյալը նրան նույնիսկ ներկայանում
է որպես «անանցյալ անցյալ», որովհետև սերունդներին թողել է սոսկ բարոյական հաղթանակի
փառքը, իսկ ոտքի տակ տրորվել ու բաժան-բաժան է եղել իրական հայրենիքը: Չարենցը ստեղծում է
այս պոեմում գայլի խորհրդանիշը, որը կարող էր հաղթանակի խորհուրդ լինել, ինչպես հռոմեական
պղնձյա գայլը, բայց հայոց աշխարհում միայն խեղճություն է բերել ու գուժել պարտություն.
Տեսնում եմ ահավասիկ.-
Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը…
Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերը – բյուր գազանների կողմից,-
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա՝
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին:
Ահավոր է այս ամենի գիտակցումը, բայց և սթափեցնող, որովհետև
հեղափոխությունը հայ ժողովրդին բերեց տարածքային վիթխարի կորուստներ, իսկ Անդրկովկասյան
դաշնության կազմում (1922 - 1936) հայ ժողովուրդը դարձյալ հալածանքների զոհ էր: Այդ
վիճակի ծանր զգացողությամբ Չարենցը հնչեցնում է տագնապի կոչնակները և ժողովրդին պատվիրում
չտրվել անցյալի հիշատակներին, որպեսզի չկորչի ներկան:
Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար
Պատմության քառուղիներով, որպես միրաժ,-
Կտրել ենք երկար մի ճանապարհ,
Եվ ճանապարհը մեր այս
Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, օ, ե՞րբ,
Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ,-
Եվ ո՞վ, և ո՞վ է մեր ապագային տվել
Անխզելի ընթացք ու գաղափար…
Այն օրերին, երբ հեղափոխական ծնծղաներով փառաբանվում էր Հայաստանի
փրկությունը և խլացվում էր ժողովրդի հիշողությունը, Չարենցը խոսում էր նրա պարտությունների
ու դատապարտվածությունների մասին, որովհետև տեսնում էր իշխողների կործանարար ազգադավ
քաղաքականությունը: Իսկ ժողովուրդը, ըստ Չարենցի, «եղել է հանճարեղ, եղել է կառուցող»:
Այսինքն՝ մեղքը ժողովրդինը չէ, այլ՝ նրա կարճատես առաջնորդներինը, որ նրան միշտ գերության
են մատնել.
Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր
Հավաքական հանճարը զավթիչների հանդեպ,-
Եվ դարձել է ահա ժողովուրդը և՛ս,
Իր տերերի նման, անուղի ու անդեմ…
Այսպես Չարենցը զույրույթի խոսքեր է ասում մեր անքարքար պատմությունը
կերտողներին, ովքեր ժառանգաբար սերունդներին են փոխանցել մեր դարերի կորուստը և կործանել
ազգային փառքը: Այս դառը մտորումներով էլ նա ավարտում է պոեմը:
Տես նաև Ամբոխները խելագարված, Դանթեական առասպել, Մահվան տեսիլ, Սոմա, Խմբապետ Շավարշը, Ազգային երազ, Երեքի դեկլարացիա և Երկիր Նաիրի
Եղիշե Չարենց | Պատմության քառուղիներով | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 21, 2017
Rating:
