
«Ազգային երազ» պոեմում առաջին պլանում է գրոտեսկային գործողությունը:
Արտաքին նմանությունների խախտումը և երևույթի դեֆորմացումը գործողության մեջ ստեղծում
է գրոտեսկային պատկեր, որի մեջ ներկայացվող նյութը դառնում է երգիծական: Դա կապված
է գրոտեսկային իրավիճակի և բնավորությունների հետ:
Պոեմը սկսվում է երազով և ավարտվում է արթնացումով: Հետևաբար
պոեմը կառուցում է յուրօրինակ շրջանակ, որտեղ սկիզբը համընկնում է էքսպոզիցիային, իսկ
վերջը՝ հանգուցալուծմանը: Գործողությունը զարգանում է երազի մեջ, որի մասին բանաստեղծն
ասում է. «Քո այդ երազում դու կյանքն ես տեսել»:
Մեծ եղեռնի ֆոնի վրա ներկայացվում է ժամանակի հայ «ազգային
գործիչների» արկածախնդիր գործելակերպը, կեղծ հայրենասիրական պոռոտախոսությունը և այն
վնասները, որոնք նրանք պատճառում են կործանվող ժողովրդին:
Սյուժեի գրոտեսկային հանգույցը սկսվում է «ազգային գործիչներից
մեկի»՝ Ահոյի «փոքրիկ» սխալից. նա «հատուկ հանձնարարությամբ» գնում է վառելու թշնամու
գյուղը, բայց սխալմամբ վառում է հայկականը: «Դրացի գյուղը» (տվյալ դեպքում այն մեկը,
որը նա պիտի վառեր), գալիս է հանգցնելու հրդեհը, բայց «Մեր դրացին / Քարյուղ է լցնում
մեր փոքրիկ կայծին»: Բռնկվում է մեծ հրդեհ, որի մեջ «վառվում է Հայոց աշխարհը»: Գրոտեսկային
պատկերը միտված է ցույց տալու ժամանակի «ազգային գործիչների» գործողությունների աբսուրդը:
Երգիծական իրավիճակը ավելի են ընդգծում «գործիչների» (Ահո,
Վետերան, Լեգեոն և այլն) հայրենական շուքով արտասանած ճառերը և ունայն անցուդարձը,
որը վերջանում է «հայ ազգի համար» բուրդ հավաքելով, որպեսզի նրա բեկորները «…մոռանալով
ձմեռ ու մշուշ- / Անկողին մտնեն ու քնեն անուշ»:
Սյուժետային դրվագները կառուցում են մեկ ամբողջական գրոտեսկ,
որը պոեմի կոմպոզիցիայի հիմքն է, թեև կոմպոզիցիան այստեղ զարգանում է երկու գծերով,
որոնցից երկրորդը Մեծ Եղեռնի պատկերն է, որի ֆոնին կատարվում է գրոտեսկային կոմիկական
գործողությունը: Այդ պատճառով հեղինակն այն կոչում է «պոեմ երգիծական և ողբերգական»՝
նշելով դրա տրագիկոմիկական բնույթը:
Եղիշե Չարենց | Ազգային երազ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 31, 2015
Rating:
