.jpg)
Լյուբով Անդրեևնա Ռանևսկայայի կալվածքը: Գարուն է, ծաղկում
են բալենիները, սակայն գեղեցիկ այգին շուտով պիտի վաճառվի կուտակված պարտքերը վճարելու
համար: Վերջին հինգ տարիները Ռանևսկայան և իր տասնյոթամյա դուստր Անյան ապրել են արտասահմանում:
Կալվածքում էր մնացել Ռանևսկայայի եղբայրը՝ Լեոնիդ Անդրեևիչ Գաևը և խորթ դուստր Վարյան:
Ռանևսկայայի գործերը վատ են: Վեց տարի առաջ հարբեցողությունից մահացել է նրա ամուսինը:
Ռանևսկայան սիրում է ուրիշ տղամարդու և միանում է նրա հետ: Սակայն շուտով գետում խեղդվում
է նրա փոքրիկ որդին՝ Գրիշան: Լյուբով Անդրեևնան մեկնում է արտասահման: Սիրեկանը հետևում
է նրան: Երբ նա հիվանդանում է, Ռանևսկայան խնամում է նրան: Հետո, երբ ստիպված է լինում
վաճառել ամառանոցը և տեղափոխվել Փարիզ, այդ մարդը թալանում է նրան և փախչում:
Գաևը և Վարյան դիմավորում են Ռանևսկայային և Անյային կայարանում:
Տանը նրանց սպասում են աղախին Դունյաշան և անծանոթ առևտրական Երմոլայ Ալեքսեևիչ Լոպախինը:
Լոպախինի հայրը ճորտ էր Ռանևսկիների մոտ: Նա հարստացել է, բայց իր մասին ասում է, որ
մնացել է մուժիկ: Գալիս է գրասենյակի ծառայող Եպիխոդովը՝ մի մարդ, որի հետ միշտ մի
բան պատահում է և որին կոչել են «քսաներկու դժբախտություն»: Վերջապես մոտենում են կառքերը:
Տունը լցվում է մարդկանցով: Ռանևսկայան ուսումնասիրում է սենյակները և արտասուքն աչքերին՝
հիշում է անցյալը: Աղախին Դունյաշան չի համբերում պատմել տիրուհուն, որ Եպիխոդովը նրան
առաջարկություն է արել: Անյան խորհուրդ է տալիս Վարյային ամուսնանալ Լոպախինի հետ:
Իսկ Վարյան երազում է ամուսնացնել Անյային հարուստ մարդու հետ: Տնային դաստիարակչուհի
Շարլոտան՝ տարօրինակ և էքսցենտրիկ կին, գովում է իր շանը, իսկ կալվածատեր Սիմեոնով-Պիշիկը
պարտքով փող է խնդրում: Գրեթե ոչինչ չի լսում և անվերջ մրմնջում է հավատարիմ ծառա Ֆիրսը:
Լոպախինը հիշեցնում է Ռանևսկայային, որ կալվածքը շուտով պիտի վաճառվի. միակ ելքը հողը մասերի բաժանելով վարձակալներին հանձնելն է: Ռանևսկայային առաջարկը
զարմացնում է. ինչպե՞ս կարելի է հատել իր սիրելի բալենու այգին: Լոպախինը փորձում է
երկար մնալ Ռանևսկայայի հետ, որին շատ է սիրում, բայց հեռանալու ժամանակն է: Գաևը ողջույնի
խոսք է հղում գրադարակին, բայց հետո շփոթված անիմաստ խոսքեր է արտասանում: Ռանևսկայան
իսկույն չի ճանաչում Պետյա Տրոֆիմովին. սիրելի ուսանողը դարձել է հավերժական ուսանող:
Ռանևսկայան լաց է լինում՝ հիշելով իր մեռած որդուն, որի ուսուցիչն էր Տրոֆիմովը: Գաևը,
միայնակ մնալով Վարյայի հետ, փորձում է խոսել գործերից: Կա հարուստ ազգականուհի Յարոսլավլում,
որը, իհարկե, նրանց չի սիրում:
Չէ՞ որ Լյուբով Անդրեևնան ամուսնացավ ոչ ազնվականի հետ, և առհասարակ շատ առաքինի իրեն
չի պահել: Գաևը սիրում է քրոջը և, այդուհանդերձ, նրան կոչում է մեղսավոր: Քույրը կխնդրի
փող Լոպախինից, իսկ Անյան կմեկնի Յարոսլավլ. մի խոսքով թույլ չեն տա, որ կալվածքը վաճառվի:
Ֆիրսը տանում է տիրոջը քնելու: Անյան ուրախ և երջանիկ է. քեռին ամեն բան կդասավորի:
Լոպախինը չի դադարում համոզել Ռանևսկայային և Գաևին ընդունել իր նախագիծը: Նրանք երեքով
նախաճաշում են քաղաքում և վերադառնալիս կանգ են առնում դաշտում՝ եկեղեցու մոտ: Քիչ
առաջ հենց այստեղ՝ նստարանի վրա, Եպիխոդովը սեր է խոստովանել Դունյաշային, բայց
սա նախընտրել է հեգնական ծառա Յաշային: Ռանևսկայան և Գաևն ասես չեն լսում Լոպախինին
և խոսում են այլ թեմաներով: Այդպես էլ չհամոզելով «ոչ գործնական մարդկանց»՝ Լոպախինն
ուզում է հեռանալ: Ռանևսկայան փորձում է պահել նրան:
Գալիս են Անյան, Վարյան և Պետյա Տրոֆիմովը: Ռանևսկայան զրույց
է բացում «հպարտ մարդու» մասին: Տրոֆիմովի կարծիքով հպարտությունն իմաստ չունի: Կոպիտ
և դժբախտ մարդը պիտի ոչ թե հիանա ինքն իրենով, այլ աշխատի: Պետյան քննադատում է մտավորականությանը,
որը ունակ չէ աշխատելու, միայն փիլիսոփայում է, իսկ մուժիկի հետ վարվում է ասես կենդանու
հետ: Զրույցին է միանում Լոպախինը. նա աշխատում է առավոտից մինչև գիշեր: Գործ ունի
մեծ փողի հետ, բայց գնալով ավելի է համոզվում, որ շուրջը շատ քիչ են կարգին մարդիկ:
Նրան ընդհատում է Ռանևսկայան: Առհասարակ այստեղ իրար լսել չգիտեն: Լռություն է տիրում,
որի մեջ լսվում է միայն պայթած լարի հեռավոր ձայնը: Շուտով բոլորը ցրվում են, և միայնակ
մնացած Անյան ու Տրոֆիմովը ուրախ են, որ կարող են զրուցել: Տրոֆիմովը համոզում է նրան,
որ պետք է ավելի բարձր լինել սիրուց, որ կարևորն ազատությունն է: Ամբողջ Ռուսաստանը
մեր այգին է, սակայն ներկայում ապրելու համար պետք է տառապանքով մաքրագործել անցյալը:
Եթե ոչ իրենք, ապա ուրիշները կտեսնեն երջանկություն:
Օգոստոսի քսաներկուսն է՝ կալվածքը
աճուրդի դնելու օրը: Հենց այդ երեկո միանգամայն անպատեհ կալվածքում կազմակերպում են
պարահանդես: Հրավիրված է հրեական նվագախումբ: Մի ժամանակ այստեղ պարում էին գեներալներ
և բարոններ, իսկ հիմա, ինչպես նկատում է Ֆիրսը, անգամ մանր չինովնիկը ոտք դնել չի ցանկանա:
Հյուրերին զբաղեցնում է Շարլոտան: Ռանևսկայան անհանգստությամբ սպասում է եղբոր վերադարձին:
Յարոսլավլի ազգականուհին, այդուհանդերձ, ուղարկել է տասնհինգ հազար ռուբլի: Բայց դա բավական
չէ կալվածքը գրավից դուրս բերելու համար: Պետյա Տրոֆիմովը հանգստացնում է Ռանևսկայային.
այգին կարևոր չէ, պետք է նայել ճշմարտության աչքերին: Լյուբով Անդրեևնան խնդրում է խղճալ
իրեն, չէ՞ որ առանց բալենու այգու նրա կյանքը կկորցնի իմաստը: Նա ամեն օր հեռագրեր
է ստանում Փարիզից: Սկզբում պատռում էր, հիմա կարդում է: «Այդ վայրենի մարդը», որին
նա սիրում է, աղաչում է նրան վերադառնալ: Պետյան նախատում է Ռանևսկայային այն բանի
համար, որ սա սիրում է այդ ոչնչությանը: Ռանևսկայան անվանում է Տրոֆիմովին ծիծաղելի տարօրինակ,
այլանդակ և մաքրամոլ: Պետք է ինքդ սիրես: Պետյան սարսափահար փորձում է հեռանալ: Բայց
մնում է և պարում է իրենից ներողություն խնդրած Ռանևսկայայի հետ: Գալիս են Լոպախինը
և Գաևը: Վերջինս ոչինչ չպատմելով՝ հեռանում է իր սենյակ: Բալենու այգին վաճառված է:
Այն գնել է Լոպախինը: Նոր կալվածատերը երջանիկ է: Նա հաղթել է աճուրդում: Բարձրացնում
է հպարտ Վարյայի՝ հատակին նետած բանալին:
Անյան մխիթարում է լացող մորը: Այգին վաճառված է, բայց առջևում
նոր կյանք է: Կլինի նոր այգի:
Տունը դատարկվում է: Բոլորն իրար հրաժեշտ տալով հեռանում
են: Լոպախինը ձմեռն անցկացնելու է Խարկովում: Տրոֆիմովը վերադառնում է Մոսկվա՝ համալսարան:
Լոպախինը և Պետյան խայթում են միմյանց: Չնայած որ Պետյան կոչում է Լոպախինին գիշատիչ
գազան, նա, այդուհանդերձ, սիրում է նրա նուրբ հոգին: Հրաժարվում է Լոպախինի առաջարկած
դրամից: Ռանևսկայան և Գաևն ասես երջանիկ են բալենու այգին վաճառելուց հետո: Առաջ տառապում
էին, հիմա հանգստացան: Ռանևսկայան մտադիր է ապրել Փարիզում ազգականուհու ուղարկած դրամով:
Անյան երջանիկ է: Նա կավարտի գիմնազիան, կաշխատի, կկարդա գրքեր: Հանկարծ հայտվում է
Սիմեոնով-Պիշիկը և սկսում է վերադարձնել պարտքերը: Պարզվում է, նրա փողի վրա անգլիացիները
գտել են սպիտակ կավ: Գաևն ասում է, որ հիմա ինքը բանկի ծառայող է: Լոպախինը նոր տեղ
է խոստանում գտնել Շարլոտայի համար: Ֆիրսին կուղարկեն հիվանդանոց: Եվ, այդուհանդերձ,
Գաևը տխրությամբ ասում է. «Մենք միմյանց անպետք դարձանք»: Ժամանակն է, որ Վարյան և
Լոպախինը բացատրվեն: Սակայն, երբ Ռանևսկայան կազմակերպում է նրանց հանդիպումը, նա,
առաջին իսկ պատրվակն օգտագործելով, հեռանում է: Բոլորը հեռանում են: Մնում է միայն
ծեր Ֆիրսը, որի մասին բոլորը հոգ էին տանում, բայց որին մոռացան հիվանդանոց տեղավորել:
Լսվում է պայթած լարի ձայնը: Լռություն է: Լսվում է միայն, թե ինչպես են այգում կացնով
հարվածում ծառին:
Տես նաև Քեռի Վանյա, Երեք քույր, Չինովնիկի մահը, Ճայը և Շնիկով տիկինը
Անտոն Չեխով | Բալենու այգին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 19, 2015
Rating:
.jpg)