
Ամառային երեկո է: Փոքրիկ ավանի միակ ճաշարանի բակում, սեղաններից մեկի շուրջը նստած են մի խումբ երիտասարդներ,
որոնք ավանում պատահած մի ինչ-որ նորության առիթով վիճում են այն մասին, թե «գաղտնիքներով
հետաքրքրվելը լա՞վ բան է, թե՞ վատ»: Նրանցից մի փոքր հեռու նստած է ավանի փոստատան կառավարիչը, մոտ հիսնամյա, բարեդեմ, խելացի աչքերով և գորշախառն
մորուքով մի մարդ: Գարեջրի շիշը դատարկելուց
հետո մոտենում է երիտասարդներին և ասում, որ նրանք բոլորն էլ յուրովի ճիշտ են մտածում, սակայն ինքը խորհուրդ է տալիս նրանց՝ երբեք չհետաքրքրվել գաղտնիքներով:
Տղաները ճանաչում են Վասիլ Իվանիչին և խնդրում են բացատրել իր այդ կարծիքը և հիմնավորել
այն: Նա ասում է, որ գաղտնիքներով
հետաքրքրվելն առհասարակ
անքաղաքավարություն է: Դա կանանց թուլություններից է, ուստի տղամարդուն
վայել բան չէ: Այն հաճախ պատճառում
է չարիք, որից ազատվելու
համար չի բավականացնի նույնիսկ իրենց ողջ կյանքը: Երիտասարդներից բոլորը չէ, որ համաձայն են նրա հետ, ունեն տարբեր կարծիքներ:
Վասիլ Իվանիչը կարծում է, որ ավելի լավ է խաբված մնալ, քան օրինակ իմանալ կնոջդ կամ բարեկամիդ
կողմից սիրված չլինելու հանգամանքը:
Խաբված լինելու մեջ չկա ճշմարտություն, բայց կա անդորրություն:
Խոսակիցներից մեկն ասում է, որ ինքն իր կյանքում երբևէ չի հանդիպել մի մարդու, որ զղջացած լինի որևէ ճշմարտություն
իմացած լինելու համար: Վասիլ Իվանիչը գրազ է գալիս տասը շիշ գարեջրով, որ նրանք ճանաչում են այդպիսի մարդու: Երբ գարեջրերը դրվում են սեղանին, նա ասում է, որ այդ մարդը հենց ինքն է և պատմում է հետևյալ պատմությունը:
Տասնհինգ տարի առաջ ինքը պաշտոն ուներ մայրաքաղաքում, դարձյալ ծառայում էր փոստատանը և վարում էր գլխավոր նամակաբաշխի
պաշտոնը: Ամենից շատ հետաքրքրական
էին «ցպահանջ» կոչվող ծրարները: Դրանք հիմնականում
սիրային նամակներ էին, որոնց վրա հաճախ չէր լինում մինչև անգամ ստացողի անունն ու ազգանունը,
այլ միայն երկու պայմանական
տառ, օրինակ, «Ա. Դ. ցպահանջ», «Ե. Ն. ցպահանջ», «1240,
ցպահանջ» և այլն: Նամակի տերն այդ պայմանական տառերը կամ թվանշանները
նամակաբաշխին հայտնելով,
ստանում է յուր ծրարը: Նրան սկսում են հետաքրքրել
այդ նամակներ ստացողները: Ամեն անգամ տուն գնալիս, փոստատան անցուդարձի մասին պատմում էր կնոջը՝ Յուլիային,
որը մի գեղեցիկ, հավատարիմ
ու սիրելի կին էր նրա համար: Նրանք միշտ զրուցում էին գաղտնի սիրահարների
մասին, որոնք գալիս էին փոստատուն իրենց նամակների հետևից: Վասիլ Իվանիչը հպարտանում էր իր կնոջով, որ վերջինս այդ թեթևաբարո
կանանց նման չէր, որոնք ամուսիններից կամ հայրերից ու մայրերից թաքուն այլ կյանքով էին ապրում, նամակներ գրում, ժամադրություններ նշանակում:
Մի անգամ փոստատուն է գալիս երիտասարդ
մի դերասան՝ Շուբինը, որ իր տաղանդով ու արտաքինով
գրավել էր բոլոր կանանց: Նրա հետ ծանոթացել էին նաև Վասիլ Իվանիչն ու Յուլիան բարեկամներից
մեկի տանը, և նրանց մեջ բարեկամություն էր սկսել: Այդ օրը փոստատուն
գալով՝ երիտասարդը
խնդրել էր Վասիլ Իվանիչին, որ «a.b.c.» տառերով նամակ ստանալու դեպքում հանձնի իր ծառային: Այս մասին նա պատմել էր կնոջը, իսկ կինը անտարբեր էր ձևացել, նույնիսկ առաջարկել
կարդալ նրա նամակը: Ինքը մերժել էր, նույնիսկ մի փոքր վիճել էին: Ապա այդ թեմայով ամուսինները այլևս չէին խոսում: Բայց սույն նամակները շարունակում
էին գալ փոստատուն շաբաթը երկու-երեք անգամ: Մի օր Յուլիան հայտնել էր ամուսնուն, որ գնում է քեռու տուն, որն ապրում էր քաղաքի հեռավոր մի արվարձանում և որի հետ ինքը խռով էր: Վասիլ Իվանիչը մենակ չմնալու համար, որոշել էր օրն անցկացնել
ընկերոջ հետ և գնալ քաղաքից դուրս, այգիներից մեկում հանգստանալու: Նամակները
զատելու ժամանակ դարձյալ տեսել էր «a.b.c.» տառերով նամակ, դրել էր ծոցը, որպեսզի Շուբինի տան մոտով անցնելիս տար նրան, սակայն մոռացել էր: Ընկերոջ հետ լավ քեֆ էին արել, մեկ էլ հանկարծ ձեռքը տարել էր ծոցը ու նամակը հանել: Ընկերը, իմանալով որ դա «ցպահանջ» նամակ է, խլել էր այն իր ձեռքից ու բացել կատակելու
համար: Սակայն նամակը առաջինը կարդացել էր ինքը ու տեղում քարացել: Նամակը դերասանին
գրել էր իր կինը և ժամադրել էր նրան՝ խաբելով ամուսնուն,
թե քեռու մոտ է գնում: Նա, թողնելով ընկերոջն այգում, քայլելով հասել էր քաղաք, գնացել ժամադրության վայրը և տեսել կնոջն ու դերասանին: Կինը ճիչ էր արձակել, իսկ ինքը ոչինչ չասելով հեռացել էր: Երկու օր քաղաքում թափառելուց հետո վերադարձել էր տուն և տեսել, որ այնտեղ մարդիկ են հավաքվել: Պարզվել էր, որ Յուլիան մի քանի ժամ առաջ մահացել էր՝ թունավորելով իրեն կարբոլյան թթվուտով…
Այսպիսով այդ բոլոր դժբախտության
պատճառը մի գաղտնիք քրքրելն էր ու մի ճշմարտություն
իմանալը:
Մուրացան | Ց՝պահանջ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 22, 2016
Rating:
