.jpg)
«Պաշտպանականը» Պլատոնի միակ երկն է, որ
տրամախոսություն չէ: Այն վերարտադրում է Սոկրատեսի ճառը` արտասանված Ք.ա. 399 թ.
Աթենքի դատարանում, ուր նա բերվել էր` մեղադրվելով աստվածների փոխարեն դեմոններին երկրպագելու և երիտասարդներին այլասերելու մեջ: Թե որքանով է «Պաշտպանականն»
արտացոլում Սոկրատեսի իրական ճառը, հարց է, որի միանշանակ պատասխանը դժվար է
ակնկալել: Հավանաբար իր էական գծերով Սոկրատեսի խոսքը եղել է այնպիսին, ինչպես
հաղորդում է Պլատոնը, թեպետ գուցեև չի եղել այդչափ ընդարձակ և գրավիչ:
«Պաշտպանականը» բաղկացած է երեք մասից:
Առաջին մաս. Սոկրատեսը սկսում է իր ճառը հեգնական
դիտողությամբ, ըստ որի մեղադրողների ելույթն այնքան համոզիչ էր, որ ինքն էլ քիչ
մնաց մոռանա իրեն: Ակնարկվում է հռետորիկայի պաթոլոգիկ ազդեցությունը` համոզել,
բայց չլինել ճշմարիտ: Ինքը Սոկրատեսը խոստանում է խոսել պարզ ու անպաճույճ:
Մեղադրողները երկու կարգի են: Առաջինները ավելի վտանգավոր են, քանի որ վաղուց է,
ինչ մեղադրում են: Նրանց մեղադրանքը խոր արմատներ ունի, և այն դժվար է հերքել կարճ
ժամանակում: Այժմյան մեղադրողներն են Անիտոսը, Մելետոսը և Լիկոնը, որոնք պակաս
վտանգավոր են, քանի որ նրանք դատավարության պատճառն են, բայց ոչ այն մեծ
զրպարտանքի, որ գոյացել է հեռակա մեղադրողների ստերից:
Առաջին մեղադրողների մեղադրանքը, ըստ որի Սոկրատեսը
հետազոտել է երկրի տակ և երկնքում եղածը, զրպարտանք է: Զրպարտանք է նաև այն, որ
Սոկրատեսը իրեն համարում է ինչ-որ իմաստության կրող: «Մարդկային» այդ իմաստությունը
Սոկրատեսը սահմանափակում է իր կատարյալ չիմացությունը հաստատող իմացությամբ,-
գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ,- որով և տարբերվում է այլ մարդկանցից, ովքեր
կարծում են, թե ինչ-որ իմաստություն ունեն:
Երկրորդ մեղադրողների մեղադրանքը` իբր Սոկրատեսը
այլասերում է երիտասարդներին և նոր դեմոններ է ներմուծում, նույնպես զրպարտանք է:
Անհնար է ապացուցել, որ Սոկրատեսը այլասերել է երիտասարդներին, այլապես կնշանակեր,
որ միայն ինքն է այլասերում, իսկ դատարանը, խորհրդի անդամները կամ հենց Մելետոսը
երբեք չեն այլասերել: Բացի այդ, անապացուցելի է, որ նա արել է դա կամովին, իսկ
ակամա հանցանքի համար պետք է ոչ թե դատել, այլ մասնավոր խրատներ տալ, ինչը սակայն
ո´չ Մելետոսը, ո´չ մյուս մեղադրողները չեն արել: Անաստվածության մեջ մեղադրանքը
նույնպես անհիմն է, քանզի եթե անգամ Սոկրատեսը նոր դեմոններ է ներմուծել, ապա
առնվազն անաստված չէ. դեմոններ ընդունողը չի կարող չընդունել աստվածներին:
Ինքը Սոկրատեսը չի վախենում մահից. ամոթն ու
փոքրոգությունը ավելի են վախեցնում իրեն: Բացի այդ, նա չի կարող վախ տածել մի բանի
հանդեպ, որը չի ճանաչում: Սոկրատեսը չի կարող դադարել ինքն իրեն և ուրիշներին
փորձելուց և մահապատիժը կորուստ է ոչ թե իր, այլ քաղաքի համար, քանի որ դժվար թե
գտնվի ուրիշ մեկը, ով թողնելով իր մասնավոր հոգսերը` կստիպի այլոց մտածել
ճշմարտության մասին: Համեմատում է իրեն բոռի հետ, որ աստծո կողմից կցված է
քաղաքին, ինչպես ազնվացեղ ձիուն: Նա ոչինչ չի սովորեցրել, այլ հարցեր է տվել և
այլոց դրդել անելու նույնը: Այդ հարցերի ու դրանց տրված պատասխանների մեջ
այլասերող ոչինչ չի եղել և այդ բանը շատերը կարող են վկայել, իսկ հակառակը` ոչ ոք:
Սոկրատեսը թե´ իր, թե´ դատավորների համար անպատվություն է համարում գթություն
աղերսել և մահապատիժը պատժի այլ ձևով փոխարինելու նպատակով դատարան բերել իր
երեխաներին ու ազգականներին:
Երկրորդ մաս. Սոկրատեսը խոսում է ընդհանուր մեղադրանքից
հետո: Նա զարմացած է, որ իր դեմ ուղղված մեղադրանքին կողմ եղածների
գերակշռությունը այդքան աննշան է եղել: Ինքը Սոկրատեսը իր արածի համար իրեն
կսահմաներ ընթրիք պրիտանեյոնում: Մահապատժի փոխարեն այլ պատիժ կրելը Սոկրատեսը
համարում է անընդունելի, քանի որ բանտը ստրկություն է, աքսորը` կյանքից կառչող
մարդու խղճուկ գոյություն, իսկ փրկագին վճարել նա ի վիճակի չէ: Աշակերտների
երաշխավորությունը և իր համար վճարելիք փրկագինը նա համարում է անընդունելի, քանի
որ չի պատրաստվում դադարեցնել ճշմարտության իր որոնումներն ու մարդկանց փորձելը:
Երրորդ մաս. Սոկրատեսը խոսում է մահավճռից հետո: Իր դեմ
քվեարկածները իրեն չարիք չեն գործել, քանի որ նա ծեր է և նրա մահը կգար
ինքնաբերաբար: Նրանք չարիք են գործել իրենք իրենց, որովհետև հետագայում մարդիկ
իրեն կհամարեն իմաստուն, իսկ նրանց կմեղադրեն: Նա չի փորձել խուսափել մահից, ինչը
դժվար չէ անել անգամ պատերազմում. բավական է միայն ստորանալ, իսկ դա նրա համար
անընդունելի է: Այժմ Սոկրատեսի թշնամիները կենթարկվեն նրանց մերկացումներին, որոնց
ինքը զսպում էր: Իրեն արդարացնել ցանկացողներին դիմելով` Սոկրատեսն ասում է, որ
նախկինում իր ամեն սխալ քայլը կանխող ու ընդվզող ներքին ձայնը այս անգամ լուռ է
մնացել, այդկերպ հուշելով նրան չհակառակվել մահվանը և չխուսափել նրանից: Մահը
չարիք չէ, քանի որ եթե դա ոչնչացում է, ապա իսկական ձեռքբերում է Սոկրատեսի համար,
իսկ եթե տեղափոխություն է Հադես, ինչպես ասում են, ապա նույնպես ձեռքբերում է,
քանի որ այնտեղ կգտնի արդար դատավորների, կհաղորդակցվի իր պես անարդար
դատապարտվածների հետ և կշարունակի այնտեղ փնտրել առաքինություն և իմաստություն:
Դիմելով մեղադրողներին` Սոկրատեսը պահանջում է, որ իր զավակների հետ վարվեն ճիշտ
այնպես, ինչպես ինքն է վարվել նրանց` մեղադրողների հետ, այսինքն` տարհամոզել
նրանց, եթե շատ տարվեն ընչաքաղցությամբ և դառնան ամբարտավան: Իր խոսքի վերջում
Սոկրատեսն ասում է, որ ինքը գնում է մեռնելու,
իսկ իր մեղադրողները` ապրելու, և միայն աստծուն է հայտնի, թե դրանցից որն է
ավելի լավ:
Պլատոն | Սոկրատեսի պաշտպանականը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 21, 2015
Rating:
.jpg)