
Եղբայրներ Նիկոլո և Մատեո Պոլոները վենետիկցի առևտրականներ
են և զբաղվում են ծովային առևտրով: Նրանք լինում են Կոստանդնուպոլսում, Ղրիմում, Կասպիայում…
1271 թ. ճակատագիրը նետում է նրանց Արևելք՝ մոնղոլների Ղարաղորում մայրաքաղաքը և նրանք
հայտնվում են Չինգիսխանի թոռան՝ Խուբիլայի պալատում: Խանը հետաքրքրվում է Հռոմի պապի
գործերով և քրիստոնյաների սովորույթներով: Ի վերջո որպես դեսպաններ ճանապարհում է իտալացիներին
պապի մոտ՝ խնդրելով իրեն հյուր ուղարկել հարյուր գիտնականների, որոնք կկարողանան համոզիչ
կերպով ներկայացնել քրիստոնեական ուսմունքը:
Չինգիսխանը իր հետնորդներին է թողել հսկայական կայսրություն,
որը տարածվում է Խաղաղ օվկիանոսից մինչև Սև ծով: Արևմուտքը վաղուց է ուզում կապեր հաստատել
մոնղոլների հետ: Նրանցից վախենում են, սակայն նրանց հետ են կապում մահմեդականների դեմ
համատեղ պայքարի հույսերը: Մեծ խանի մոտ Իտալիայից վերադարձող եղբայրներն իրենց հետ
են վերցնում
տասնյոթամյա Մարկո Պոլոյին՝ Նիկոլոյի որդուն: Պապը նրանց
հետ է ուղարկում ոչ թե 100 գիտնականների, այլ երկու վանականների, որոնք ճանապարհին
ետ են վերադառնում: Սակայն Պոլոների քարավանն այլևս հնարավոր չէր կանգնեցնել: Ճանապարհորդությունը
դեպի խանի պալատը տևում է 3 տարի: Ի վերջո նրանք հասնում են Պեկին: Մարկո Պոլոն առաջին
եվրոպացին է, որը նկարագրում է այս քաղաքը: Պեկինը նրա խոսքերով երեք անգամ գերազանցում
է Վենետիկը, որն այդ ժամանակ Եվրոպայի երրորդ քաղաքն է: Մարկոն խանի պալատում անցկացնում
է 17 տարի: Կատարում է դիվանագիտական հանձնարարություններ, հետևում է տուրքերի հավաքին,
անգամ լինում է Յանչժոուի նահանգապետը: Ամենուրեք կատարում է նշումներ և Մեծ խանին է
ներկայացնում իր երկրի ամենաարտասովոր անկյունների բազմաթիվ հրաշալիքներ, որոնց մասին
ինքը խանը ոչինչ չգիտի: Նա պատմում է հրաշալի կենդանիների, մարգարիտներ որսացող մարդկանց,
ասիական ժողովուրդների զարմանալի սովորույթների մասին:
Չնայած Պոլոների բազմաթիվ խնդրանքներին, խանը չի ուզում թույլ
տալ նրանց վերադառնալ Իտալիա: Այդուհանդերձ, 1275 թ. կնության տալով իր դստերը Պարսկաստանի
իլխան Արղունին, նա դիմում է վենետիկցիների օգնությանը՝ ծովային անվտանգ ճանապարհով
անցնելու համար:
Շնորհիվ Պոլոների այցի եվրոպացիները իմանում են թղթադրամի,
սագայի արմավենու, սև այրվող քարերի և ոսկու գին ունեցող համեմունքների մասին:
Չնայած Պոլոյի գրքում շարադրված տվյալների հանդեպ իր ստեղծման
օրից եղել է թերահավատ վերաբերմունք, այն արժեքավոր աղբյուր է Հայաստանի, Իրանի, Միջին
Ասիայի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության
և պատմության վերաբերյալ:
Գիրքը բաղկացած է չորս մասից: Առաջինը նկարագրում է Մերձավոր
Արևելքի և Միջին Ասիայի երկրները, որոնք Մարկոն այցելել է Չինաստանի ճանապարհին: Երկրորդ
գիրքը նկարագրում է Չինաստանը և Խուբիլայ խանի պալատը: Երրորդ գրքում պատմվում է Ճապոնիայի,
Հնդկաստանի, Շրի Լանկայի, Հարավ-արևելյան Ասիայի և Աֆրիկայի ծովափնյա տարածքների մասին:
Չորրորդում պատմվում է մոնղոլների և նրանց հյուսիսային հարևանների միջև ընթացող պատերազմների
մասին:
Մարկո Պոլոն չի շարադրել գիրքը անձամբ: Նրա պատմությունները
հին ֆրանսերենով գրի է առել Ռուստիչելի դա Պիզան, որի հետ նրանք վենետիկցիների և ջենովացիների
ծովային ընդհարման արդյունքում հայտնվում են Ջենովայի բանտում:
Մարկո Պոլո | Աշխարհի բազմազանության մասին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 30, 2015
Rating:
