
Մերձմոսկովյան գյուղերից մեկում ապրում է երիտասարդ Լիզան
իր ծեր մոր հետ: Հոր մահից հետո ապրում են աղքատ: Լիզան կար է անում, պտուղներ ու ծաղիկներ
է հավաքում և վաճառում Մոսկվայում:
Գարնանը մեկնում է Մոսկվա ծաղիկներ վաճառելու: Նրան մոտենում
է գեղեցիկ երիտասարդ և 5 կոպեկի փոխարեն ծաղիկների համար առաջարկում է 1 ռուբլի: Լիզան
հրաժարվում է դրամից: Գալով տուն ամեն բան պատմում է մորը: Հաջորդ օրը դարձյալ գեղեցիկ
ծաղիկներ է քաղում և գնում է քաղաք, սակայն երիտասարդին չի տեսնում: Մյուս օրը երիտասարդը՝
Էռաստը, ինքն է հայտնվում Լիզայի տան մոտ: Լիզայի մոր վրա լավ տպավորություն է թողնում,
ասում է, որ Լիզան կարիք չունի գալու քաղաք, քանի որ ինքը կգա գյուղ և կգնի նրա բոլոր
ծաղիկները:
Սկսում են հանդիպել ամեն երեկո: Սիրահարվում են: Նրանց գրկախառնություններն
անմեղ են: Անցնում է մի քանի շաբաթ և, թվում է, ոչինչ չի կարող խանգարել նրանց երջանկությանը:
Սակայն մի օր Լիզան հանդիպման է գալիս տխուր: Մայրը ուզում
է ամուսնացնել իրեն հարուստ համագյուղացու հետ: Էռաստն ասում է, որ Լիզայի մոր մահից
հետո կվերցնի աղջկան իր մոտ և նրանք անբաժան կլինեն: Լիզան հիշեցնում է, որ Էռաստը
ազնվական է, իսկ ինքը՝ գեղջկուհի… Էռաստն ասում է, որ իր համար կարևոր է մարդու հոգին…
Լիզան նետվում է տղայի գիրկը: Դա անմեղության վերջին պահն էր: Բաժանվելիս Լիզան լաց
է լինում:
Հանդիպումները շարունակվում են: Սակայն Լիզան Էռաստի համար
այլևս անմեղության հրեշտակ չէ: Լիզան նկատում է այդ փոփոխությունը: Էռաստը մի օր ասում
է, որ իրեն կանչում են զինվորական ծառայության: Բայց ինքը կվերադառնա և իրենք դարձյալ
միասին կլինեն:
Անցնում է 2 ամիս: Լիզան տառապում է առանց սիրեցյալի: Մի
օր հայտնվում է Մոսկվայում, որտեղ տեսնում է կառքով անցնող Էռաստին: Կառքը մոտենում
է խաղատանը: Էռաստը դուրս է գալիս կառքից և հայտնվում է Լիզայի գրկում: Նա լարված է:
Ուրախ չէ տեսնել Լիզային: Բացատրում է, որ պայմանները փոխվել են: Հիմա նա նշանված է:
Լիզան չի կարողանում ուշքի գալ: Հայտնվում է լճի մոտ: Անցնող
փոքրիկ աղջկան տալիս է իր մոտ եղած մանրադրամը, խնդրում է փոխանցել իր մորը և խնդրե,
որ ների իր թշվառ դստերը: Իսկ ինքը նետվում է ջուրը:
Մայրն իմանալով դստեր մահվան մասին՝ տեղում մահանում է: Էռաստը
մինչև կյանքի վերջ դժբախտ է լինում: Նա չէր խաբել Լիզային, ասելով որ գնում է ծառայության:
Սակայն թշնամու դեմ կռվելու փոխարեն տրվել էր թղթախաղին և տանուլ էր տվել ողջ կարողությունը:
Ստիպված էր ամուսնանալ իրեն վաղուց սիրահարված հարուստ տարեց տիկնոջ հետ: Իմանալով
Լիզայի ճակատագրի մասին իրեն համարում է մարդասպան: Հիմա նրանք գուցե արդեն հաշտվել
են…
Տես Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս, Ալեքսանդր Պուշկին Եվգենի Օնեգին և Միխայիլ Լերմոնտով Մեր ժամանակի հերոսը
Նիկոլայ Կարամզին | Թշվառ Լիզան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 07, 2015
Rating:
