
Լառ-Մարգարի համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն
է: Նրան թվում է, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած իրեն են սպասում:
Առվով ջուրը կապելիս ջրի հետ էլ գնում է, մինչև ջուրը այգուն հասնի: Ամռան շոգին նրան
միշտ կարելի է տեսնել ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին: Գյուղի ջրվորն
է: Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների
մաքրության նայում: Տեղացի չէ: Շատ ափերի է զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին
իր թոռան՝ Թորոսիկի հետ գցել այդ գյուղը: Անցյալ գարունքին էր: Մտածել էին, ղարիբ մարդ
է, ազգ ու բարեկամ չունի, ջուրը արդար բաժին կանի, և գյուղը նրան ջրվոր է վարձել: Անունն
էլ դրել են Լառ-Մարգար (լառ-երկարահասակ, լողլող): Չի սիրում, երբ խաբում են և ջուրը
հերթից դուրս գողանում: Հավատում է, որ այդ դեպքում ծառը պտուղ չի տա: Նա միշտ մինչև
լուսաբաց աշխատում է, և արտատերը լուսաբացին արտը ջրած է տեսնում: Լինում են օրեր,
երբ ջուրը տալիս է հերթի համաձայն, ինքը չի ջրում վատ տրամադրության կամ հիվանդ լինելու
պատճառով: Գնում է դեպի ձորակ, ուր ծիրանիներ կան, պառկում է, մտաբերում իրենց գյուղը,
կնոջը: Այն ժամանակ կինը հավաբնի դռնակը բաց էր անում, հավերին կուտ տալիս: Բայց հետո
տեղահանության օրերն էին, գյուղերը խառնվել էին իրար, քարավանին նոր խմբեր էին միանում:
Ինքը անհետ կորած որդու մասին էր մտածում: Մի անգամ խոսեց նրա մասին, կինը լաց եղավ
ու այլևս չէր խոսում: Կնոջ ու թոռան հետ գնացին ուրիշ երկրներ: Նոր սարքվող ճանապարհի
վրա էր բանում: Ծանոթներ կային, շինականներ: Մի իրիկուն կինը հիվանդանում է, Մարգարը
քար չի գտնում, որ տաքացնի, դնի նրա կրծքին. իրենց գյուղում այդպես էին անում: Պառավը
մահանում է, և Մարգարը քար է գողանում նրա գերեզմանի վրա դնելու համար: Ծեծում են:
Կյանքում մի անգամ էլ երեխա ժամանակ էր ծեծ կերել, երբ շան պոչից ցախավել էր կապել:
Զինվորականը սապոգով խփել էր նրան և խիճը ճղել էր Մարգարի բութ մատը: Այժմ էլ, երբ
աչքն ընկնում է բութ մատի սպին, մատներն ավելի պինդ են սեղմում բահի կոթը, բայց զայրույթն
անցնում է, երբ միտն է բերում շեղջակույտի վրա դրած քարը: Արդյոք դեռ կա՞ քարը, չգողացա՞ն:
Հետո ժողովուրդը ուրիշ երկրների ճամփան բռնեց և Մարգարն էլ թոռան հետ գնաց՝ տանելով
պառավի հավաքած ծիրանի կորիզները: Տարիներ անցան: Մի օր էլ Թորոսիկը շոգենավի տախտակամածի
վրա ելավ: Մարգարն ուրախ էր, երիտասարդացել էր: Ու թոռանը հարցին, թե ուր են գնում,
պատասխանել էր, թե իրենց երկիրը: Մարգարի աչքերին արցունք է երևում, երբ առաջին անգամ
գնացքի պատուհանից տեսնում է Արարատի ձյունոտ գագաթը: Այդ երկրում պիտի ծլեն ծիրանի
կորիզները: Այժմ նրա ջրակալած աչքերում փայլատակում է մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ
դպրոցի մոտովն է անցնում և տեսնում դպրոցի բակում խաղացող երեխաներին, որոնց հետ է
նաև Թորոսիկը: Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ ծիրանու տունկերն են ձգվում
արևի տակ…
Ակսել Բակունց | Լառ-Մարգար | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 08, 2015
Rating:
