
Ցեղին սիրտը ժողովածուն (1909) ունի Խորենացուց վերցված «Ընդ
եղեգան փող բոց ելաներ» բնաբանը: Դա հայրենասիրության բոցն էր, որ պետք է բոցավառվեր
առաջին իսկ «Ձոն» բանաստեղծության մեջ, որն այլ կերպ կարող է հնչել գովք կամ ներբող:
Հաջորդում է գրքի «Նախերգանքը» («Նեմեսիս»), այնուհետև երեք շարքերն են՝ «Բագինի վրա»,
«Կրկեսին մեջ», «Դյուցազնավեպեր»:
Նեմեսիսը հունական դիցաբանության մեջ եղել է վրեժի աստվածուհին,
և ահա դարեր տևած ստրկության ցավից բանաստեղծը վրեժի է կոչում ժողովրդին, ուզում է
արթանացնել պարտությունից հուսահատ նրա հոգին և մղել հաղթանակների: Քերթողը կերտում
է Նեմեսիսի արձանը և քանդակում մարդկանց հոգիների մեջ:
«Բագինին վրա» շարքը շարունակում է հայրենասիրական շունչը:
Բագին նշանակում է հեթանոսական զոհասեղան (նաև հեթանոսական մեհյան): Որպես նվիրում
բագինի վրա է դրվում անմնացորդ սերը հայրենիքի հանդեպ: Շարքը բացվում է «Հայրենիքի
ոգին» քերթվածով: Որպես հերոսական անցյալի փլատակված մնացորդ՝ հաջորդում է Անիի ավերակների
պատկերը, որի տեր ու տիրականը օձերն են միայն: Ավերակված մայրաքաղաքի պես այժմ էլ մարել
են շեն ու լի օջախները, մայրը նամակ է գրում որդուն՝ կարոտի նամակ, և ապսպրում.
Եկո՛ւր, որդյա՛կ, հայրենի տունդ շենցուր.
Դուռն են կոտրեր, մառաններն ողջ դատարկեր.
Կը մըտնեն ներս լուսամուտեն ջարդուփշուր
Գարնան ամբողջ ծիծառներ:
Այս շարքում Վարուժանը զետեղել է նաև «Ջարդ» քերթվածը, որի
մեջ պատկերվում են 1894-1896 թթ. ջարդերը: Գրվել է 1906-ին՝ համիդյան ջարդերի 10-րդ
տարելիցի առթիվ: Հաջորդում է «Կիլիկյան մոխիրներում» բանաստեղծությունը՝ արդեն աչքի
առջև ունենալով Ադանայի կոտորածները… Կյանքի ու սիրո երգը երգելու համար ծնված բանաստեղծն
ակամա դառնում է հոգեհանգստի մասնակից և թաղման հուղարկավոր.
Պետք է կերտեմ շիրիմներ», հուշարձանները կանգնեմ,
Եվ մարմարին վրա երգերս տապանագիր քանդակեմ»:
«Կրկեսին մեջ» շարքում
շարունակվում է հայրենիքի նույն գերխնդիրը: Հիշատակելի են «Կռվի երթ», «Հայկակներում
օրորանը», «Հայրենի լեռներ», «Վահագն», «Վիրավորը» գործերը: Պոեմները Վարուժանը բնորոշել
է որպես դյուցազնավեպեր: Դրանք երեքն են՝ «Հովիկը», «Արմենուհին», «Եիկիտ Տոնել», որոնց
մեջ փառաբանվում է հայ հովիվը («…որ պապս էր թիկնեղ»), հայ գեղեցկուհին, քաջարի Տոնելը
(եիկիտ թուրքերեն է, նշանակում է՝ իգիթ, քաջ, իսկ Տոնելը Դանիել անվան փաղաքշական ձևն
է. այդ անունն է ունեցել Վարուժանի մոր պապը): Երեքն էլ պատմողական հերոսական գործեր
են, ունեն գործողություն և սյուժե: Դյուցազնավեպ բնորոշումը միանգամայն տեղին է:
Տես նաև Հարճը
Դանիել Վարուժան | Ցեղին սիրտը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 09, 2017
Rating:
