
Ջիմին և նրա հարևանը՝ Կլիֆը, նստած թերթ են կարդում: Ջիմին
25-ամյա հակասական բնավորությամբ երիտասարդ է: Անհամբեր, ինքնասեր, բռնկուն…
Նրա կինը արդուկ է անում: Հանկարծ Ջիմին հատակին է նետում
թերթը: Սկսում է ծաղրել Կլիֆին, հետո կնոջը՝ տհաճ կատակներ թողնելով նրա հոր և մոր
հասցեին: Էլիսոնը ձևացնում է, որ չի նյարդայնանում: Նկատում է, որ Կլիֆի նոր տաբատը
ճմրթված է և առաջարկում է արդուկել այն: Ջիմին շարունակում է ծաղրել Կլիֆին: Դա վերաճում
է հրմշտոցի, որի ընթացքում Ջիմին փորձում է շուռ տալ Կլիֆին արդուկի սեղանի վրա: Կլիֆը
և Էլիսոնը ընկնում են. վերջինս այրոց է ստանում արդուկից: Կլիֆը նշանով հասկացնում
է Ջիմիին, որ սա հեռանա, իսկ ինքը մնում է Էլիսոնի հետ: Էլիսոնը խոստովանում է, որ
հղի է, բայց չի ասում Ջիմիին, որովհետև նա չի ուզում երեխա, քանի դեռ իրենք չունեն
բնակարան և փող: Կլիֆն ասում է, որ պետք է ասել Ջիմիին: Գալիս է Ջիմին և փորձում է
հաշտվել Էլիսոնի հետ: Զանգում է հեռախոսը: Էլիսոնի ընկերուհին է՝ Ելենան: Դերասանուհի
է և իր թատերախմբի հետ ժամանել է Բիրմինգեմ: Նպատակ ունի բնակարան վարձել Ջիմիի և Էլիսոնի
տան շենքում: Ջիմին թշնամի է համարում Ելենային, քանի որ սա իր դեմ է տրամադրում կնոջը:
Ջիմին սկսում է չարախոսել և անգամ ասում է, որ շատ կուզեր, որ մի ցնցող դեպք ուշքի
բերեր Էլիսոնին, օրինակ՝ նա երեխա ծներ, իսկ երեխան հանկարծ մահանար:
Որոշ ժամանակ անց գալիս է Ելենան: Երկու շաբաթ հյուր է մնում
Պորտերների տանը: Մի երեկո ընկերուհիներով զրույց են բացում այն մասին, թե ինչը ստիպեց
4 տարի առաջ Էլիսոնին ամուսնանալ Ջիմիի հետ և ինչպիսին է նրա կյանքը ներկայում: Նրանք
ընտանիքով վերադարձել էին Հնդկաստանից և Ջիմին, որը հյուր էր նրանց տանը, ոչ ոքի դուր
չէր գալիս, սակայն նա սկսեց հանդիպել տղայի հետ: Ամուսնությունից հետո նրանք ապրում
են Ջիմիի ընկերոջ՝ Հյուի հետ նույն բնակարանում: Հյուն մեկնում է Հնդկաստան: Ջիմին
հրաժարվում է ընկերակցել նրան: Էլիսոնին երբեմն թվում է, որ Ջիմին բարկանում է իր վրա
այն բանի համար, որ չի կարողացել հեռանալ Հյուի հետ: Ելենան ասում է, որ Էլիսոնը պիտի
լրջորեն մտածի իր ապագայի մասին: Ընկերուհուն տանում է եկեղեցի: Ընթրիքի ժամանակ Ջիմին
դարձյալ փորձում է ծաղրով շիկացնել իրավիճակը և համբերությունից հանել Էլիսոնին և Ելենային:
Հետո պատմում է, թե ինչպես էր մի տարի նրա աչքի առաջ մահանում հայրը, որը վիրավորվել
էր Իսպանիայում: Հուդա է կոչում կնոջը: Էլիսոնը հատակին է նետում բաժակը: Ելենան հայտնում
է Էլիսոնին, որ հեռագիր է տվել նրա հորը և խնդրել, որ գա իր ետևից: Հաջորդ օրը, երբ
Ջիմին տանը չէ, Էլիսոնը հավաքում է իրերը և մեկնում է իր ետևից եկած հոր հետ: Ելենան
ասում է, որ մեկ օր էլ պիտի մնա Բիրմինգեմում: Շուտով գալիս է Ջիմին, որին Ելենան պատմում
է կնոջ հեռանալու և հղիության մասին: Սա ասում է, որ թքած ունի և վիրավորական արտահայտություն
է անում Ելենայի հասցեին: Ստանում է ապտակ: Բայց հանկարծ Ելենան գրկում է նրան և սկսում
է համբուրել:
Մի քանի ամիս անց,
երբ Ելենան արդեն հիմնավոր կերպով հաստատվել է Ջիմիի բնակարանում, իրավիճակը նման է
նախորդին: Նա էլ կիրակնօրյա երեկոներին արդուկում է Ջիմիի շապիկները: Դարձյալ եկել
է Կլիֆը և նրանք Ջիմիի հետ կռվում են հատակին: Կլիֆի շապիկը պատռվում և կեղտոտվում
է: Ելենան պիտի արդուկի այն: Կլիֆը ասում է Ջիմիին, որ ուզում է հեռանալ: Ելենային
դժվար է հոգ տանել երկուսի մասին: Կլիֆը գնում է:
Հայտնվում է Էլիսոնը: Վերջերս կորցրել է երեխային և դեռ ամբողջությամբ
չի ապաքինվել: Խոսում է Ելենայի հետ Ջիմիի մասին: Այն մասին, որ Ջիմին ծնվել է սխալ
ժամանակ: Ջիմին նրանցից է, ում կոչում են «երևելի վիկտորիանականներ»: Նա ծիծաղելի է,
բայց ինքը սիրում է Ջիմիին: Իսկ Ելենան ասում է, որ իր և Ջիմիի միջև ամեն ինչ ավարտված
է: Չի կարող կառուցել իր երջանկությունը ուրիշի դժբախտության վրա: Բացի այդ ինքը և
Ջիմին շատ տարբեր են: Ելենան հեռանում է, իսկ Էլիսոնը մնում է: Ջիմին, տեսնելով, թե
որքան է տառապել իր կինը, փափկում է: Նրանք հաշտվում են և տխուր սկսում են ապագայի
նախագծեր կառուցել:
Ջոն Օսբորն | Ետ նայիր զայրացած | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 31, 2015
Rating:
