Ֆրիդրիխ Նիցշե
Ողբերգության ծնունդը
(համառոտ)

1872
Լայպիցիգում Ֆրիդրիխ Նիցշեն
(1844—1900) կարդում է Արթուր Շոպենհաուերի
«Աշխարհը որպես կամք և պատկերացում» գիրքը և «հիվանդանում է»: «Ես գտա այդ գիրքը ծերուկ
Ռոնի հին գրքերի խանութում… տանը դիվանին պառկած՝ ես զգացի, որ այդ մռայլ, բայց հզոր
հանճարը սկսում է ներսից տաշել ինձ: Յուրաքանչյուր էջին ընդվզումն ու հնազանդությունը
ձայն էին տալիս: Իմ առաջ հայելի էր, որի մեջ ես տեսնում էի… աշխարհը, կյանքը և իմ սեփական
հոգին: Արևի նման ինձ երևաց արվեստի ամեն ինչից անջատված աչքը: Ես տեսնում էի դրա մեջ
հիվանդությունը և ապաքինումը, ապաստանը և արտաքսումը, դրախտը և դխոխքը»:
Հետևելով Շոպենհաուերին՝ Նիցշեն ընկալում է կյանքը որպես
կույր իռացիոնալություն, ցավ և կործանում: Տառապանքին դիմադրելու ունակությունը կարելի
է ձեռք բերել միայն արվեստի աշխարհում: «Ողբերգության ծնունդը» փորձում է անտիկական
ողբերգության մեջ գտնել կյանքի արբեցնող ուրախության հզոր աղբյուր, կյանքային արժեքների
արի ընդունում: Ողբերգական արվեստը կարողանում
է վսեմորեն «այո» ասել կյանքին: Նիցշեն շրջում է հունական մշակույթի ռոմանտիկական պատկերացումը:
Ոչ թե Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի, այլ նախասոկրատյանների և Ք. ա. 4-րդ դարի ողբերգակների
Հունաստանն է իսկական Հունաստանը:
Հունական աշխարհի առեղծվածը Նիցշեն կապում է «դիոնիսյան ոգու»
հետ, որը առողջության բնազդային ուժ, ստեղծագործական էներգիայի կիրք և բնության հետ
լիակատար ներդաշնակության զգայական պաթոս է:
«Դիոնիսյանի» կողքին աճում և ուժ էր առնում Ապոլլոնի ոգին,
առաջ էին գալիս իրերի իմաստը չափի և համաչափության տերմիններով արտահայտելու փորձեր:
Այս երկու սկզբունքների դիխոտոմիան ըստ Նիցշեի դառնում է հակադրության աղբյուր, որը
չափազանց կարևոր է ինչպես հունական քաղաքակրթության սկզբում, այնպես էլ վերջում: Իրար
են հակադրվում պլաստիկ (Դիոնիսոս) և ոչ պլաստիկ (Ապոլլոն) արվեստները: Այս երկու բնազդները
ստեղծում են բաց դիսսոնանս, մինչև որ ի վերջո միանում են արվեստի մեկ տեսակի մեջ,
որն էլ հենց ատտիկյան ողբերգությունն է:
Բայց եթե Եվրիպիդեսը փորձում է ճնշել դիոնիսյան տարրը հօգուտ
բանականության բարոյականության, ապա Սոկրատեսը բացահայտում է մեկ այլ հավակնություն՝
հասկանալ ամեն բան բանականության միջոցով և իշխել այդ բանականությամբ: Սոկրատեսից և
Պլատոնից հետո հունականը հույների մեջ սկսում է նվազել: Նիցշեն կոչում է նրանց փսևդոհույներ
և հակահույներ: Վերջին գործիքը, որ մնում է Պլատոնի ձեռքին, դիալեկտիկան է: Փիլիսոփաները
և բարոյագետները խաբում են իրենք իրենց՝ հավատալով, թե անկումը կարելի է կանգնեցնել՝
պատերազմ հայտարարելով դրան: Այն, ինչը նրանց դեղամիջոց էր թվում, իրականում անկման
նոր ձև է: Նրանք փոխում են անկման ձևը, սակայն չեն դադարում ընկնել: Սոկրատեսին դժվար
է վստահել: Բացի այդ, բարոյական կատարելագործման ողջ էթիկան երկիմաստ է: Բանականության
վառ լույսը, ամեն գնով ձեռք բերվող ռացիոնալությունը, գիտակցականությունը, որը խզում
է իր կապը բնազդների հետ, ևս մեկ հիվանդություն է, բայց ոչ վերադարձ դեպի «առաքինին»,
«առողջը», «երջանիկը»: Կարելի է՞ արդյոք առողջ համարել Սոկրատեսին, եթե նրան զզվեցրել
է կյանքը: «Ոչ» ասելով կյանքին, նա դառնում է առաջին դեկադենտը: Պայքարելով դիոնիսյան
սկզբունքի դեմ Սոկրատեսը մոռանում է, որ նա վերականգնում է ոչ միայն մարդու և մարդու
կորսված կապը, այլև մարդու և բնության կապը՝ տոնելով անառակ որդու վերադարձը տուն:
Դիոնիսոսի կառքը զարդարված է ծաղիկներով և դրասանգներով, իսկ կառքին են լծված հովազը
և վագրը:
Ֆրիդրիխ Նիցշե | ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 04, 2015
Rating:
