
Մի ամառային արևոտ օր գեղանկարիչ Բեզիլ Հոլուորդը իր արվեստանոցում
ընդունում է գեղագետ-հեդոնիստ Հենրի Ուոտտոնին՝ «պարադոքսի արքայազնին»: Հոլուորդը նկարում է մի շատ գեղեցիկ տղայի դիմանկարը: Տղան քսան տարեկան է: Նրա անունն է Դորիան
Գրեյ:
Երբ Հենրին ծանոթանում
է Դորիանի հետ, տղան գերում է նրան: Դորիանը չունի ծնողներ: Մայրը մահացել է, իսկ հորը
սպանել է տվել մոր հայրը: Դորիանը դաստիարակվել է հարուստ խնամակալի մոտ: Հենրիի միջնորդությամբ
և խրախուսմամբ Դորիանը սկսում է ակտիվ բարձրաշխարհիկ կյանք վարել: Շուտով սիրահարվում
է սկսնակ դերասանուհի Սիբիլ Վեյնին: Սիբիլը, որն իր մոր և Ավստրալիա մեկնել պատրաստվող
տասնվեցամյա եղբոր հետ վարում է կիսաքաղցած կյանք, Դորիանին ընդունում է որպես հայտնություն
և հրաշք: Սիբիլը ունի գաղտնիք: Նա և իր եղբայր Ջեյմսը արտամուսնական կապի արդյունք
են:
Դորիանը հայտնում է Հենրիին և Բեզիլին իր մոտալուտ նշանդրեքի
մասին: Ավագ ընկերները, որոշում են այցելել թատրոն, ուր Սիբիլը խաղում է Ջուլյետի դերը:
Ջուլյետը սարսափելի վատ է կատարում դերը: Նա բոլորովին ուրիշ տրամադրության մեջ լինելով՝
անկեղծորեն ընդունակ չէ կերպարանափոխության: Հենրին չի թաքցնում սկեպտիկական ժպիտը,
Բեզիլը ցավակցագին նայում է աղջկան, իսկ Դորիանը վերապրում է ներքին բյուրեղյա դղյակների
փլուզումը: «Դուք սպանեցիք իմ սերը»,- ասում է նա աղջկան:
Հիասթափության մեջ Դորիանը ողջ գիշեր շրջում է Լոնդոնի փողոցներով:
Սակայն Սիբիլը անկարող է տանել ստացած հարվածը: Առավոտյան Դորիանն իմանում է, որ աղջիկն
ինքնասպանություն է գործել: Ընկերները տարբեր խորհուրդներ են տալիս երիտասարդին. Բեզիլը
մաղթում է տոկունություն, իսկ Հենրին՝ զուր արտասուք չթափել: Նա օպերա է տանում Դորիանին
այնտեղ լեդի Գվենդոլենի հետ ծանոթացնելու: Ի զարմանս Բեզիլի Դորիանը ընդունում է այդ
հրավերը: Միայն վերջերս նկարչի իրեն նվիրած դիմանկարի վրա է Դորիանը նկատում էական
փոփոխության չարագույժ նշանը: Հունական աստծո իր դեմքին նա նկատում է կնճիռ: Անհանգստացած
հրամայում է աչքից հեռու տանել նկարը:
Խղճի ձայնը օգնում է լռեցնել իր Մեֆիստոֆել-բարեկամը՝ Հենրին:
Կարդում է սրա խորհուրդ տված գրքերը: Ամբողջովին տարված է իր գեղեցկությամբ: Վարում
է հեդոնիստի կյանք՝ գեղանկարչություն, հավաքածուներ, պճնամոլություն, թմրադեղեր, գայթակղություններ:
Բեզիլը, որն ընդհատում է նրա հետ ամեն շփում, խորհուրդ է
տալիս Դորիանին ուշքի գալ: Բայց զուր: Ի պատասխան Դորիանը առաջարկում է նկարչին տեսնել
իր նախկին սիրելիի իսկական դեմքը: Ցույց է տալիս իր դիմանկարը. նկարի վրա Բեզիլը սարսափահար
տեսնում է այլանդակ ծերունու: Ինքը Դորիանը ևս անկարող է տանել այդ տեսարանը: Ցասման
մեջ դանակահարում և սպանում է իր երիտասարդ օրերի ընկերոջը: Մարմինը իր ծանոթ քիմիկոսի
օգնությամբ լուծում է թթվի մեջ և այդպիսով ազատվում սպանության ապացույցից:
Տառապելով ուշացած խղճի խայթից՝ մոռացություն է փնտրում թմրադեղերի
մեջ: Քիչ է մնում սպանվի հարբած նավաստու ձեռքով, որը, ինչպես պարզվում է, Սիբիլի եղբայրն
է: Պայծառ և փթթուն տեսքը փրկում են նրան: Ջեյմս Վեյնը չի սպանում նրան, որովհետև իրական
Դորիանը պիտի որ արդեն տարիք առած տեսք ունենար: Հայտնի է, որ Դորիանի տարիքային և
հոգևոր փոփոխությունների ողջ համապատկերն իր վրա է առնում նրա դիմանկարը:
«Դիմանկարն իմ խիղճն է: Հարկ է ոչնչացնել այն»,- որոշում
է հերոսը:
Ուշ գիշերով իր ճոխ լոնդոնյան առանձնատանը Դորիանը դանակով
հարձակվում է դիմանկարի վրա: Լսելով աղմուկ՝ տան ծառաները ներս են վազում և հատակին
հայտնաբերում ծերունու դիակ: Դիմանկարի վրա դարձյալ գեղեցիկ և փթթող Դորիանի աստվածային
դեմքն է: Այսպես է ավարտվում վեպը մի մարդու մասին, ով կարծում էր, թե չարիքը լոկ միջոց
էր իրագործելու համար այն, ինչ նա համարում էր կյանքի գեղեցկություն:
Օսկար Ուայլդ | Դորիան Գրեյի դիմանկարը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 28, 2015
Rating:
