.jpg)
Երիտասարդ ազնվական Եվգենի Օնեգինը Պետերբուրգից մեկնում
է իր ազգականի մոտ գյուղ և նախապես տառապում է ձանձրույթից: Մանուկ ժամանակ նրա դաստիարակները
եղել են ֆրանսիացիներ: Հրաշալի խոսում է ֆրանսերեն, պարում է, կարդում է լատիներեն,
զրույցի մեջ գիտի ժամանակին լռել և ժամանակին արտասանել որևէ դիպուկ էպիգրամ: Հասարակության
մեջ բարեհաճություն է վայելում:
Վարում է հասարակական վայելքներով լի կյանք:
Լինում է թատրոնում, հրավերներ է ստանում պատվարժան մարդկանցից, լինում է պարահանդեսներում,
սալոններում, ռեստորաններում: Տանը շատ ժամանակ է անցկացնում՝ հետևելով իր արտաքինին
և այլն:
Հիմա նորից շտապում է հերթական պարահանդեսին: Հնչում է երաժշտություն,
պարում են գեղեցիկ կանայք: Վերադառնալով պարահանդեսից՝ Օնեգինը մտածում է, որ վաղը լինելու է նույնը: Նա երջանիկ չէ: Ձանձրացել է ընկերներից, կանանցից, պարահանդեսներից…
Ինչպես Բայրոնի Չայլդ Հարոլդը, նա հիասթափված ու լռակյաց է: Փակվելով տանը՝ շատ է կարդում,
բայց անօգուտ: Գրքերը ևս չեն ցրում ձանձրույթը: Չցանկանալով զբաղվել սեփական գյուղի
հարցերով՝ վարձույթով է տալիս իր կալվածքը: Հույս ունի ժառանգել իր ազգականի ունեցվածքը:
Իսկապես, նրա ազգականը մահանում է՝ նրան թողնելով կալվածքը, գործարանները և անտառները:
Տեղափոխվում է գյուղ: Բայց այստեղ էլ շուտով նրան հետապնդում է նույն ձանձրույթը:
Հարևան կալվածք Գերմանիայից վերադառնում է տասնութամյա Վլադիմիր
Լենսկին՝ Կանտի և բանաստեղծների երկրպագուն: Նրա հոգին դեռ չի ցամաքել բարձր հասարակության
կենցաղից: Նա հավատում է սիրո զգացմունքին, փառքին, կյանքի խորհրդավոր իմաստին: Չի
ցանկանում ամուսնանալ, հավանաբար հավատում է իր առանձնակի կոչմանը:
Օնեգինը և Լենսկին մտերմանում են, չնայած որ Օնեգինը ժպիտով
է լսում երիտասարդի պատանեկան ցնդաբանությունները: Մի օր Լենսկին պատմում է Օլգայի
հանդեպ իր սիրո մասին: Օլգային բոլորովին նման չէ նրա քույրը՝ Տատյանան: Սա մտածկոտ
է ու լուռ, սիրում է տրվել ընթերցանությանը: Նրա մայրը ժամանակին իր կամքին հակառակ ամուսնացել
է ազնվական Լարինի հետ, որի հետ կյանքը հետագայում նրան դուր է եկել: Ընտանիքը ապրում
է խաղաղ: Բայց ահա Լարինը մահանում է:
Լենսկու հետ Օնեգինը մի օր այցելում է Լարիններին: Ետդարձի
ճանապարհին նա ասում է, որ Օլգան հասարակ աղջիկ է և որ Լենսկու փոխարեն կընտրեր Տատյանային:
Այս այցելությունից հետո ասեկոսե է տարածվում, որ իբր Եվգենին պատրաստվում է ամուսնանալ
Տատյանայի հետ: Ինքը Տատյանան մտածում է, որ սիրահարվել է Օնեգինին: Գիշերը անքնությունից
տառապող աղջիկն անկեղծ նամակ է գրում Օնեգինին, որի մեջ չի թաքցնում իր զգացմունքը:
Նամակը գրում է ֆրանսերեն և շեշտում է, որ Օնեգինը նրան ուղարկված է Աստծո կողմից:
Առավոտյան ուղարկում է նամակը Լենսկուն: Սկսվում է տանջալի
սպասումը: Երեկոյան հյուր են գալիս նախ Լենսկին, ապա Օնեգինը: Տատյանան փախչում է այգի:
Շուտով նրան է հետևում Օնեգինը: Բացատրում է, որ ստեղծված չէ ամուսնական կյանքի համար:
Խորհուրդ է տալիս Տանյային չլինել այդքան անմիջական ու անկեղծ կյանքում: Աղջիկը չի
կարող զսպել արցուքները:
Օնեգինը շարունակում է տրվել խաղաղ գյուղական կենցաղին: Ձմռան
օրերին նստած է տանը: Նրան է այցելում Լենսկին: Փոխանցում է Տատյանայի հրավերը: Ինքը
պատրաստվում է ամուսնանալ Օլգայի հետ: Արդեն եռում են հարսանեկան պատրաստությունները:
Տատյանան մի գիշեր տարօրինակ երազ է տեսնում: Նրան հետապնդում
է մեծ արջը, որին սպանում է Օնեգինը: Հետո գալիս են Օլգան և Լենսկին: Լենսկու և Օնեգինի
միջև վեճ է ծագում և Օնեգինը դանակով սպանում է Լենսկուն:
Նշանակված է պարահանդես: Օնեգինը Լենսկու պնդմամբ Լարինների
տանն է: Տատյանան սրտի թրթիռով է դիմավորում նրան: Օնեգինին դա նյարդայնացնում է: Իր ներսում բարկանում
է Լենսկու վրա, որը համոզեց իրեն գալ այստեղ: Սկսում է ջերմորեն զրուցել Օլգայի
հետ, անվերջ պարի է հրավիրում նրան: Լենսկին ապշած է: Ուզում է հրավիրել իր հարսնացուին
հաջորդ պարին, բայց սա արդեն խոստացել է Օնեգինին: Վիրավորված Լենսկին հեռանում է պարահանդեսից:
Առավոտյան Օնեգինը նամակ է ստանում Լենսկուց, որով վերջինս
նրան կանչում է մենամարտի: Օնեգինը հանգիստ է, բայց դժգոհ է ինքն իրենից: Պետք չէր
կատակել ընկերոջ զգացմունքի հետ:
Լենսկին այցելում է Լարիններին, որտեղ նրան ուրախ դիմավորում
է Տատյանան: Ոչ ոք նշանակված մենամարտի մասին չի իմանում:
Մենամարտը անխուսափելի է: Հասարակական սովորույթները պահանջում
են իրենց տուրքը: Օնեգինը կրակում է առաջինը: Լենսկին սպանված է:
Լենսկու մահից հետո Օլգան երկար չի սգում: Նա շուտով ամուսնանում
է երիտասարդ զինվորականի հետ: Տատյանան մնում է մենակ: Զբոսնելով մի օր հասնում է Օնեգինի
լքված կալվածքին: Մտնում է նրա կացարանը: Ուսումնասիրում է գրադարանը: Տան վերակացուն
նրան թույլ է տալիս գրքեր վերցնել: Կարդալով Օնեգինի գրքերը և տեսնելով լուսանցքներում
արված նշումները՝ սկսում է ճանաչել իր հերոսին: «Մի՞թե նա պարոդիա է»,- մտածում է:
Ձմռանը Լարինները մեկնում են Մոսկվա: Տատյանան ասես չի նկատում
իր ընկերուհիներին: Ոչ ոքի հետ չի կիսվում: Մտքերով նա գյուղում է, նրա հետ: Իսկ իրեն՝
Տատյանային, բարձրաշխարհիկ հավաքներում ակնդետ հետևում է մի գեներալ…
Երկու տարի անց Պետերբուրգում բարձր հասարակություն է ներկայանում
միայնակ և լուռ Օնեգինը: Նոր է վերադարձել ճամփորդությունից, որը չի ցրել ձանձրույթը:
Բոլորի ուշադրությունն է գրավում գեներալի ուղեկցությամբ ներս մտած տիկինը: Օնեգինի
կասկածները հաստատվում են: Տատյանան է: Ամուսինը՝ իշխանը, ներկայացնում է իր կնոջը
Օնեգինին: Օնեգինը շփոթված է, Տատյանան հանգիստ է:
Հաջորդ օրը հրավեր ստանալով իշխանից՝ Օնեգինը անհամբեր սպասում
է երեկոյին, որպեսզի այցելի նրանց: Հայտնվում են հյուրերը: Օնեգինի ուշքն ու միտքը
Տատյանան է: Նա սիրահարված է անմատչելի և հպարտ այդ տիկնոջը: Սակայն Տատյանան չի նկատում
նրան: Հուսահատ Օնեգինը նամակ է գրում, որտեղ ներում է խնդրում նախկին սառնության համար
և աղաչում է փոխադարձ սեր: Ո´չ այդ, ո´չ էլ հաջորդ նամակներին Օնեգինը պատասխան չի
ստանում:
Գարնանային մի օր Օնեգինը լքում է իր միայնությունը և գնում
է Տատյանայի մոտ: Սա նամակ է կարդում և արտասվում է: Օնեգինն ընկնում է նրա ոտքերը:
Տատյանան դիմում է նրան: Մի ժամանակ ինքը մերժել է փոքրիկ աղջկա սերը: Ինչո՞ւ է հետապնդում
հիմա: Գուցե որովհետև այդ աղջիկն արդեն հարուստ և նշանավոր տիկին է և նրա նկատմամբ
հաղթանակը պատիվ կբերի հերոսին: Տատյանան ամեն բան կտար՝ վերադարձնելու համար այն այգին,
որտեղ նրանք առաջին անգամ հանդիպեցին: Նա շարունակում է սիրել Օնեգինին, սակայն ամուսնացել
է՝ տեղի տալով մոր համոզումներին, և հիմա պատրաստ է հավետ հավատարիմ մնալ ամուսնուն:
Եվգենին ապշած է: Հանկարծ ներս է մտնում Տատյանայի ամուսինը:
Պուշկինը վեպի վերջին տողում ասում է, որ հերոսի համար այս
չար պահին լքում է նրան… հավետ:
Ալեքսանդր Պուշկին | Եվգենի Օնեգին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 04, 2015
Rating:
.jpg)