.jpg)
Էլսինորի դղյակի հրապարակը: Պահակ է կանգնած Ֆրանցիսկոն.
գալիս է Բերնարդոն: Ավելի ուշ նրանց են միանում Հորացիոն՝ արքայազն Համլետի գիտնական
ընկերը. նրա հետ է Մարցելլոսը: Հորացիոն եկել է հավաստիանալու, որ գիշերով դղյակ այցելող տեսիլքի
մասին պատմությունը ճշմարիտ է: Տեսիլքը իբրև թե Դանիայի մահացած արքայինն է: Հորացիոն հակված
է տեսիլքի մասին պատմությունը երևակայության խաղ համարել: Կեսգիշեր է: Զրահավորված
հայտնվում է ուրվականը: Հորացիոն ցնցված է: Այս այցելությունների մեջ նա տեսնում է
«պետության համար վտանգի նշան:» Որոշում է տեսածի մասին պատմել արքայազն Համլետին,
որն ընդհատել էր իր ուսումը Վիտտենբերգի համալսարանում և տուն էր վերադարձել
հոր անսպասելի մահվան պատճառով: Համլետի ցավն էլ ավելի է մեծացել, երբ իմացել է, որ
մայրը հոր մահից հետո իսկույն ամուսնացել է իր հորեղբոր հետ: Իմանալով գիշերային ուրվականի
մասին՝ Համլետն իսկույն տենչում է տեսնել նրան:
Գիշերով ուրվականը գալիս է և պատմում է Համլետին աղետալի
չարագործության մասին:
Երբ թագավորը հանգստանում էր իր այգում, թագավորի եղբայրը դավադրաբար նրա ականջի մեջ թույն է լցրել: Ուրվականը խնդրում է լուծել իր վրեժը:
Աշխարհը շուռ է գալիս Համլետի համար: Երդվում է վրեժխնդիր
լինել: Խնդրում է ընկերներին լռել այս ամենի մասին:
Այդ ընթացքում թագավորի սենեկապետ Պոլոնիուսը իր որդուն՝
Լաերտին ուսման է ուղարկում Փարիզ: Լաերտը եղբայրական խրատներ է տալիս քրոջը՝ Օֆելիային:
Այստեղ իմացվում է Օֆելիայի հանդեպ Համլետի տածած զգացմունքի մասին: Եղբայրը խորհուրդ է տալիս
քրոջը լինել զգույշ, խոհեմ, քանզի Համլետը հպատակ է իր բարձր ծագմանը: Նրա խոսքերին
է միանում հայրը՝ Պոլոնիուսը: Արգելում է ժամանակ անցկացնել Համլետի հետ: Օֆելիան պատմում
է հորը, որ Համլետն այցելում է իրեն և վերջերս իրեն տարօրինակ է պահում: Պոլոնիոսն
ասում է, որ դա Օֆելիայի հանդեպ սիրուց է և որ ինքը ամեն բան կհայտնի թագավորին:
Թագավորը, որի խիղճը հանգիստ չէ, անհանգստանում է նաև Համլետի
վարքի համար: Ի՞նչ է դա. խելագարությու՞ն, թե՞ դրա տակ թաքնված է ուրիշ ինչ-որ բան: Կանչում
է Ռոզենկրանցին և Գիլդենստերնին՝ Համլետի վաղեմի ընկերներին և խնդրում, որ հետևեն Համլետին
և պարզեն դա: Գալիս է Պոլոնիոսը և ասում է, որ Համլետի խելագարությունը կապված է սիրո
հետ: Ցույց է տալիս Օֆելիայից վերցրած Համլետի սիրային նամակը: Խոստանում է կազմակերպել
դստեր և Համլետի հանդիպումը, որ հավաստիանա դրանում:
Ռոզենկրանցը և Գիլդենստերնը ապարդյուն փորձում են Համլետից
իմանալ նրա գաղտնիքը: Համլետը հասկանում է, որ նրանց ուղարկել է թագավորը:
Համլետը իմանում է, որ քաղաք է եկել շրջիկ դերասանների խումբը:
Փորձում է օգտագործել նրանց՝ թագավորի հանցավորությունը ստուգելու համար: Առաջարկում
է դերասաններին բեմադրել Պրիամոսի մասին ողբերգությունը, որի մեջ նա մի քանի տող կավելացնի:
Դերասանները համաձայն են:
Թագավորը հարցուփորձ է անում Ռոզենկրանցին և Գիլդենստերնին
իրենց առաքելության մասին: Պատմում են իրենց անհաջողության մասին:
Համլետը միայնակ ճեմում է և արտասանում է իր «Լինել, թե չլինել»
հռչակավոր մենախոսությունը:
Պոլոնիոսը Համլետի մոտ է ուղարկում Օֆելիային: Համլետը հասկանում
է, որ իրենց զրույցին ականջ են դնում և խելագար է ձևանում: Խորհուրդ է տալիս Օֆելիային
գնալ մենաստան: Օֆելիային խոցում են Համլետի խոսքերը, իսկ թագավորը հասկանում է, որ
Համլետի խելագարության պատճառը սերը չէ:
Համլետը խնդրում է Հորացիոյին ներկայացման ժամանակ հետևել
թագավորին: Սկսվում է ներկայացումը: Համլետը բարձր մեկնաբանում է գործողությունները:
Բեմում Գոնզագոն՝ թագավորի եղբայրը, դուրս է գալիս թույնը ձեռքին, մոտենում է քնած
թագավորին և թույնը լցնում նրա ականջի մեջ՝ այդ գործողությամբ տիրանալով երկրին, թագին
և թագուհուն:
Ներկայացումը դիտող թագավորը վեր է թռչում: Սկսվում է իրարանցում:
Պոլոնիոսը պահանջում է ընդհատել ներկայացումը: Բոլորը գնում են: Մնում են միայն Համլետը
և Հորացիոն: Այժմ թագավորի հանցավորությունն ապացուցված է: Նա մատնեց իրեն:
Վերադառնում են Ռոզենկրանցը և Գիլդենստերնը: Բացատրում են,
թե որքան դառնացած է թագավորը և որքան տարօրինակ է թվում Համլետի պահվածքը թագուհուն: Համլետը Գիլդենստերնին է տալիս սրինգը
և խնդրում է նվագել: Սա հրաժարվում է ասելով, որ չգիտի նվագել: Համլետը տարակուսանքի մեջ է. իսկ ինչպե՞ս էր պատրաստվում
նվագել իր նյարդերի վրա:
Պոլոնիոսը կանչում է Համլետին մոր մոտ:
Այդ ընթացքում թագավոր Կլավդիուսն իր սենյակում աղոթում է:
Համլետը գալիս է մոր մոտ: Պոլոնիւսը զրույցին ականջ դնելու
համար թաքնվել է վարագույրի հետևում: Համլետը կշտամբում է մորը: Մայրը վախեցած ճչում
է և Պոլոնիոսը օգնության է կանչում վարագույրի ետևից: Համլետը «մուկը, մուկը» բացականչությամբ
վարագույրի միջով սրախողխող է անում Պոլոնիոսին:
Երևում է ուրվականը և պատվիրում է Համլետին հանգիստ թողնել
թագուհուն: Թագուհին չի տեսնում ուրվականին: Նրան թվում է, որ Համլետը լրիվ խելագարվել
է: Պատմում է թագավորին, որ Համլետը խելագարության նոպայի մեջ սպանել է Պոլոնիուսին:
Թագավորը որոշում է Ռոզենկրանցի և Գիլդենստերնի ուղեկցությամբ Անգլիա ուղարկել Համլետին,
որտեղ հետևելով իր գրած նամակի խնդրանքին՝ արքայազնին կսպանեն:
Համլետը դավաճան ընկերների ուղեկցությամբ նավով ուղևորվում
է Անգլիա:
Իմանալով հոր սպանության մասին Փարիզից վերադառնում է Լաերտը:
Նրան սպասում է նոր դժբախտություն: Օֆելիան խելագարվել է: Լաերտը ծարավ է վրեժի: Զինված
ներխուժում է թագավորի սենյակ: Թագավորը բացատրում է, որ ամեն ինչում մեղավորը Համլետն
է: Այդ պահին սուրհանդակը նամակ է բերում Համլետից, որը հաղորդում է, որ վերադառնում
է: Թագավորը հասկանում է, որ իր նախագիծը ձախողվել է, և ներքաշում է Լաերտին իր հետագա
դավադրության մեջ: Առաջարկում է Լաերտին ընկերական սուսերամարտի բռնվել Համլետի հետ,
իսկ սուսերի ծայրին թույն քսել:
Թագուհին հայտնում է Օֆելիայի մահվան մասին:
Երկու գերեզմանափորներ փոս են փորում: Հայտնվում են Համլետը
և Հորացիոն: Համլետը խորհրդածում է համայն գոյության անցողիկության մասին: Մոտենում
է հուղարկավորության թափորը: Լաերտը գցում է իրեն փոսը և աղաչում իրեն թաղել Օֆելիայի
հետ միասին: Համլետը բորբոքվում է նրա խոսքերի կեղծ երանգից: Ասում է, որ ինքը ավելի
է սիրել Օֆելիային, քան դա կարող են անել քառասուն հազար եղբայրներ:
Թագավորը բաժանում է երիտասարդներին:
Հորացիոն և Համլետը մենակ են: Համլետը պատմում է, թե ինչպես
է հաջողացրել կարդալ թագավորի նամակը: Փոխարինել է նամակը ուրիշ նամակով, որի մեջ
օգտվելով հոր կնիքից, պատվիրել է մահվան դատապարտել իր ուղեկիցներին՝ Ռոզենկրանցին
և Գիլդենստերնին: Գալիս է Օզրիկը, թագավորների մերձավորներից մեկը և հայտնում է մենամարտելու
Լաերտի առաջարկի մասին: Համլետն ընդունում
է հրավերը:
Մենամարտից առաջ ասում է Լաերտին, որ բոլոր վիրավորական խոսքերն
ասել է խելագարության մեջ: Մինչ այդ թագավորը ևս մեկ թակարդ է լարել: Պատրաստել է թունավոր
գինով գավաթը, որը մտադիր է առաջարկել Համլետին:
Լաերտը վիրավորում է Համլետին: Փոխվում են սուսերներով: Համլետը
վիրավորում է Լաերտին: Թագուհին թունավոր գավաթից խմում է Լաերտի կենացը: Մեռնում է:
Լաերտը խոստովանում է Համլետին դավադրության մասին: Թագավորն է ամենի մեղավորը:
Համլետը թունավոր սուսերով խոցում է թագավորին և ինքն էլ
մեռնում է:
Հորացիոն ուզում է խմել թունավոր գավաթից, որպեսզի գնա Համլետի
հետևից: Համլետն արգելում է նրան: Հորացիոն հայտնում է պատահածի մասին Ֆորտինբրասին
և անգլիացի դեսպաններին:
Ֆորտինբրասը հրամայում է չորս գնդապետի տանել Համլետին, որպես
զինվորի:
Ուիլիամ Շեքսպիր | Համլետ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 31, 2015
Rating:
.jpg)