Կորնթոս քաղաքը: Մեդեայի տան դայակը պատմում է իր տիրուհու
դժբախտության մասին: Կողքիսի արքայադուստր Մեդեան օգնել էր արգոնավորդների առաջնորդ
Յասոնին ձեռք բերել ոսկեգեղմը: Այնուհետև սիրահարվելով Յասոնին, նրա հետ փախել էր վերջինիս
հայրենի քաղաքը՝ Իոլկոս: Հանուն Յասոնի նա գործել էր երկու մեծ ոճիր. սպանել էր հարազատ
եղբորը և կործանել Իոլկոսի արքա Պելիասին: Վերջին հանցանքից հետո Յասոնն ու Մեդեան
ստիպված էին Իոլկոսից փախչել Կորնթոս…Նրանք ամուսնացած են և ունեն երկու որդի, սակայն
Յասոնը դավաճանել է իր կնոջը. նա ուզում է կնության առնել կորնթոսյան արքայադստերը:
Դայակն ասում է չարագուշակ խոսքեր. վշտից խելահեղ Մեդեան ունակ է ամեն չարագործության…
Մեդեայի զավակների հետ գալիս է նրանց ծերունի դաստիարակը:
Նա պատահաբար իմացել է Կորնթոսի արքայի վճիռը: Մեդեայի վրիժառու, դաժան խառնվածքից
վախենալով՝ արքան ուզում է արտաքսել նրան իր քաղաքից:
Կորնթոսյան կանանց երգչախմբի հանդես գալուց հետո տնից դուրս
է գալիս վշտոտ Մեդեան, որը վրեժի գաղտնի միտում ունի: Քիչ անց հայտնվում է Կրեոն թագավորն
ու հրամայում Մեդեային շուտափույթ հեռանալ քաղաքից: Վերջինս նրանից միայն աղերսում
է իրեն մեկ օր ժամանակ տալ: Արքան միամտորեն համաձայնում է՝ չհասկանալով Մեդեայի այդ
խնդրանքի իրական նպատակը:
Կրեոնի հեռանալուց հետո գալիս է Յասոնը: Նա զուր փորձում
է պաշտպանվել ու արդարանալ Մեդեայի նախատինքներից. իբրև թե ուզում է արքային փեսա դառնալ,
որպեսզի հանձին նրա իր որդիներին հովանավոր ձեռք բերի: Նա կնոջն առաջարկում է իր նամակները,
որոնց օգնությամբ Մեդեան ապաստան կգտներ: Բայց վերջինս հրաժարվում է ամուսնու օգնությունից,
և Յասոնը հեռանում է:
Հաջորդ տեսարանը: Դելփիքից Տրեզեն ուղևորվելիս Կորնթոս է
մտնում Աթենքի արքա Էգևսը: Հանդիպելով Մեդեային՝ արքան նրան հայտնում է իր ցավը. վաղուց
է, ինչ ինքն ամուսնացած է, բայց զավակ չունի: Մեդեան խոստանում է նրան օգնել իր կախարդանքով,
եթե Աթենքում իրեն ապաստան տրվի: Էգևսը խոստանում է Մեդեային ընդունել իր քաղաքում
և հեռանում է:
Ապաստանն ապահովված է. Մեդեան արդեն բացեիբաց հայտնում է
իր ծրագիրը երգչախմբին. նախ նա Յասոնի հարսնացուին թունավորված զգեստ կուղարկի, այնուհետև
ամուսնուն անսփոփ վիշտ պատճառելու համար կսպանի նրա զավակներին: Երգչախումբը նրան իզուր
համոզում է հրաժարվել այդ մտադրությունից…
Կանչելով Յասոնին Մեդեան ձևացնում է՝ իբրև թե հնազանդ է նրա
կամքին: Նա հեզորեն կենթարկվի ճակատագրին և կհեռանա Կորնթոսից. միայն թե թող Յասոնն
արքայադստեր միջոցով համոզի արքային չվտարել իր զավակներին: Որպեսզի արքայադուստրը
չմերժի Մեդեան նրան իր երեխաների ձեռքով ընծաներ կուղարկի. մի շքեղ զգեստ և ոսկե պսակ:
Յասոնը համաձայնվում է և որդիների հետ հեռանում: Շուտով երեխաներն իրենց դաստիարակի
հետ վերադառնում են. արքայադուստրն ընդունել է ընծաները, մանուկները կմնան Կորնթոսում:
Քիչ անց հանկարծակի եկած սուրհանդակը բերում է արքայադստեր
և թագավորի մահվան լուրը: Յասոնի հարսնացուն, հագնելով թույնով ներծծված զգեստը, զարհուրելի
տանջանքների մեջ մահացել է: Դժբախտ հայրը գրկել է դստեր դիակը, և զգեստի ահավոր թույնը
կործանել է նաև նրան: Մեդեային մնում է կատարել վերջին ահեղ գործը: Նա պետք է սպանի
իր զավակներին: Հոգեկան ծանր տառապանքներից հետո նա ի վերջո վճռական քայլերով մտնում
է տուն: Շուտով տնից լսվում են դժբախտ մանուկների ճիչերը:
Վերջին տեսարանը: Գալիս է Յասոնը, որն ուզում է սպանված արքայի
ազգականներից փրկել իր երեխաներին. միգուցե նրանք մոր ոճրագործության զոհ դառնան: Բայց
նրան սպասում է ամենածանր հարվածը: Մեդեան արդեն սպանել է մանուկներին: Յասոնը նետվում
է եղեռնագործ կնոջից վրեժ լուծելու, բայց Մեդեան իր պապի՝ Հելիոսի ընծայած կախարդական
կառքով թռչում-հեռանում է՝ տանելով սպանված երեխաների դիակները:
Տես նաև Եվրիպիդես Իփիգենիան Ավլիսում, Հիպպոլիտոս և Բաքոսուհիներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Տես նաև Եվրիպիդես Իփիգենիան Ավլիսում, Հիպպոլիտոս և Բաքոսուհիներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Եվրիպիդես | Մեդեա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 19, 2015
Rating: